Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի զոհերից 88-ը՝ տղամարդիկ

Սեպտեմբեր 09,2006 00:00

Երեկ ներկայացվեցին ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ վերջերս իրականացված թրաֆիքինգի վերաբերյալ երկու ուսումնասիրությունների արդյունքները:

Դրանցից մեկը «Երեխաները հատուկ դպրոցներում եւ հատուկ հիմնարկներում. թրաֆիքինգի եւ շահագործման հավանական զոհեր» ուսումնասիրությունն է, որը պատրաստվել է Հայ օգնության միության կողմից, մյուսը իրականացվել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը նշեց, որ այսուհետ եւս կշարունակեն աջակցել Հայաստանի իշխանություններին եւ քաղաքացիական հասարակությանը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. «Հուսով եմ, որ այս զեկույցները վերջնականապես կստեղծեն մթնոլորտ, որտեղ թրաֆիքինգը որպես երեւույթ չի հանդուրժվի հասարակության կողմից»: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ուլիամ Դագլասը հիշեց, թե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ազգային զեկույցում նշել է, որ թրաֆիքինգը ժամանակակից ստրկության ձեւ է, որի համար հետագա սերունդներն իրենց չեն ների:

ՀՍԱ-ի անցկացրած այս ուսումնասիրությունների ժամանակ հարցումներ են կատարվել 2500 հայաստանցիների շրջանում, որոնցից 132-ը իրենց թրաֆիքինգի զոհ են համարում, նրանցից 44-ը կանայք են, 88-ը՝ տղամարդիկ: Ըստ ուսումնասիրությունների, նրանցից 94-ը՝ աշխատանքային, 23-ը՝ մարմնական, 7-ը՝ այլ կարգի շահագործման զոհեր են: Մնացածները չեն ցանկացել նշել, թե ինչ է կատարվել իրենց հետ արտերկրում: Նախագծի հեղինակ Գեւորգ Պողոսյանը նշեց, որ հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչքանով են մարդիկ տեղեկացված հիմնախնդրին, ովքեր են զոհերը եւ որոնք են այն երկրները, ուր ուղեւորվում են հայ միգրանտները: Այն հարցին, թե որոնք են հայերի համար շահագործված լինելու առումով ամենառիսկային երկրները, հարցվածները նշել են 30 երկիր, ամենից հաճախ՝ ՌԴ (52.9%), Թուրքիա (16.3%), ԱՄՆ (16.1%), Գերմանիա (11.5%), Լեհաստան (7.9%) եւ Հունաստան (7.1%): Սակայն պետությունների ցանկը փոխվում է, երբ խոսքը վերաբերում է սեքս ինդուստրիային՝ Թուրքիա (58.2%), ԱՄԷ (28.1%), ՌԴ (15.3%), Իրան (5.2%), Սիրիա (5.0%): Գ. Պողոսյանը նշեց, որ հարցվածների ընդամենը 1/3-ը ասել է, որ ունի բազմաթիվ ծանոթներ, որ ապօրինի ձեւով են արտերկրում աշխատանքի տեղավորվել: 261-ը ասել է, որ անձամբ է ճանաչում արտասահման ուղարկող միջնորդներին, իսկ 55-ը՝ որ օգտվել է նրանց ծառայություններից: Հարցվածների միայն 10%-ն է ասել, որ հնարավոր է օրինական ճանապարհով մեկնել Հայաստանից եւ ստանալ աշխատանք արտերկրում:

ՀՕՄ-ի վարչության ատենապետուհի Ալվարդ Պետրոսյանը նշեց, որ հարկ է մեծ ուշադրություն դարձնել նաեւ ներքին թրաֆիքինգին. «Սա մեզ համար մութ անտառ է: Մենք վերջապես մեր երեսպաշտությունը մի կողմ պետք է թողնենք եւ ուսումնասիրենք, թե ինչ է կատարվում երեխաների հետ մեր պետության ներսում»: «Երեխաները հատուկ դպրոցներում եւ հատուկ հիմնարկներում. թրաֆիքինգի եւ շահագործման հավանական զոհեր» հետազոտական ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը նշեց, որ մանկատների ու հատուկ տիպի դպրոցների թե՛ ներկայիս սաները, թե՛ շրջանավարտները համաձայնել են, որ թրաֆիքինգի առումով ռիսկի խումբ կարող են համարվել: Նա նշեց, որ զոհերի մեծ մասը նույնիսկ չի էլ գիտակցում, որ ինքը զոհ է: Այս ուսումնասիրության համար հարցումներ են կատարվել ՀՀ 6 մարզերում, որտեղ կենտրոնացված են մանկատներն ու հատուկ դպրոցները՝ Երեւան, Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք:

Հարցումներ են կատարվել նման հաստատությունների հետ կապ ունեցող 2074 մարդուց, որից 5.7 %-ը նշել է, որ անձամբ ճանաչում է մարդկանց, որոնք թրաֆիքինգի զոհ են դարձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել