Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ» Է ՆԱԵՎ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Օգոստոս 08,2006 00:00

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն «ապուշություն» է անվանում փոփոխություններում «քաղաքական ենթատեքստ» տեսնելը:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն «Առավոտին» տված հարցազրույցում բացահայտել էր, թե այժմ խորհրդարանում ընթանում են կառուցվածքային եւ կադրային վերադասավորումներ, որոնք նա նաեւ բնորոշել էր իբրեւ պետական ծառայողների «ջարդ»։ «Պարոն Շահգելդյանը նախորդ օրը զանգահարել էր, եւ ես իրեն բացատրել էի: Եվ ինձ համար շատ ցավալի է, որ ԱԺ պատգամավորներից մեկը լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է խորհրդարանում,- նախ այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մեր հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են իրականացվում խորհրդարանում:- Ընդհանրապես՝ անհեթեթություն է այդ «ջարդ» ասածը: Նաեւ հիշեցնեմ, որ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ես առանձնացրել եմ 3 կարեւոր հարցեր, որոնցով պիտի զբաղվեմ մեկ տարվա գործունեության ընթացքում, եւ դրանցից մեկն ԱԺ աշխատակազմի արդյունավետության մեծացումն է: Ընտրությունից 3 օր հետո էլ, երբ հանդիպել եմ ԱԺ աշխատակազմի հետ, խոսել եմ այդ հարցի մասին: Անհրաժեշտ է, որ «Պետական ծառայության մասին» օրենքը լիարժեքորեն գործի խորհրդարանում: ԱԺ աշխատակազմը պիտի ունենա հստակ եւ հասկանալի կառուցվածք: Եվ ցավոք, այն կառուցվածքը, որն ինձ ներկայացվել է ԱԺ նախագահ ընտրվելուց հետո՝ բացարձակապե՛ս չի համապատասխանում այդ մոտեցումներին: Ավելի՛ն: Մի շարք հանդիպումներ ունենալով վարչությունների պետերի, տարբեր բաժինների ղեկավարների հետ՝ ի վերջո բացահայտվեց, որ կան մի քանի կառույցներ, որոնք որեւէ ուղղակի կապ չունեն ԱԺ գործունեության հետ: Եվ ԱԺ աշխատակազմի կառուցվածքն օպտիմալացնելու նպատակով լուծարվել են մի քանի կառույցներ՝ տարածքային քաղաքականության վերլուծության վարչությունը, իրավաբանական ծառայությունը եւ սոցիալական հիմնախնդիրների հետազոտման վարչությունը: Ես հանդիպել եմ նաեւ այն մարդկանց, ովքեր աշխատում էին այդ կառույցներում, եւ իրենց ներկայացրել պատճառները, թե ինչու է ծագել նման խնդիր: Ցավոք, այդ կառույցների ղեկավարները չունեին որեւէ հիմնավորում, թե ինչու պիտի այդ մարմինները շարունակեն գործել ԱԺ աշխատակազմում»:

Նշենք, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո՝ հունիսին հրավիրված ասուլիսում Տիգրան Թորոսյանը քննադատել էր նաեւ Արթուր Բաղդասարյանի ստեղծած՝ ԱԺ նախագահին կից գործող խորհուրդների գործունեությունը. «Որքան գիտեմ՝ վերջին ամիսներին խորհուրդների նիստեր չեն կայացել: Կարծում եմ՝ կյանքը ցույց տվեց, որ դրանք առանձնապես արդյունավետ չեն խորհրդարանի աշխատանքի համար»:

Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ այժմ ՕԵԿ ներկայացուցիչները տարակուսելի համարեցին, որ 3 տարի աշխատելով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ՝ իբրեւ նրա տեղակալ, Տիգրան Թորոսյանը որեւէ կերպ չի արտահայտել իր դժգոհությունն այս «անարդյունավետ» մարմինների կապակցությամբ: «Հարցադրում անողին խորհուրդ կտամ եւս մեկ անգամ կարդալ ԱԺ կանոնակարգը,- այս մասին հիշեցմանն ի պատասխան ասաց պրն Թորոսյանը:- ԱԺ փոխնախագահի համար սահմանված չեն նման լիազորություններ: Աշխատակազմի հետ կապված բոլոր լիազորություններն ԱԺ նախագահինն են: Եվ իմ լիազորություններից դուրս գտնվող հարցերի առնչությամբ (սա միայն ԱԺ նախագահի հետ չի կապված), եթե մարդիկ ինձնից երբեւէ խորհուրդ են հարցրել՝ սիրով ասել եմ իմ կարծիքը, իսկ եթե ոչ՝ որեւէ մեկին չեմ ներկայացրել իմ խորհուրդները: Սա իմ սկզբունքն է. եթե խորհուրդ կհարցնեն լիազորություններիցս դուրս գտնվող հարցերի շուրջ՝ ասա՛ քո կարծիքը, իսկ եթե չեն հարցնի՝ ուրեմն, պետք չէ, որ քո կարծիքը փաթաթես մարդկանց վզին»:

ՕԵԿ տեսակետն արտահայտելու լիազորություն ունեցող Մհեր Շահգելդյանը զուգահեռներ էր տարել այժմ խորհրդարանում եւ պետական կառավարման համակարգում կատարվողի միջեւ՝ բնորոշելով այս ամենն իբրեւ երկակի չափանիշների կիրառում. «Այսօր վարչական համակարգի տարբեր օղակներում ընթանում է պարտադիր հանրապետականացում։ ԱԺ վարչությունները լուծարելով, ԱԺ նախագահին կից գործող հասարակական խորհուրդներն ըստ էության վերացնելով եւ միջազգային միջոցառումները ձգձգելով՝ հնարավոր չէ ապահովել ԱԺ գործունեության շարունակականությունը եւ զարգացումը։ Այդպիսով՝ խաթարվում է ԱԺ աշխատակազմի եւ արտաքին հարաբերությունների զարգացումը, որը 2003-ից այս կողմ մեծ աճ էր արձանագրել»։

ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նախընտրեց չանդրադառնալ հարցադրման առաջին մասին՝ պետական այլ կառույցների պարտադիր հանրապետականացման վերաբերյալ. «Հարկ չեմ համարում, քանի որ դա բացարձակապե՛ս կապ չունի ԱԺ-ի հետ: Եվ եթե պրն Շահգելդյանը հարցադրումներ ունի, ապա դրանք պիտի ուղղի համապատասխան հասցեներով: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում կատարվողին՝ կարծում եմ, պատկերացումները բացարձա՛կ չեն համապատասխանում իրողություններին: Ճիշտ հակառակ նպատակով են արվում այս փոփոխությունները: Եվ վստահ եմ՝ կյանքը կապացուցի, որ ոչ թե բնականոն գործունեության շարունակականությունն է խաթարվելու, այլ ճիշտ հակառակը՝ էապես մեծանալու է ԱԺ աշխատակազմի արդյունավետությունը: Քանի որ երբ կան կառույցներ, որոնք չեն զբաղվում խորհրդարանի գործունեության հետ կապված հարցերով, ապա պարզ է, թե դրանք ինչո՛վ են զբաղվում եւ ինչպիսի՛ մթնոլորտ է ստեղծվում»:

Տիգրան Թորոսյանը հրաժարվեց որոշակիացնել իր վերջին դիտարկումը՝ նկատելով, թե յուրաքանչյուր ոք կարող է անել իր հետեւությունները. «Սա շատ հեշտ խնդիր է, եւ հատուկ մեկնաբանությունների կարիք չկա»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել