Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ

Հունվար 22,2007 00:00

\"\"Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի եւ «ՀՀ դատավորների միության» հ/կ նախագահ Հրաչիկ Սարգսյանը գտնում է, որ մեր օրենսդրական դաշտն ավելի կատարյալ է, քան Եվրոպայի շատ երկրներում:

Արդեն տասը տարի է, ինչ գործում է «ՀՀ դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը (ստեղծվել է 1997թ. ապրիլին), որին կամավորության սկզբունքով կարող են անդամակցել ՀՀ գործող դատավորները: «ՀՀ դատավորների միություն» հ/կ-ի նախագահ Հրաչիկ Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենք զբաղվում են դատավորներին հուզող բազմաթիվ խնդիրներով, որոնք ունեն մշակութային, գիտական, սոցիալական ուղղվածություն. «Մեր հիմնական խնդիրներից մեկն էլ դատավորների բարեկեցության ապահովումն է: Հասարակության կարծիքը սուբյեկտիվ է, թե դատավորներն ապրում են փառավոր կյանքով, դա այդպես չէ, եթե դատավորը ֆինանսապես կայուն լինի, դրա հետ մեկտեղ շղթայական ռեակցիայով կլուծվեն շատ ավելի խնդիրներ»: Ըստ նրա, առաջին ատյանի դատարանի դատավորներն ամսական ստանում են 220-360 հազար դրամ աշխատավարձ, որը, պարոն Սարգսյանի կարծիքով, բավարար չէ, սակայն ելնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, դատավորները բարձրաձայն չեն դժգոհում: «Խոսք է գնում, որ դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնեն, սակայն բարձրացնում են նաեւ իրավապահ մարմինների ու դատախազների աշխատավարձը: Ավելի շատ դատախազներն են շահագրգռված, որ դատավորների աշխատավարձը բարձրացնեն, քանի որ նրանց աշխատավարձը չպետք է պակաս լինի դատավորի աշխատավարձի 75%-ից»,- ասում է Հ. Սարգսյանը:

Շուրջ երկու տարի է, ինչ հ/կ-ն անդամակցում է Ուրուգվայի դատավորների միջազգային միությանը, որն էլ լուծում է «ՀՀ դատավորների միության» ֆինանսական հարցերը: Թեեւ դատավորները ամսական 2 հազար դրամ անդամավճար են տալիս, բայց դա, ըստ Հ. Սարգսյանի, բավարարում է միայն միության «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի հրատարակմանը: Մինչդեռ, ըստ հ/կ-ի նախագահի, իրենք շատ կարեւոր գործեր են կատարում, որը կապված է լուրջ ֆինանսական միջոցների հետ. «Եթե ոչինչ էլ արած չլինեինք, միայն դատավորների վարքագծի կանոնագիրք կազմելն արդեն արդարացնում է մեր գոյությունը»: Այդ կանոնագրքով սահմանվում է, թե դատավորներն ինչպես պետք է իրենց պահեն դատարանում, դատարանից դուրս՝ հասարակության մեջ գտնվելիս: Այդ նորմերը խախտելու դեպքում դատավորներին սպասվում են մի շարք կարգապահական սանկցիաներ: Կարգազանց դատավորների հարցը նախ քննվում է դատավորների միության նիստում, ապա հարցի վերջնական լուծումը հանձնվում է արդարադատության խորհրդի դատին:

Ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը եւ շփվելով Եվրոպայի իրենց կոլեգաների հետ, հայ դատավորները հանգել են այն եզրակացության, որ մեր օրենսդրական դաշտը շատ ավելի կատարյալ է, քան, ասենք, Լեհաստանի, Չեխիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի օրենքները. «Ի տարբերություն Չեխիայի, որտեղ դատարանը ենթարկվում է արդարադատության նախարարությանը, մեզ մոտ այդպես չէ, սակայն մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ հասկանալ, որ դատարանը անկախ պետական մարմին է եւ դա պետք է ընկալեն ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ քաղաքացիները, այս տարիներին մենք շատ առաջ ենք գնացել եւ դա պետք է նկատել»,- ասում է Հրաչիկ Սարգսյանը: Ի տարբերություն ԱԺ-ի, պրն Սարգսյանը երկու ձեռքով կողմ արտահայտվեց ՍԴ որոշմանը, որով դատավորներին արգելվում է լինել ընտրական հանձնաժողովի անդամ. «Եթե դատավորը հանձնաժողովի անդամ լինի, հետո նման (ընտրությունների հետ կապված- Գ. Բ.) գործեր քննելիս կարող է կաշկանդված լինել: Կայացած երկրների փորձը մեխանիկորեն ամրագրվեց օրենսգրքում, սակայն մեր երկրի համար դեռ վաղ է, եւ նորմն արդյունավետ կիրառել չէր լինի»:

Հրաչիկ Սարգսյանը նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահն է: Նրա տեղեկացմամբ, մարզում տարեկան քննվում են 10 հազարից ավելի քաղաքացիական եւ մոտ 350 քրեական գործեր: Վերջերս քրեական գործեր են հարուցվել նաեւ մարզի Գրիբոյեդով եւ Գայ գյուղերի գյուղապետերի դեմ, որոնք, ըստ դատարանի նախագահի, ճիշտ չեն հատկացրել գյուղացիներին հասանելիք օգնությունները: Բայց քանի որ հանցանքը եղել է միջին ծանրության, դատարանը կիրառել է մեղմ պատիժ. «Պաշտոնյաների դեմ հարուցված գործերը վկայում են այն մասին, որ, անկախ դիրքից ու պաշտոնից, բոլորը հավասար են օրենքի առաջ, համենայնդեպս, մեր մարզում այդպես է: Դա են վկայում նաեւ մեր դատարանում կայացված մի շարք արդարացման դատավճիռները, որոնք չեն փոխվել վերադաս ատյաններում»,- ասում է դատավորը:

Մարզն ունի 7 դատավոր՝ 3-ական դատավորներ Էջմիածնի եւ Արմավիրի նստավայրերում եւ դատարանի նախագահ: Դատարանը նստավայր ուներ նաեւ Բաղրամյանում, սակայն 1999թ. հունվարին կառավարությունը մասնաշենքը ետ է վերցրել եւ դրանով մի շարք անհարմարություններ առաջացրել շրջանի քաղաքացիների համար, որոնք կիլոմետրեր հատելով՝ հասնում են Արմավիրի կամ Էջմիածնի նստավայր. «Կարծում եմ, առնվազն մեկ դատավոր պետք է մնար նաեւ Բաղրամյանում, քանի որ այդտեղի քաղաքացիները մեծ դժվարություններ են ունենում մինչեւ հասնում են դատարաններ»,- նշեց Հրաչիկ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել