Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ի եւ խոսքի ազատության մասին

Հուլիս 05,2007 00:00

Երեկ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը Հայաստանում էր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը հուլիսի 4-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նշել է, որ հակամարտության հաղթահարման գործընթացում առաջընթաց չկա եւ չեն կատարվում հասարակական կարծիքի ձեւավորման աշխատանքներ՝ խնդիրը բանակցային գործընթացով լուծելու համար: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում ամենակարեւոր ցուցիչն այն կարծիքն է, որ ձեւավորվում է Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում, իսկ այդ ցուցիչը վկայում է, որ ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում որեւէ մեկը մյուս ժողովրդի նկատմամբ ատելություն ու պատերազմ չի քարոզում, մինչդեռ ճիշտ հակառակն է Ադրբեջանում: Ասվածի ապացույցը դարձավ ադրբեջանցի ու հայ մտավորականների՝ օրերս Երեւան, Ստեփանակերտ, Բաքու կատարած այցերին հետեւած արձագանքը: Հայաստանում ու Ստեփանակերտում այս նախաձեռնությունը արժեւորվեց, մինչդեռ Բաքվում գերակշռում էին կշտամբանքներն ու բողոքի ակցիաները՝ ե՛ւ լրատվամիջոցներով, ե՛ւ հանդիպումների ընթացքում: Իսկ դա հակասում է ԵԽԽՎ 1416 բանաձեւին, որտեղ ուղղակի նշված է, որ անընդունելի է պատերազմ ու ատելություն քարոզչությունը: ԱԺ նախագահը նկատեց, որ միջազգային կազմակերպություններն այն դեպքում իրապես կաջակցեն խնդրի կարգավորմանը, եթե անաչառ գնահատական տան՝ թե որ երկրում ինչպիսի վերաբերմունք կա: Նաեւ՝ ատելության ու պատերազմի քարոզչության դրսեւորումները բոլորովին պետք չէ կապել ընտրությունների հետ. համենայնդեպս, հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ ու նախագահական ընտրություններից առաջ նման դրսեւորումներ չեն եղել:

Հանդիպմանը հաջորդած ԵԽԽՎ եւ ԱԺ նախագահների համատեղ ասուլիսում, բնականաբար, անդրադարձ եղավ խոսքի ազատության խնդիրներին։ Մասնավորապես, «Ա1+»-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում նա այն փաստը, որ «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը դեռեւս եթերում չէ՝ չնայած նրան, որ եթեր վերադառնալու հնարավորության մասին ասվում է ԵԽԽՎ բանաձեւերում: «Այսօր քննարկել եմ «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ա1+»-ի այն խնդիրը, որ նրանք պետք է կարողանան լիարժեք իրենց տեղն ունենալ զանգվածային լրատվամիջոցների շարքում: Ես կարծում եմ, որ նրանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես մնացած ԶԼՄ-ների հետ. նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է նույնը լինի: Եվ ես նշել եմ, որ Եվրոպայի խորհուրդը ուշադիր հետեւելու է, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց ԵԽԽՎ նախագահը:

Լրագրողներից մեկը ԵԽԽՎ նախագահից փորձեց ճշտել՝ համարո՞ւմ է նա մեկուսարանում գտնվող ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին, կամավորականներ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, լրագրող Արման Բաբաջանյանին քաղբանտարկյալներ, ինչպես նրանց կոչում են հայ իրավապաշտպանները: «Եթե երկիրը կատարում է Եվրախորհրդի առաջ իր պարտավորությունները, ապա այդ դեպքում քաղբանտարկյալներն ընդունելի բան չեն: Ես չեմ մտնի այդ դեպքերի մեջ, բայց, անշուշտ, Եվրոպայի խորհուրդը այդ հարցը հաշվի պետք է առնի եւ լրջորեն ուսումնասիրի: Ես խորհրդարանի խոսնակի ներկայությամբ ասում եմ, որ եթե կան քաղբանտարկյալներ, ապա պետք է միջոցներ ձեռնարկել»,- ասաց Ռենե վան դեր Լինդենը։

Երեկ ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ ունեցավ Հայաստանի մի շարք այլ քաղաքական եւ հասարակական գործիչների հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել