Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՑՎԵԼՈ՞Ւ Է

Դեկտեմբեր 19,2006 00:00

Գյումրիի անօթեւանների փողերով կառուցված շենքը պետությունը որոշել է վերաբաշխել իր ուզածով

Վերջերս Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի շուրջ ծավալված վեճը գնալով թեժանում է: Օրերս նշյալ հասցեի մի խումբ բնակիչներ դիմել են «Առավոտի» խմբագրություն՝ հայտնելով, որ 9/9 ա շենքից իրենց հասանելիք բնակարանները վերաբաշխելու գործին արդեն խառնվել են բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, ովքեր փորձում են սպառնալ իրենց եւ «անպատասխանատու» հայտարարություններ անել, թե շենքը պետականացվելու է, բնակարաններն էլ իրենց ուզած ձեւով են վերաբաշխելու:

Հիշեցնենք, որ այդ շենքը կոոպերատիվ հիմունքներով, անհատական վարկային միջոցների հաշվին կառուցված առաջին բազմաբնակարան շենքն է եղել, որի գլխավոր պատվիրատուն Գյումրիի քաղաքապետարանն է, իսկ շենքի կառուցումը նախաձեռնողները՝ երկրաշարժից առաջ նույն տարածքում բնակվող երկու հարեւան շենքերի 54 անօթեւան բնակիչները: Այդ շենքը դեռ բնակեցված չէ, քանի որ կոոպերատիվի նախկին նախագահ Հովհաննես Փորսուղյանը, հաշվապահ Սահականույշ Սարգսյանը եւ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի նախկին մամլո քարտուղար Հասմիկ Մելքոնյանը շենքի որոշ բնակարաններ ապօրինաբար վաճառել էին ու դրանով խոչընդոտել բնակարանների արդարացի բաշխմանը: «Եթե մենք վարկ վերցնեինք ու երկրաշարժից հետո քաղաքի որեւէ հատվածում սեփական տուն կառուցեինք, դարձյալ պիտի չինովնիկները հայտնվեին ու ասեին, թե պետականացվելո՞ւ է»,- բողոքեցին անօթեւան բնակիչները: Նրանց պատմելով, արդեն որքան ժամանակ է՝ իրենք քաշքշուկների մեջ են, անընդհատ հրավիրվում են Շիրակի մարզի դատախազություն: Ըստ բնակիչների, դատախազությունում իրենց հանդիպել է նախագահի վերահսկողական ծառայության ավագ մասնագետ Արթուր Ֆիդանյանը եւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը, որոնք հայտնել են, որ եկել են նախագահի հանձնարարականով: Նրանք բնակիչներին վերջնականապես հիասթափեցրել են՝ ասելով, որ կոոպերատիվն առաջին իսկ օրվանից կեղծիքով է ստեղծվել, եւ որ շենքը պետականացվելու է, բնակարաններն էլ նորից վերաբաշխվելու են: «Նրանք մի լումա ներդրե՞լ են այդ շենքի կառուցման համար, որ հիմա էլ իրենց ուզածով պիտի բնակարանները վերաբաշխեն»,- ասում էին 9/9 ա շենքի բնակիչները:

Բացի այն, որ բնակիչները մեկ տարի շարունակ ընկած են դատախազության ու դատարանների դռները, մնացել են անտուն եւ չեն կարողանում տեղափոխվել իրենց նորակառույց բնակարաններ, նաեւ այս ընթացքում զրկված են կենսաթոշակ եւ նպաստ ստանալու հնարավորությունից, քանի որ կոոպերատիվի կնիքը դատախազությունում է, եւ բնակիչները չեն կարողանում իրենց բնակության վայրը հաստատող կնքված որեւէ փաստաթուղթ ներկայացնել: Բանն այն է, որ վերջերս կոոպերատիվի նոր նախագահ է ընտրվել Մկրտիչ Գրիգորյանը, սակայն քանի որ շենքի բնակարանների բաշխման հետ կապված գործը դատախազությունում է, Մ. Գրիգորյանը չի կարողանում օգտվել կնիքից ու կոոպերատիվի փաստաթղթերից:

«Առավոտը» Շիրակի մարզի դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կոոպերատիվի կնիքն ու փաստաթղթերը չեն հանձնվում նոր նախագահին եւ ի՞նչ ընթացքում է բնակարանները ապօրինաբար վաճառելու փաստի առիթով հարուցված քրգործի քննությունը: «Հանձնենք, բայց ո՞ւմ, այս պահին կատարվում են ստուգումներ, որից էլ կախված են քրգործի վերջնական արդյունքները: Դատախազության որոշմամբ՝ այս գործի առնչությամբ մայրաքաղաքից հանձնաժողով է եկել»,- պարզաբանեցին դատախազությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել