Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԵԿԻՑ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՄ»

Օգոստոս 11,2006 00:00

Ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը:

– Այդ դեպքում ձեր վաստակի ու համբավի տեր մարդը ի՞նչ պետք ուներ կուսակցական դառնալ:

– Արդեն 80 տարեկան եմ: Տարբեր-տարբեր կուսակցություններ են ստեղծվել, բայց երբեք մտքովս չի անցել որեւէ կուսակցության մեջ մտնել: Ես Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահն եմ, ունեմ 50 պարի խմբի ղեկավար, ապահոված ընտանիք, հարգանք, պատիվ…Իսկ «Բարգավաճ Հայաստանը» հետաքրքրեց եւ ուզեցի խաղի մեջ մտնել…Էդ 2 անուն ունեցողը՝ Հակոբ Մովսեսը չնայած ասել է, թե մի 2 կոպեկ ձեռք բերելու համար եմ գնացել «Բարգավաճ Հայաստան», բայց նորից եմ կրկնում՝ ես ոչ մի բանի կարիք չունեմ: Եթե Խանամիրյան Վանուշը այդպիսին լիներ, վաղուց էնպիսի՜ բաներ կաներ, մանավանդ բոլոր կուսակցությունների նախագահները իմ փառավոր ընկերներն են: Ես նրանց դուռը չեմ թակել, ընդհակառակը՝ իրենք են միշտ ինձ դիմել… 80 տարեկան հասակիս ամոթ չի՞ գնամ 50 տարեկան Ծառուկյանին ձեռքս մեկնեմ, ասեմ՝ փող տո՞ւր: Նրա կուսակցությունում իմ պաշտելի ընկերներն են՝ Ալբերտ Ազարյանը, Սուրեն Գյանջումյանը ու էլի շատ անունով մարդիկ, դրա համար գնացի…

– Կյանքը ցույց է տալիս, որ այս կամ այն պատճառով կուսակցական դարձած արվեստագետների վարկանիշերն ի վերջո ընկնում են, նման մտավախություն չունե՞ք:

– Ես դրա մասին չեմ մտածում: Անհամեստություն չթվա՝ իմ արվեստով ես իմ գործը այսպես թե այնպես անում եմ, ով իմ կարիքը կզգա, կփորձեմ օգտակար լինել: Զարմանում եմ, որ այդ կուսակցությունում էլի արվեստագետներ կան, բայց Հակոբ Մովսեսը կրակում է հենց Վանուշ Խանամիրյանի վրա, որովհետեւ ինձ հետ հարցեր ունի դեռ 90-ականներից: Վանուշ Խանամիրյանին բոլորը գիտեն: Մինչեւ սբ. Սարգիս եկեղեցու մոտ գտնվող իմ տնից աշխատանքի եմ գալիս՝ 1000 մարդ է բարեւում, անցորդներն ինձ ճանաչում են, իսկ իրեն (Հակոբ Մովսեսին) դեմքով ճանաչող կա՞:

– Հետաքրքիր է՝ դո՞ւք եք կոչ արել, որ ձեր ղեկավարած միության 12-13 անդամները գնան «Բարգավաճ Հայաստան»:

– Ես բացեիբաց հայտարարում եմ՝ երբեք ոչ մեկին կոչ չեմ անում անդամագրվել կուսակցությանը, բոլորն իրենց նախաձեռնությամբ են գնում: Չեմ խառնվում նրանց գործերին: Ցավոք, պետությունը շատ հարցեր աչքաթող է անում, ես էլ հույս ունեմ այս կուսակցության մեջ մի փոքրիկ անկյուն ստեղծել՝ մշակութային հարցերով զբաղվող: Թե՞ միայն մեր միության շրջանակներում ենք պարարվեստի հարցերը բարձրացնում: Ի՞նչ է, մշակույթի նախարարության չափ չկամ, որ գան հարցնեն՝ Վարպետ, արժի՞ այս խումբը Հայաստանը ներկայացնի դրսում, թե՝ ոչ: Այսօր խայտառակ վիճակ է՝ ով ինչ ուզում՝ պարում է, ուր ուզում՝ գնում է, բայց ոչ մի պետական վերաբերմունք:

– Գործում է ՀՀ նախագահին կից մշակույթի խորհուրդ, նույնպիսի մի կառույց՝ մշակույթի նախարարությունում, ինչո՞ւ ընդգրկված չեք դրանց կազմում:

– Ոչ մի տեղ չկամ: Իմ տեղն ո՞վ է իմանում…Ազատ շուկա է՝ ով ինչ ուզում՝ անում է:

– Ամեն անգամ, երբ մշակույթի նախարար է փոխվում, նորանշանակը հրավիրում է մշակույթի անվանի գործիչներին՝ դաշտում եղած խնդիրներին ծանոթանալու: Ձեզ այդ նպատակով երբեւէ հրավիրե՞լ են նախարարություն:

– Նոր նախարարը, ում շատ եմ հարգում, դեռ չի կանչել՝ գուցե հոգսերը շատ են: Բայց Գեւորգ Գեւորգյանը նշանակումից 10 օր չանցած ինձ հրավիրեց նախարարություն, խորհուրդներ հարցրեց: Ապշել էի, իմ ողջ կյանքում նման բան չէր եղել:

– Կարեն Գեւորգյանի ղեկավարած պարարվեստի միության հետ ձեր միության հարաբերություններն այժմ ինչպիսի՞ն են:

– Խայտառակ, չեմ ուզում անունները լսել ու նրանց մասին խոսել: Իբր պարարվեստի գործիչներ են՝ պորտմանով, բանով, փողկապով, կոստյումով՝ էս ամառվա շոգին՝ չգիտեմ էլ ինչով են զբաղված…Կարենը միակ դհոլչին էր, որ պարախմբի ղեկավար դարձավ…Իսկ մենք գլուխներս կախ մեր գործն ենք անում, գնում ենք մարզեր, սեմինարներ անցկացնում տեղի պարարվեստի մասնագետների հետ, բայց այդ մասին բարձրաձայն չենք ասում, հեռուստատեսությամբ էլ հաղորդում չունենք՝ ինչպես Գեւորգյանը, որ չեղած տեղը ինքնագովազդով զբաղվենք ու 20 տարվա վաղեմությամբ կադրեր ցույց տանք:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել