Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարացում՝ գիտաժողովի միջոցով

Հուլիս 06,2006 00:00

Օրերս «Երիտակ» հ/կ-ն կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված Հայաստանում դեմոկրատիայի եւ ազգայնականության փոխհարաբերություններին:

Կազմակերպիչները աներկբա հավաստեցին, որ նման խորագրով եւ ընդգրկումով կոնֆերանս մեր իրականության մեջ առաջին անգամ է լինում: Գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել ոչ միայն հայ երիտասարդներ, այլեւ եվրոպական մի շարք երկրներից հրավիրված անձինք, ովքեր շահագրգիռ են Հայաստանի դեմոկրատացման գործընթացով: Կազմակերպիչները միանգամայն բացառեցին գիտաժողովի քաղաքականացված եւ ինչ-որ մեկից թելադրված լինելը, ուղղակի տարածաշրջանի մյուս երկրները՝ Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց նման միջոցառումներ արդեն անց են կացրել: «Երիտակի» համանախագահ Ալեքսանդր Հակոբյանի վկայմամբ՝ «գիտաժողովի նպատակն է ցույց տալ՝ արդյո՞ք մեր ազգային մտածողությունը համատեղելի է ժողովրդավարության հետ»: «Երիտակի» համանախագահը վստահ է, որ Հայաստանում առաջիկա տասը տարիների ընթացքում ժողովրդավարությունը ծաղկելու է: «Առավոտի» այն դիտարկմանը, թե այդ ծաղկունքը այդքան էլ դյուրին գործ չէ, քանի որ մեր երկրում գոյություն ունեն բազմաթիվ հակադիր բեւեռներ, ինչպես, օրինակ, խամերատեր-հետիոտներ, օլիգարխներ-բոմժեր, էլիտար շենքեր-քանդվող հյուղակներ, օրենքի բացահայտ խախտումներ եւ թաքուն ապօրինություններ, «Երիտակի» ներկայացուցիչները հրաժարվեցին միանշանակ արտահայտել իրենց վերաբերմունքը:

Սակայն երիտասարդները կարեւորեցին իրենց նախաձեռնությունը, որը, ինչպես վկայեց «Երիտակի» մյուս համանախագահը՝ Հովհաննես Գրիգորյանը, «կոչված է բարձրացնել Հայաստանի վարկանիշը միջազգային երիտասարդական կոնֆերանսներում»: Ըստ Հովհաննես Գրիգորյանի, «շատ լավ է, որ դեմոկրատիան Հայաստանում հանգուցալուծված չէ, մենք ապրում ենք անցումային շրջանում, հետեւաբար հասարակությունը դեռ պատրաստ չէ դեմոկրատական արժեքների ներքո ապրելու: Այս միջոցառումները խրախուսում են կարծիքների ազատ արտահայտմանը, որը նպաստում է ինչ-որ չափով ժողովրդավարության տարածմանը»:

Գիտաժողովին իր մասնակցությունն էր բերել նաեւ Շավարշ Քոչարյանը, որը հետեւյալ կերպ բնորոշեց միջոցառման միտումը. «Պետք է գալ մեկ ընդհանուր ուղու, որի գաղափարը պետք է լինի մարդու արժանիքները»: «Առավոտի» այն հարցին, թե Հայաստանը ինչո՞ւ ժողովրդավարական երկիր չէ, պարոն Քոչարյանը պատասխանեց հստակ ու որոշակի. «Մեր երկրի ոչ ժողովրդավար լինելու պատճառը ավտորիտարիզմն է»:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել