Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԱԼԱԴՅԱՆՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿԻՑ ԹՈՂ ՀԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ԱՆՁՆԱԳԻՐԸ»

Հունիս 13,2007 00:00

Հորդորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականը

Հովհաննես Ջալադյանին, որն իր խոսքերով՝ «նախկին ադրբեջանաբնակ» է, իր կնոջ ու դպրոցահասակ երեխայի հետ Դանիայի իշխանություններն արտաքսել են Հայաստան: 1999թ. Ռուսաստան գնացած Ջալադյանները մեկնել են Դանիա, 7 ամիս մնացել այնտեղ: Դանիայում նրանց չի տրվել քաղաքական ապաստան, իսկ Հայաստանում էլ, ըստ «Առավոտին» (30.05.2007) վերջերս դիմած Հովհ. Ջալադյանի, որեւէ կարգավիճակ չեն տալիս՝ պատճառաբանելով, թե նրա միակ փաստաթղթով՝ ծննդյան վկայականով հնարավոր չէ հաստատել, թե անձը Ջալադյանն է: Ծննդյան վկայականը, բնականաբար, առանց լուսանկարի է:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը «Առավոտին» պարզաբանեց հետեւյալը. «Նա Հովհաննես Ջալադյան անձը չէ, այլ անձ է, որը թյուրիմացության մեջ է փորձում գցել լրատվամիջոցներին, մարդկանց: Նրա յուրաքանչյուր նախադասության տակ հարցեր կան»: Պրն Սարգսյանի կարծիքով, հարցերը ծագում են Ջալադյանի Ռուսաստան մեկնելու ժամանակահատվածից: «Չէ՞ որ նա փաստաթղթեր է ունեցել: Ջալադյանն ասում է, թե հայտնվել է Դանիայում: Եվրամիության սահմանը՝ պետական սահմանը հատելու համար պետք է փաստաթուղթ»,- նշում է Դ. Սարգսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Դանիայի էմիգրացիոն ծառայությունները պահանջել են, որ Ջալադյանը՝ չունենալով այնտեղ մնալու իրավունք եւ հիմքեր, ներկայանա հարցազրույցի: «Տարբեր ժամանակ տարբեր հիմքեր են ներկայացվում քաղաքական ապաստան ստանալու համար: Կար ժամանակ, երբ մոդայիկ էր կուսակցական պատկանելությունը (հալածյալ կուսակցության անդամ լինելը), իսկ այսօր ազգությամբ հայերը համատարած ադրբեջանցի են ներկայանում: Ամենուր խստագույն էմիգրացիոն ռեժիմ է, եւ մենք՝ հայաստանյան դիվանագետներս, հաճախ ենք մասնակցում նման հարցազրույցների, քանի որ ունենք ետընդունման համաձայնագրեր եւ էմիգրացիոն խնդիրներ»,- նշում է զրուցակիցս:

Դանիայում մեր պատվիրակությունը (փախստականների վարչության նախկին պետ Գագիկ Եգանյանը, ԱԳՆ նախարարի խորհրդականն ու անձնագրերի եւ վիզաների վարչության ներկայացուցիչը) հանդիպել են Հովհ. Ջալադյանի հետ, ինչպես տեղեկացրել էինք մայիսի 30-ի «Առավոտում»: Ըստ Դ. Սարգսյանի, նման հարցազրույցները հնարավորություն են տալիս կողմնակի ապացույց ձեռք բերել. «Ի թիվս մի քանի տասնյակ անձանց, այս քաղաքացուն էլ բերել էին հարցազրույցի: Որեւէ մեկը չի վիճարկել Դանիայից արտաքսելու հարցը, չի վիճարկել նաեւ իր՝ Հայաստանի քաղաքացի լինելը: Կոնկրետ ինձ համար նվաստացուցիչ է, երբ ադրբեջաներեն չիմացող հայը, երբեք այնտեղ չբնակված հայը ներկայանում է իբրեւ ադրբեջանցի, ինչպես խմբագրությանը դիմած Ջալադյանը («Առավոտին» նա ներկայացել էր որպես հայ, որն ամուսնացել է կիսաադրբեջանցու հետ- Ռ. Մ.): Դանիայի իշխանություններին Ջալադյանը ներկայացրել է իր ծննդյան վկայականը՝ Դաշքեսանում ծնված ոմն Ջալադյանի: Եվ Դանիայում, եւ Հոլանդիայում՝ ամենուր տեղի իշխանություններն ունեն իրենց ստուգման աղբյուրները: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ջալադյանը խոսում է երեւանյան հայերենով, որը Ադրբեջանի ոչ մի քաղաքացի չէր կարող: Կեղծ տեղեկություններով որեւէ մեկը որեւէ մեկին քաղաքական ապաստան չի տալիս»:

«Առավոտի» այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի կեղծ տեղեկություններ է ներկայացրել Հովհ. Ջալադյանը, որի մասին կար նաեւ ԱԳՆ տեղեկանքում, պրն Սարգսյանը նշեց. «Անձը հաստատող երկրորդ փաստաթուղթը, որը դանիական իշխանություններին է տրամադրվել, Ջալադյանի 1991թ. ABI 75 1725 վարորդական իրավունքի վկայականն է՝ տրված Երեւանում: Դիմեցինք ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Ի. Իշխանյանին: Ստացվել է հետեւյալ պատասխանը. վարորդական վկայականը ճանապարհային ոստիկանության կողմից չի տրվել»: Ըստ մեր արտաքին գերատեսչության, փաստորեն, գործ ունենք պետական մարմնի անունից կեղծված փաստաթղթերի հետ, որը քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Մեր հարցին՝ արդյոք մտադիր չե՞ք դիմել իրավապահներին՝ ճշտելու անձի ինքնությունը, պրն Դ. Սարգսյանը պատասխանեց. «ԱԳՆ-ն պատժիչ գործառույթներ չունի: Մտադիր ենք դիմել իրավապահներին՝ փաստաթղթերի կեղծման հետ կապված»: ԱԳՆ ներկայացուցիչը գտնում է, որ նա Հայաստանի քաղաքացի է, որի «կապույտ անձնագիրը ինչ-որ տեղ բարձի տակ դրված է: Այլապես՝ անհնար էր, որ Ջալադյանը հատեր սահմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել