Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հարսանիքները գլոբալիզացվում են

Հունվար 15,2007 00:00

\"\"Նորամուծություններ մեր հարսանիքներում

Ժամանակակից հայկական մի հարսանեկան արարողության ժամանակ պարզեցի, որ այսօր «մոդայիկ» է փեսային արաբական պորտապար նվիրելը, ինչը հիմնականում անում է նրա եղբայրը կամ ընկերը: «Ընդհանրապես, ուրախառիթ ծեսերն ավելի դինամիկ են եւ շատ են փոփոխվում, քան, օրինակ՝ հուղարկավորման ծեսը»,- նշեց ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ստեփանյանը՝ փաստելով, որ հայկական հարսանիքներում արեւելյան մոտիվները միայն որոշ սոցիալական խմբի ճաշակի դրսեւորում են: Նա նաեւ ավելացրեց, որ հին հայկական ավանդույթների համաձայն, նվերի այսպիսի մատուցման ձեւ չի եղել, քանի որ ժողովուրդը նվեր անվան տակ միայն նյութական արժեք է հասկացել: «Առհասարակ փեսայի բարեկամները նրան նվերներ չեն արել: Հայաստանում ընդունված է եղել, որ աղջկա բարեկամները տղային նվեր տան, տղայի ազգականները՝ աղջկան»,- ասաց Ա. Ստեփանյանը: Այս գործում մեծ դեր է կատարել մակարների՝ փեսայի ընկերների խումբը, որոնցից այսօր «պահպանված» միակ հերոսը մակարապետն է՝ «ազապ բաշին»:

«Յոթ օր յոթ գիշեր հարսանիք» արտահայտությունն էլ պատահական չի մտել մեր բառապաշար: Հնում հայոց մեջ հարսանիքի պատրաստությունները կարող էին օրեր տեւել: Նախապատրաստական ծեսեր էին քավորին հրավիրելու արարողությունը, եզ մորթելը: «Փեսային լողացնելը առանձին արարողակարգ էր: Որոշ շրջաններում նրա հետ լողացնում էին նաեւ մակարապետին: Հետաքրքիր էր փեսային սափրելու, հագցնելու արարողությունը, որը փեսագովքերով էր ուղեկցվում»,- պատմեց Ա. Ստեփանյանը: Կար նաեւ հարսի հրաժեշտի արարողությունը, երբ նա իր ընկերուհիների՝ ծաղկոցավորների խմբով, պտտվում էր հորական եւ մորական բարեկամների տներով ու նվերներ ստանում: «Ծաղկոցավորների խմբից այսօր միայն հարսնաքրոջ կերպարն է պահպանվել: Նախկինում հարսնաքույր կարող էին լինել նաեւ ամուսնացած կանայք, ովքեր պիտի ամուսնական խորհուրդներ տային հարսին»,- ասաց ազգագրագետը:

Մեր օրերում հարս հագցնելը կարծես ձեւական բնույթ է կրում, քանի որ մինչեւ խնամիների գալը հարսն արդեն կազմ ու պատրաստ է լինում, մինչդեռ հնում հարսին հագցնելը բավական խորիմաստ ծես էր: «Հարսին հագցրել են միայն տնից դուրս գալուց առաջ: Այդ արարողությանը մասնակցում էին հարսի ընկերուհիները եւ քավորկինը: Ներկայիս ծեսում հնից պահպանվել է միայն մի պատառիկ, երբ քավորկինը իր հետ է վերցնում հարսի գլխի հարդարանքը: Հարսի սանրվածքը փոխում էին ամուսնացած կնոջը վայել հարդարանքով: Այսինքն՝ չամուսնացածների դաշտից նրան տեղափոխում էին ամուսնացածների դաշտ»,- պատմեց Ա. Ստեփանյանը: Այդ ընթացքում ծաղկոցավորների խումբը հարսի փոխարեն լացակումած երգեր էր երգում, որով հարսը հրաժեշտ էր տալիս հորական տանը: «Հնդիրանական աշխարհում եւ նույնիսկ Եվրոպայում մինչեւ 17-րդ դար հարսանեկան հագուստը կարմիր էր, քանի որ այն արյան, կյանքի շարունակականության, երջանկության խորհրդանիշն էր: Ավանդական ծեսում հայերս չունեինք հատուկ հարսանեկան հագուստ: Ամեն գավառում հագնում էին համապատասխան տարազ»,- ասաց տիկ. Ստեփանյանը: Առաջին անգամ հարսի սպիտակ շոր է հագել Մարի Ստյուարտը: Նա իր ամուսնու թաղման արարողությանը սպիտակ զգեստով էր ներկայացել, ինչն այնքան գեղեցիկ էր, որ երկրորդ անգամ Շոտլանդիայում ամուսնանալիս Մ. Ստյուարտը պատվիրել է նմանատիպ հագուստ: Ներկայիս հարսանեկան արարողությունների ժամանակ հաճախ հարսի ու փեսայի գլխին վարդի թերթիկներ են լցնում կամ նրանց ճանապարհը պատում թերթիկներով: «Սա նորություն է, քանի որ ոչ միայն հայկական, այլեւ սլավոնական երկրների հարսանեկան ծեսերում ծաղիկը որեւէ դեր չի խաղացել: Ծաղկի տերեւներ շաղ տալու գործողությունը մենք ունեցել ենք այլ առարկայով: Երբ հարսն ու փեսան դուրս են եկել եկեղեցուց կամ երբ մտել են տղայի տուն, նրանց գլխին ընդեղեն են լցրել, ինչը բեղմնավորման խորհրդանիշ էր»,- հիշեց Ա. Ստեփանյանը։

Ներկայիս՝ տարոսիկներ բաժանելու ավանդույթը եւս իր ավանդական արմատներն ունի: «Նախկինում բոլոր հարսանիքների ժամանակ եղել է ընտանեկան կամ հարսանեկան ծառ, որի վրա կարմիր, կանաչ ժապավեններ են փաթաթել, իսկ գագաթին նուռ դրել: Այս կենաց ծառը ողջ հարսանիքի ընթացքում մակարապետի մոտ է եղել, իսկ խնջույքի ավարտից հետո այն մասնատվել եւ բաժանվել է հյուրերին, ինչով նորապսակները կիսել են իրենց ընտանեկան երջանկությունը»,- ասաց Ա. Ստեփանյանը:

Պարզվում է՝ հարսի ծաղիկ շպրտելն էլ կապ չունի մեր ավանդական ծեսերի հետ: Դա, ըստ ազգագրագետի, լատինական ֆիլմերից է ներմուծվել: Սակայն մենք ունենք ազգային խորհրդանիշներ, որոնք մոռացել են, օրինակ՝ ուսկապը, խաչկապը, կոսպանդը, որը կարմիր եւ կանաչ ժապավեններով խաչաձեւ կապում էին փեսայի կրծքին: Այդպիսի մի սիմվոլ էր նաեւ նարոտը, որը բրդե կարմիր կամ կանաչ միահյուսված թելերից էր կազմված: Ամուսնության խորհուրդը կատարելիս քահանան դա փաթաթում էր փեսայի եւ հարսի վզին կամ դաստակներին եւ կնքում մոմով: Նարոտը խնջույքի վերջում արձակվում էր, որով նորապսակներին հարսանեկան առագաստ մտնելու թույլտվություն էր տրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել