Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ «ՄՈՒՇՏԱՐԻ» ԵՆ ՃԱՐԵԼ

Հունիս 27,2006 00:00

Բնապահպանության
նախարարությունը մտադիր է «բռնագրավել» «Գլոբալ գոլդի» ներդրումները Ոսկու
հանքարդյունահանմամբ զբաղվող ամերիկյան «Գլոբալ գոլդ Մայնինգ» ընկերության եւ բնապահպանության
նախարարության կամ ընդհանրապես մեր կառավարության միջեւ ոչ մի խնդիր չկա՝ օրերս հավաստիացնում
էր ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը՝ հավանաբար ինքն էլ
չհավատալով իր խոսքերին: Իրականում նախարարության ու «Գլոբալ գոլդի» միջեւ, մեղմ
ասած՝ լուրջ տարաձայնություններ կան, որոնք նույնիսկ հնարավոր է քաղաքականացվեն այն
աստիճան, որ ԱՄՆ-ի կառավարությունը հայկական կողմին մեղադրանք ներկայացնի՝ իր քաղաքացու
իրավունքները Հայաստանում ոտնահարելու, նրա կատարած ներդրումներին տիրանալու ձգտումների
մեջ: Առայժմ վեճն այնքան չի թեժացել, որ բանը հասնի դրան, բայց ամերիկյան ընկերության
տնօրենը, մեջբերելով ԱՄՆ-ի մի շարք օրենքներ՝ այդ մասին արդեն որոշակի ակնարկներ
է անում. «Եթե նախարարությունը դատարանի կամ այլ միջոցներով ժամկետից շուտ մեզնից
վերցնի լիցենզիան՝ չնայած ոչ մի խախտում չի եղել, բոլոր վճարումները ոչ թե կատարվել,
այլ կանխավճարվել են, եւ ուզենա լիցենզիան փոխանցել այլ կազմակերպության, ուրեմն
դա բռնագրավման ամենահստակ սահմանումն է: Ես չեմ կարծում որ դեպքը այդպիսին է, հուսով
եմ, որ «Գլոբալ գոլդի» ներդրումները չեն բռնագրավվի, որովհետեւ ինձ թվում է՝ դա արդեն
լուրջ պատասխանատվություն է»,- շաբաթ օրը Մարջանի ոսկու հանքավայրում Տնտեսական լրագրողների
ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ բնապահպանության նախարարության ընդերքի պահպանության
վարչության պետ Հրանտ Ավետիսյանի «մեղադրանքներին» այսպես պատասխանեց Ա. Պողոսյանը:
Բանն այն է, որ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մեկուկես ամիս առաջ
«Գլոբալ գոլդին» արդեն զրկել է մեր ոսկու հանքավայրերում ուսումնասիրություններ կատարելու
լիցենզիայից, այդ մասին նույնիսկ նամակ է ուղարկվել պարոն Պողոսյանին՝ տեղեկացնելով,
որ. «նախագծով սահմանված աշխատանքները չկատարելու համար դուք լիցենզիայից զրկվում
եք»: Բայց «Գլոբալ գոլդը» նախարարի նամակը, այսպես ասած՝ բանի տեղ չի դրել, քանի
որ, ըստ Աշոտ Պողոսյանի, նախարարությունը նախ պիտի իրենց 90 օր առաջ դրա մասին տեղեկացներ,
նշեր, թե ինչ խախտումներ են թույլ տվել ու եթե 3 ամսվա ընթացքում սխալները չվերացնեին՝
նոր կարող էր զրկել. «Լիցենզիայից զրկելը դա գործընթաց է, որը նախարարությունը չի
անցել եւ առայժմ դա անել չի կարող, այդ գրությունը ոչ մի իրավական ուժ չունի: Պատկերացրեք՝
եթե ինչ-որ մեկը ձեզ տվել է ծննդական, մեկ էլ այդ տվողը ձեզ նամակ է գրում, ասում
է՝ ձեր ծննդականը չեղյալ է համարվել, այսինքն՝ դուք էլ գոյություն չունեք»: Թեեւ
«Գլոբալ գոլդը» չի ուզում իր «աչքերին հավատալ», որ իրենք այլեւս լիցենզիա չունեն,
նախարարությունը գործնականում ոչ միայն նրանց զրկել է արտոնագրից, այլեւ նույնիսկ
նոր ու ավելի թափով «մուշտարիներ» է ճարել, ինչը հաստատեց նաեւ Հ. Ավետիսյանը: Ավելին՝
նախարարությունն այս օրերին արդեն քննարկում է «Գլոբալ գոլդի» բիզնեսին աչք դրած
հայտատուների՝ անգլիական, ռուսական, ավստրալական ու տեղական ընկերությունների ներկայացրած
առաջարկն ու չի բացառվում, որ շատ շուտով հայտնի դառնա նոր լիցենզառուի անունը: Պատահական
չէ այն, որ Մարջանի հանքի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, որովհետեւ նախնական
գնահատականներով՝ այնտեղ ավելի քան 17,8 տոննա ոսկի կա: Այսինքն՝ Մարջանի հանքը բավականին
յուղոտ պատառ է, ու բնական է, որ նախարարությունը «Գլոբալ գոլդի» ամենաթեթեւ սխալն
էլ որպես առիթ կօգտագործեր՝ նրան այդ պատառից հեռու տանելու համար: Իսկ նման առիթ
ընկերությունն իսկապես տվել է. նախարարությունը 2002-ից 5 տարի ժամկետով լիցենզիա
է տվել՝ հանքում ուսումնասիրություններ կատարելու, 600 հորատանցք բացելու, փորվածքները
վերականգնելու պայմանով, բայց մինչ օրս ոչ մի գործ հանքում չի արել, թեեւ ընկերությունը
հավաստիացնում է, որ 6.5 մլն դոլարի ներդրում է արել: Մենք եղանք հանքում, առ երեւույթ,
համենայնդեպս, ոչ մի աշխատանք չէր ընթանում: Ուստի նախարարությունն էլ, բռնելով ընկերության
թույլ տեղից, 4 տարվա ընթացքում ոչինչ չանելու պատճառաբանությամբ ժամկետից շուտ դադարեցրել
է լիցենզիան: «Գլոբալ գոլդի» տնօրինությունը վստահեցնում է, որ մինչեւ այս տարվա
վերջ իրենք կհասցնեն 600 հորատանցք բացել, բայց ըստ նախարարության՝ դա ռեալ չէ: Եթե
«Գլոբալ գոլդը» իսկապես զրկվի արտոնագրից, դա այնքան էլ ծանր հարված չի լինի ամերիկյան
ընկերության համար, քանի որ նրանք բաժնետոմսերը գնել են ծիծաղելի գումարով՝ 15 հազար
դոլարով, որով հիմա Երեւանում մեկ սենյականոց բնակարան էլ չես գնի: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել