Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց բարձրագույն կրթությա՞ն

Սեպտեմբեր 09,2006 00:00

Օրերս «Առավոտին» դիմեցին Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Գյումրիի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ՝ հայտնելով, որ իրենց դասավանդում են դասախոսներ՝ առանց բարձրագույն կրթության:

Գյումրիի մասնաճյուղը բուհի առաջին ստորաբաժանումն է (ինստիտուտը մասնաճյուղեր ունի Վանաձորում եւ Գորիսում), որը հիմնադրվել է 1997-ին՝ նպատակ ունենալով հյուսիսային Հայաստանի եւ Ջավախքի երիտասարդությանն ապահովել թատերական կրթությամբ: Այն հասցրել է հատկապես Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին տալ շնորհալի շրջանավարտներ, որոնցից մի քանիսն էլ դարձել են նույն մասնաճյուղի դասախոսներ՝ իհարկե, չանցնելով ասպիրանտական ճանապարհ: Խմբագրությանը դիմած ուսանողների ներկայացմամբ՝ իրենց արդեն մի քանի տարի բեմական խոսք է դասավանդում Ռոբերտ Պապյանը, որն ընդամենը Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի շրջանավարտ է: «Կինոյի պատմություն», «Սցենարական գործ» առարկաներն է դասավանդում միջնակարգ կրթություն ունեցող Գառնիկ Սարգսյանը, որը ժամանակին հաճախել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ղեկավարած դասընթացներին:

Իսկ դերասանական-ռեժիսորական արվեստանոցներից մեկի ղեկավարն էլ դերասան Հովհաննես Հովհաննիսյանն է, այս պահին մասնաճյուղի ռեժիսորական ֆակուլտետի ուսանող: Մեզ հետ զրուցած ուսանողները հավաստիացրին, որ ժամանակին այս ամենի մասին իրենք տեղեկացրել են ԵԹԿՊԻ ռեկտոր Հրաչյա Գասպարյանին. «Սակայն նա հետեւողական չգտնվեց, փաստորեն «թույլատրելով», որ մասնաճյուղը վերածվի լիկկայանի»:

Պարզաբանում ստանալու ակնկալիքով հանդիպեցինք ԵԹԿՊԻ ռեկտոր, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի հետ: Վերջինս նախ տեղեկացրեց, որ իր ղեկավարած բուհի մասնաճյուղերում ուսման վճարը ցածր է. եթե Երեւանի նույն բուհի ռեժիսորական ֆակուլտետի ուսանողը տարեկան վճարում է 385 հազար դրամ վարձ, ապա մասնաճյուղերի նույն ֆակուլտետի ուսանողը՝ 220 հազար. «Իհարկե, պրոբլեմներ կան, բայց լացելու առիթ չկա: Պետք է ասեմ, որ այսօր մասնաճյուղերում ուսուցման պրոցեսը ավելի բարվոք է: Օրինակ՝ Գյումրիի մասնաճյուղում կուրսերում ընդգրկված է 4-5 ուսանող եւ բնական է, որ այս դեպքում դասախոսի աշխատանքը փոքրաթիվ կուրսի հետ կտա ցանկալի արդյունք: Մասնաճյուղերում յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում Երեւանի մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ անցկացվում են վարպետության դասեր: Անգամ տեխնիկայի հագեցվածությամբ՝ կոնկրետ Գյումրիի մասնաճյուղը լավ վիճակում է»: Ինչ վերաբերում է կոնկրետ վերը նշված «ցածրակարգ» դասախոսներին, ռեկտորը առանձնացրեց Ռոբերտ Պապյանին՝ ասելով. «Դեռ 80-ականներին տաղանդավոր արվեստագետը Գյումրիում ստեղծել է ալտերնատիվ տիկնիկային թատրոն: Նրա բեմադրած ներկայացումներն աչքի էին ընկնում պարզությամբ ու բարությամբ: Իսկ 90-ականների կեսերին ինքը՝ Պապյանը, մոտեցավ ինձ, հրավիրեց դիտել ներկայացումներից մեկը, որն ինձ հիացրեց: Դրան էլ հաջորդեց նրան բուհ հրավիրելը: Մենք պետք է փնտրենք, գտնենք նման արվեստագետների: Ինչ վերաբերում է սիրված դերասան Հովհաննես Հովհաննիսյանին, այո, նա դեռ ուսումնասիրում է ռեժիսուրայի գաղտնիքները, որում ես արտառոց ոչինչ չեմ տեսնում… Ի վերջո, թատերական ոլորտի ցանկացած մասնագետ առաջին հերթին պետք է օժտված լինի Աստծո շնորհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել