Լրահոս
Օրվա լրահոսը

12-ամյա ուսուցումը խփում է մանկապարտեզի գործին

Սեպտեմբեր 09,2006 00:00

\"\"Դպրոցը պատրաստ չէ ընդունել փոքրիկներին

Աշտարակ քաղաքի «Արեւիկ» մսուր-մանկապարտեզի շենքը շուրջ 40 տարի է, ինչ հիմնանորգման չի ենթարկվել, որի կարիքը այսօր խիստ զգացվում է։ Ըստ մանկապարտեզի տնօրեն Զաբելա Խոեցյանի, շենքի մասնակի վերանորոգումներ, իհարկե, եղել են։ Տնօրենին առաջին հերթին անհանգստացնում է մանկապարտեզը կենտրոնական փողոցից եւ բնակելի շենքերից մեկուսացնող ցանկապատի ոչ բարվոք վիճակը. «Դայակները հսկում են, որ երեխաները փողոց դուրս չգան, բայց մեր հարեւանությամբ բնակվողներին չենք կարողանում հասկացնել, որ մանկապարտեզը տարանցիկ ճանապարհ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Զ. Խոեցյանը։ Խնդիրն այն է, որ շենքի բնակիչներն իրենց կոշիկներն ափսոսալով՝ մի երկու մետր ավելի չեն քայլում, փոխարենը՝ ցանկապատի ճաղերը պոկելով փողոց դուրս գալու համար «քյասար» ճանապարհ են բացել հենց մանկապարտեզի տարածքով՝ իրենց անցուդարձով անընդհատ գրավելով երեխաների ուշադրությունը։

Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ մանկապարտեզը չունի փափուկ խաղալիքներ, խիստ մաշված է փափուկ կահույքը, իսկ ավագների խմբում էլ 5 մահճակալ պակասում է։ Սակայն պարզվում է, դա խնդիր չի ստեղծում. բարեբախտաբար, կան երեխաներ, ովքեր քնել չեն սիրում: «Երեխայի իրավունքն է, եթե չի ուզում քնել, ինչպե՞ս ստիպես, որ քնի, միեւնույն է, եթե պառկեց էլ՝ չի քնի ու մյուսներին էլ կխանգարի, փոխարենը չքնող երեխաները նկարում են կամ այլ բանով զբաղվում»,- ասում է տիկին Խոեցյանը։ Թերեւս այս մոտեցմամբ էլ կարելի է լուծված համարել մահճակալների խնդիրը ու եթե մի օր էլ երեխաները որոշեն քնել՝ ստիպված կլինեն խցկվել իրենց ընկերների ոտքերի տակ։

Անցումը 12-ամյա կրթությանը, խփում է նաեւ մանկապարտեզների գործին։ Միայն այս մանկապարտեզից այս տարի 5,8 եւ բարձր տարիքի շուրջ 65 երեխա է դպրոց գնացել։ Ըստ Զ. Խոեցյանի, այս տարիքի երեխաների համար դպրոցը պետք է ունենա մահճակալներ, խաղալիքների առանձին սենյակներ. «Շատ սխալ է այդ տարիքի երեխային դպրոց ուղարկելը, երեխան ինքը պետք է գիտակցի, որ դպրոց է գնում, այլ ոչ թե իրեն տանում են։ Շատ ծնողներ երեխաներին պայմանով են տանում, ասում են, եթե դպրոցում մնաց՝ թող գնա, եթե ոչ՝ ետ ենք բերելու»։ Տնօրենի կարծիքով, շատ ավելի լավ կլիներ երեխաներին դպրոց տանելու փոխարեն, այնտեղից մանկավարժին մանկապարտեզ հրավիրեին։ Ոչ միայն այս, այլեւ մի շարք մանկապարտեզների դայակներ, դաստիարակներ, բուժքույրեր էլ դժգոհեցին, որ իրենց կոլեգաները պոլիկլինիկաներում, դպրոցներում կրկնակի, նույնիսկ եռակի աշխատավարձ են ստանում, իսկ իրենց «գրոշներ» է բաժին ընկնում։ Այս մանկապարտեզում մեկ դրույքաչափով աշխատող դայակը ստանում է 20 հազար, դաստիարակը՝ 30 հազար, բուժքույրը՝ 16 հազար դրամ աշխատավարձ։ Մանկապարտեզի մանկավարժ Վարդիթեր Շահազիզյանի տեղեկացմամբ, մարզի եւ քաղաքի միջեւ տարբերությունը միշտ էլ ակնհայտ է եղել. «Բայց դրա համար հիմքեր չեմ տեսնում՝ մենք էլ ենք աշխատում, նրանք էլ՝ տարբերությունը ո՞րն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել