Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉԸ ԼԱՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԽԹԱՆ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 09,2006 00:00

\"\"Իսկ ծնողներն ամեն ինչ անում են «անհոգների ակումբում» իրենց երեխաներին ներգրավելու համար

Ակնհայտ է, որ նորից դպրոցական կրթության փոփոխությունների մասին ամբողջ խոսակցությունն ի վերջո հանգում է նույն հարցերին՝ ով ստուգի, ով ստուգողին նշանակի, ով կազմի ստուգումների բովանդակությունը (հարցարաններ, առաջադրանքներ, թեստեր), որտեղ անցկացվեն ստուգումները, քանի անգամ, քանի առարկայից: Հակառակ դեպքում, կրթության նոր կազմակերպման համապարփակ գործը թողած, չէինք մտասեւեռվի միջնակարգ կրթության վկայականի ստացման համար թող որ միասնական ու կենտրոնացված, բայց ստուգումների անցկացման խնդրի վրա: Խնդրեմ, արդեն ստեղծված թեստավորման հանրապետական կենտրոնն սկսում է հանդես գալ որպես Տիրակալ ու Դեւ, իսկ 12-ամյա հանրակրթական դպրոցի առաջին դասարանների ընդունելության արդյունքներն ընդամենը նախասեպտեմբերյան 1-2 ասուլիսի, ԶԼՄ-ներով սեպտեմբերմեկյան անդրադարձի նյութ դարձան ու վերջ: Երեխաներ են, կմեծանան, ու ցավը կանցնի՞:

Նախ՝ ի՞նչ էին ստուգում առարկայական հանձնաժողովները Երեւանում, Գյումրիում, Վանաձորում՝ քննելով պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 13000 դիմորդներին: Ինչպես նախկինում՝ ընդունելության առարկայական ծրագրերով որոշված որոշակի գիտելիքներ կարճաժամկետ մտապահելու եւ հանձնաժողովի համար գրավոր կամ բանավոր վերարտադրելու դիմորդի (հանրակրթական դպրոցի շրջանավարտի) կարողությունը: Այդպիսի մտապահման համար ծնողը ստիպված ծախսել է զգալի գումարներ՝ ի լրացում դպրոցական կրթությանը: Տասնյակ տարիների փորձը հաստատում է, որ սովորական հանրակրթական դպրոցը (ֆորմալ կրթություն) առարկայական գիտելիքների այդպիսի ծավալի մտապահում եւ ստուգման պահանջներին համապատասխան վերարտադրում չի ապահովում. ահա ինչու ֆորմալ կրթության կողքին ծնողների հսկայական ներդրումների հաշվին պետական աջակցությամբ ստեղծվեց ոչ ֆորմալ՝ գիտելիքների կարճատեւ մտապահում ու վերարտադրում ապահովող համակարգը (ռեպետիտորական կամ կրկնուսույցի դպրոցների ցանցը)… Հանրակրթական դպրոցն այդ անհավասար պայքարում պիտի պարտվեր ու… հանձնվեց: Ասում եմ անհավասար, քանզի բազմակողմանի զարգացող անհատի կենդանի դպրոցի ստեղծումը կրթական համակարգից, հասարակությունից, պետական բոլոր մարմիններից ու պաշտոնյաներից համագործակցային անընդհատ ու երկարատեւ ստեղծագործ աշխատանք է պահանջում, իսկ, ա՛յ, 2-3 ռեպետիտորի 1 տարի վճարելն ու 1 տարի երեխային գիտելիքախեղդ անելը, մի քանի քննական շաբաթ ընտանիքով փողոցում անցկացնելը, համաձայնեք, կարճատեւ-միանվագ, գլխավորը՝ անհատական (ամեն մարդ իր գլխի ճարը տեսնում է) եւ մեխանիկական ջանքեր է պահանջում… Առանց դժվարության կարելի է ցույց տալ, որ անկախ պետականության շրջանում կրթության բարեփոխումների անվան ներքո կենդանի դպրոցը շարունակ զրկվել է կենսական ուժից, իսկ մտապահման (անգիրի) դպրոցը շարունակ զորացվել է…

Կրկնուսույցներն ամենուր են՝ մեր հարազատները… Նույն մարդիկ պարապում են դիմորդների հետ (ռեպետիտորական դպրոցի ներկայացուցիչներն են), կազմում են հանրակրթական դպրոցի եւ բուհի ընդունելության առարկայական ծրագրերը, ուսումնական ձեռնարկները, գնահատման չափորոշիչները, շտեմարանները, ձեւավորում ընդունելության քննությունների առարկայական եւ բողոքարկման հանձնաժողովները, հանդես գալիս որպես միջնորդներ, գնահատական տալիս դպրոցի աշխատանքին, մեղադրում, պատժում իրենց շահերը ոտնահարողներին, ԶԼՄ-ների միջոցով ձեւավորում հասարակական կարծիք…

1994-95թթ. իմ նախարարության շրջանում երեխայի դպրոցը նորոգվելու շանս ունեցավ, բայց ռեպետիտորական խավը (բուհերի ռեկտորներ, դասախոսներ, չինովնիկներ, անգիրի դպրոցով անցած մտավորականներ) ցույց տվեց, որ ինքը այնքան կազմակերպված է եւ զորեղ, որ շատ կարճ ժամանակում չեզոքացրեց վտանգի աղբյուրն ու վերականգնեց «ավերումի հետեւանքները»:

Գործող հանրակրթական դպրոցը անմեղսունակ է, ընդունելության քննությունների արդյունքների համար պատասխանատու չէ ո՛չ ծնողի (հասարակության), ո՛չ էլ պետության առաջ: Կրկնուսույցների կողմից հանրակրթական դպրոցին ներկայացվող մեղադրանքների թափը նկատելի պակասել է: Իսկ ինչի՞ մասին էին աղաղակում «ռեպետիտորները» անցած քննական ամառվա ընթացքում: Ռուսերեն առարկայի գրավոր քննությունների ցածր արդյունքի՞: Վայրենություն է օտար լեզվից սովորողի գիտելիքների ստուգումը թելադրության միջոցով, այդպիսի բան վաղուց չեն անում, պետք է ուղղակի ռուսերենի կրկնուսույցների պարագլուխներն ընդունեն, որ ռուսերենը հայաստանցի երեխայի համար վաղուց արդեն օտար լեզու է, ռուսերենից գիտելիքների ստուգումը համապատասխանեցվի անգլերենին եւ արդեն հաջորդ տարի արդյունքները նկատելի կբարձրանան, ավելի ցածր չեն լինի, քան անգլերեն լեզվինը: Համոզված եմ, ու այդպես էլ կլինի:

Ասում են՝ հայոց լեզվի ու անգլերենի գրավոր ստուգման (թեստերի) արդյունքները շատ են բարձր (ամաչում են, երեւի): Չեն ասում, թե հայոց լեզվի եւ անգլերենի այսպիսի իմացումը շահեկա՞ն է բուհում մասնագիտական ուսուցման տեսանկյունից: Բարդացնե՞լ առաջադրանքները, դարձնել այնպիսին, որ նախ՝ որեւէ շրջանավարտ առանց ռեպետիտորի չկարողանա ուսումը շարունակել, եւ հետո՝ ամեն շարքային ուսուցիչ չկարողանա մտնել իրենց բոստանը: Նորից են ասում (քանի՞ տարի), որ պատմությունից, աշխարհագրությունից 20 բալ ձգող չկա, եւ 17-19-ը ստացողների թիվը շատ ցածր է: Ախր, 5-8-րդ դասարանների պատմության դասագրքերի (ընդամենը՝ 1250 էջ) անգիր անելը, մտապահելը եւ նույնությամբ վերարտադրելը (այդպես են ստուգում) հատուկ համակարգ է ենթադրում, թե չէ այսպես՝ հոկտեմբերին սովորածը, մեկ է, փետրվարին մոռացվում է… Իսկ պատմություն առարկայի միջոցով երեխայի մտածողության զարգացումը եւ դրա գնահատումը ընդունելության խնդիր չէ:

Ասում են՝ ֆիզիկա առարկայից սովորողի գիտելիքները ցածր են: ֆիզիկայի՝ որպես քննական պատմողական, մտապահման ենթակա (8-10-րդ դասարանների դասագրքային 1430 էջ) առարկայի ստուգումն ինչո՞վ է տարբերվում պատմության առարկայական ստուգումից: Իսկ ֆիզիկան՝ որպես բնագիտական առարկա, ռեպետիտորական օբյեկտ չէ. երեխայի անկախ մտածողությունը միայն մտքի եւ ձեռքի անընդհատ խմբային ու անհատական փորձարարական աշխատանքի արդյունքում է մշակվում: Արդեն քանի՛ տարի լրագրության բաժնի դիմորդների «ստեղծագործական աշխատանքի» արդյունքներով ամաչեցնում են նրանց քննող դասախոսներին: Ազնիվ կլիներ, որ քննողներն իրենք լրագրողներ լինեին, այն էլ՝ հայտնի: Եվ, կրկնում եմ, անկախ մտածողության զարգացումը ռեպետիտորական ուսուցման օբյեկտ չէ, այն ենթադրում է առկա կենդանի դպրոցում երեխայի ամենօրյա մտավոր գործունեություն: Վերջապես՝ ի՞նչ կապ ունեն գրական արհեստական զեղումներ ենթադրող թեմաները լրագրության հետ: Ինչո՞ւ ապագա լրագրողներին ընտրում են իբր ստեղծագործական մրցույթով, իսկ ապագա գիտաշխատողների, ասենք՝ պատմաբանների, ֆիզիկոսների ընտրության համար դա անհրաժեշտ չէ: Հայոց լեզվի բանավոր ստուգումներից ավանդաբար ցածր արդյունքը նույնպես խոսում է այդ մասին՝ 4-8-րդ դասարանների դասագրքերում 820 էջ կազմող քերականական քննական նյութն անգիր չի արվում, իսկ լեզվական իրողությունների ինտելեկտուալ յուրացումը, ինչպես բնագիտական գործունեությունը, կենդանի դպրոց է ենթադրում, ինքնուրույն քերականական խնդիրներ լուծող երեխայի տարիների անընդհատ գործունեություն:

Ես պնդում եմ, որ ընդհանուր (ոչ մասնագիտական) բարձրագույն կրթության (պետական որակավորում՝ առանց աշխատուժի շուկայում դիպլոմով ամրագրված իրավունքի գործածման) համակարգը ոչ միայն արգելակում է (ավելորդ դարձնելու աստիճան) առկա հանրակրթական դպրոցի զարգացումը, այլեւ իր ձեւավորած անգիրի դպրոցի միջոցով, դիմորդների հաշվին իրականացնում է իր ձեւակերպած կրթական պատվերը: Կույր պետք է լինել չնկատելու համար, որ ստեղծվել է մի վիճակ, որ պետությունը պատկառելի միջոցներ է ծախսում պահելու համար մի դպրոց, որի ուսուցիչը լավ աշխատանքի խթաններ չունի, իսկ ծնողը պատրաստ է վճարել ում ասես, որ երեխան ավագ դասարաններում այդ դպրոց չհաճախի…

Այո, հիմար ժամանակներում ենք ապրում, սոցիալական կարիքների հաշվին ծնողները մեծ գումարներ են վճարում պետական կամ մասնավոր, հավատարմագրված կամ միայն լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմ ստանալու համար, զինծառայության տարկետման իրավունքի եւ ուսանողի սոցիալական կարգավիճակի՝ 17-22 տարեկանների «անհոգների ակումբում» իրենց երեխաներին ներգրավելու համար: Հայաստանյան շուկան այդպիսի դիպլոմավոր մարդկանց կարիքը վաղուց չունի, եւ մեր փրկությունն է, որ չի ունենալու:

Ես պնդում եմ, որ կրթության փոփոխությունները (համապարփակ ու արմատական) պետք է սկսել մասնագիտական կրթությունից:

Ես պնդում եմ, որ մենք՝ հասարակություն եւ պետական իշխանություն, ողջ կրթական համակարգը, ընտրության առաջ ենք, որ կրթության փոփոխության համապատասխան ուղի չընտրելու դեպքում սպիպված կլինենք կորցնել անկախ պետականության շրջանում կրթական փոփոխություններով ի վերջո ու այնքան թանկ գնով ստեղծված դրական արդյունքները: Կամք, խելք ու հետեւողականություն է պետք կրթական համակարգում հասարակական առաջընթացն ապահովող փոփոխություններ կատարելու համար: Եվ խիզախություն:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել