Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ քսաներորդ

ՔԱՅԼՈՂ ԴԱՍԱԿԱՆ

Բիձեն խղճահարությամբ մեզ նայեց, այնուհետեւ նայեց Արոյին ու ասաց՝ «հրավիրյալները քամու բերանին մշտապես ճոճվող մահկանացուներ են. նրանց բախտը մշտապես մազից է կախված», եւ Արոն զարմացած հարցրեց՝ «այսինքն», եւ Բիձեն վերստին խղճահարությամբ մեզ նայեց, չափազանց մեղմ ժպտաց, այնուհետեւ նայեց Արոյին ու ասաց՝ «այսինքն, կուզենք կհրավիրենք, չենք ուզի՝ չենք հրավիրի. իրենց ճակատագիրը, փաստորեն, համանախագահներիս հայեցողությունից է կախված», եւ ես հարցրի՝ «բոլոր դեպքերում, սրանից հետո շաբաթական էրկու անգամ եք հավաքվելու, չէ՞», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «ոչ թե երկու անգամ, այլ՝ մեկ եւ ավելի անգամներ. հարցն ա՛յդ ձեւակերպմամբ է օրակարգ մտել», եւ ես ասացի՝ «այսինքն, սրանից հետո կարաք մի անգամից ավել հավաքվեք», եւ Բիձեն ներողամտորեն ինձ նայեց, ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «պարո՛ն անտիպոետ, դուք մոռանում եք, որ ձեր առաջարկությունն ընդամենը օրակարգ է մտել եւ դեռ նոր պիտի քննարկվի», եւ Արոն Բիձու ասածը հաստատեց ու ասաց՝ «հա. նոր պիտի քննարկենք», եւ Դոցենտն ասաց՝ «դե շուտ քննարկենք ու պրծնենք. ո՞ւմ ենք սպասում», եւ Բիձեն Դոցենտին մեղմ ժպտաց ու հարցրեց՝ «պարոն Դոցենտ, դուք ծանոթ չե՞ք մեր ժողովրդական հայտնի ասացվածքին», եւ Դոցենտը հարցրեց՝ «ի՞նչ ասացվածք», եւ Բիձեն ասաց՝ «վռազողի կնիկը տղա չի բերում», եւ Արոն ծիծաղեց ու ասաց՝ «մեր Դոցենտին նախ պիտի պսակենք, հետո նոր՝ կվռազի կամ չի վռազի», եւ Բիձեն նայեց Դոցենտին, մեղմ ժպտաց ու ասաց՝ «այն աղջիկը կարծես թե հարմար թեկնածու է», եւ Դոցենտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ աղջիկ», եւ Բիձեն ասաց՝ «Արմենի ասածը», եւ Արոն ասաց՝ «Արմենի ասածը շատ լավ աղջիկ ա», եւ Բիձեն ժպտաց ու բացականչեց՝ «դոցե՜նտշա», եւ Արոն ասաց՝ «բայց Դոցենտը չի հավանում», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «կպարտադրենք», եւ Տիկոն ծիծաղեց ու ասաց՝ «քվեարկեք ու ամուսնացրեք», եւ Բիձեն նայեց Տիկոյին ու շատ լուրջ ասաց՝ «չեղավ, քաջե՛ր. արդեն օրակարգից շատ ենք շեղվում», եւ Արոն հարցրեց՝ «մեր հաջորդ քայլը ո՞րն է, Մե՛յջեր», եւ Բիձեն ասաց՝ «հիմա պիտի օրակարգ մտած առաջարկությունը համակողմանիորեն քննարկենք ու քվեարկենք», եւ Դոցենտն ասաց՝ «դե քննարկենք. ո՞ւմ ենք սպասում», եւ Բիձեն Դոցենտին ժպտաց ու ասաց՝ «բոլոր դեպքերում, պարոն Դոցենտ, ձեզ ամենեւին չէր խանգարի վռազողի կնոջ նախադեպն ականջի օղ անել», եւ մեզ նայելով ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «պռաշու նա կուխնյու, գասպադա՛», եւ Արոն ինձ ասաց՝ «Արմեն ջան, մի հատ էլ խոհանոց գնացեք ու վերջ. էդ քննարկումը շատ չի տեւի», եւ Բիձեն գլուխը տմբտմբացնելով՝ Արոյի ասածը հաստատեց ու ասաց՝ «մանավանդ որ՝ քվորումն ապահովված է», եւ Դոցենտը մեղավոր մեզ նայեց ու ասաց՝ «տղերք ջան, կներեք, բայց մեր կանոնադրությամբ պահանջվում ա, որ մի քանի րոպեով բացակայեք», եւ Տիկոն ասաց՝ «հարց չկա», եւ ես ասացի՝ «մեռնեմ կանոնադրության զորությանը», եւ երբ արդեն խոհանոցում էինք, Գագոն ծիծաղեց ու ասաց՝ «լրիվ ցիրկ են», եւ Վահանն ասաց՝ «կարեւորն էն ա, որ շատ հետաքրքիր ցիրկ ա», եւ Տիկոն ասաց՝ «հա. անհետաքրքիր ցիրկ է՛լ ա ըլնում», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞նց», եւ Տիկոն ասաց՝ «մի քանի օր առաջ էրեխեքիս ցիրկ էի տարել, բայց շատ անհետաքրքիր էր. նույնիսկ կլոունը չէր կարում ծիծաղացներ», եւ ես ասացի՝ «սրանց ցիրկին ոչ մի ցիրկ չի հասնի», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ սրանցը ոչ թե սովորական ցիրկ ա, այլ՝ միանգամայն իմացյալ կրկես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով ա իմացյալ», եւ Վահանը պատասխանեց ու ասաց՝ «սրանց մոտ ամեն ինչ գիտակցված ա. սրանք ոչ թե հանդիսատեսի համար են խաղում, այլ՝ իրանց համար», եւ Գագոն Վահանին հարցրեց՝ «մենք հանդիսատես չենք՝ ի՞նչ ենք», եւ Վահանը ժպտաց ու ասաց՝ «մենք հրավիրյալներ ենք», եւ Տիկոն ասաց՝ «չհասկացա. հիմի մենք հրավիրյա՞լ ենք, թե՝ համակիր», եւ Վահանը Տիկոյին պատասխանեց ու ասաց՝ «մենք հրավիրյալ ենք, Արմենը՝ համակիր», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ Վահանը բացատրեց ու ասաց՝ «որովհետեւ դու արդեն երրորդ անգամ ես իրանց էս նիստերին մասնակցում, իսկ մենք՝ առաջին», եւ ես ասացի՝ «առաջին անգամ ես մասնակցում, բայց ինձնից լավ ես ջոկում՝ ինչն ինչոց ա», եւ Վահանը ժպտաց ու ասաց՝ «որովհետեւ դու ոչ մի կուսակցության մեջ չես էղել», եւ ես հարցրի՝ «կուսակցության մեջ ըլնելն ի՞նչ կապ ունի», եւ Վահանն ինձ ժպտաց ու ասաց՝ «ասեմ, որ գրե՞ս», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գրեմ», եւ Վահանը վերստին ժպտաց ու ասաց՝ «էսօրվա մասին ե՞րբ ենք վեպիդ մեջ կարդալու», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «վե՞պս ինչ կապ ունի», եւ Տիկոն ծիծաղեց ու ասաց՝ «Վահանը ճիշտ ա ասում. վեպիդ մեջ սրանից հետաքրքիր բան ե՞ս գրելու», եւ ես ասացի՝ «ճիշտն ասած, մտքովս չի անցել», եւ Վահանը ժպտաց ու ասաց՝ «չի անցել, բայց կանցնի», եւ Գագոն ծիծաղեց ու ասաց՝ «իսկական գրելու բան ա», եւ Տիկոն ասաց՝ «մանավանդ Արմենը լավ կգրի», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Տիկոն ծիծաղեց ու ասաց՝ «որովհետեւ դու երրորդ անգամ ես մասնակցում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «երրորդ անգամ եմ մասնակցում, բայց ոչ մի անգամ էսքան հետաքրքիր չէր էղել», եւ Վահանն ասաց՝ «փաստորեն, մեր բախտը բերել ա», եւ Վահանի խոսքի վրա հյուրասենյակից լսվեց Բիձու խրոխտ բարիտոնը՝ «կարող եք համենալ, քաջե՛ր», եւ խոհանոցի դռան մեջ շողշողացող Դոցենտն ավետեց՝ «էս անգամ էլ միաձայն անցավ, տղերք ջան», եւ Տիկոն հարցրեց՝ «ի՞նչը միաձայն անցավ», եւ Դոցենտը զարմացած ասաց՝ «ո՞նց թե՝ ինչը. սրանից հետո շաբաթվա մեջ էրկու անգամ ենք հավաքվելու», եւ Տիկոն ժպտաց ու ասաց՝ «ոչ թե էրկու, այլ՝ մեկից ավելի», եւ Դոցենտը երջանիկ ասաց՝ «հա», եւ Վահանն ասաց՝ «աչքներս լույս», եւ Գագոն կրկնեց՝ «աչքներս լույս», եւ Դոցենտն ասաց՝ «գնանք հյուրասենյակ, տղերք ջան», եւ երբ ճաշասենյակ մտանք, Բիձեն մեկ առ մեկ ձեռքներս սեղմեց եւ ինձ ասաց՝ «շնորհավորում եմ. ձեր առաջարկությունն անցավ միաձայն», եւ Տիկոն ասաց՝ «արդեն գիտենք», եւ Բիձեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը գիտեք», եւ Տիկոն ասաց՝ «Դոցենտն ասեց, որ միաձայն ա անցել», եւ Բիձեն թարս նայեց Դոցենտին եւ չափազանց խիստ տոնով ասաց՝ «պարոն Դոցենտ, ձեզ կարծեմ հայտնի է, որ մեր քվեարկությունների արդյունքները նախնական հրապարակման ենթակա չեն», եւ Դոցենտը մեղավոր նայեց Բիձուն ու ասաց՝ «ուրախությունից լեզվիցս թռցրի, պարոն համանախագահ», եւ Բիձեն ավելի խիստ նայեց Դոցենտին ու ավելի խիստ տոնով ասաց՝ «ավելորդ զգացմունքայնությունը ոչ միայն ձեր տունը կքանդի, այլեւ՝ Հինգշաբթվա վկաների տաճարը», եւ Դոցենտը մեղավոր ժպտաց ու ասաց՝ «ներող եղիր, ի՜մ համանախագահ», եւ Բիձեն ներողամտորեն նախ Դոցենտին ժպտաց, այնուհետեւ մեզ ժպտաց ու ասաց՝ «կարող եք նստել, քաջե՛ր», եւ երբ հրավիրվածներս նստեցինք, եւ երբ Արոն բոլոր բաժակները լցրեց, Բիձեն բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «պարոն Արմենի առաջարկությունը քննարկվեց, քվեարկվեց եւ միաձայն ընդունվեց», եւ այդ ասելով՝ Բիձեն մի քիչ պաուզա տվեց ու ավելացրեց՝ «առաջին ընթերցմամբ», եւ հրավիրվածներս զարմացած իրար նայեցինք, բայց չփռթկացրինք, եւ Բիձեն իր արաղը կոնծեց, իր թթու վարունգը մի թեթեւ կծեց ու մեզ մեղավոր նայելով ասաց՝ «պռաշու նա կուխնյու, խլո՛պցի», եւ Դոցենտը զարմացած հարցրեց՝ «հիմի՞ խի կուխնյա գնան», եւ Բիձեն արհամարհանքով նայեց Դոցենտին ու գոռաց՝ «քեզ Դոցենտի կոչում տվողի հե՛րն եմ անիծել», եւ Արոն Դոցենտին բացատրեց ու ասաց՝ «հիմա պիտի երկրորդ ընթերցմամբ քննարկենք ու քվեարկենք, որպեսզի օրենքի ուժ ստանա», եւ Բիձեն Արոյին ասաց՝ «ցավոք սրտի, դրանով ամեն ինչ չի ավարտվում», եւ Արոն զարմացած հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ հարց կա, Մեյջեր», եւ Բիձեն արդեն չդիմացավ ու գոռաց՝ «գրո՛ղը տանի, դուք Հինգշաբթվա վկանե՞ր եք, թե՞ կոշկակարներ» եւ այդ ասելով՝ խորը շունչ քաշեց, ինքն իրեն հնարավորինս հանգստացրեց ու ասաց՝ «մոռանում եք, որ մենք նաեւ այդ երկրորդ օրը պիտի որոշենք. ասենք՝ կիրակի՞, թե՞ շաբաթ. այդ հարցն էլ պիտի համակողմանիորեն քննարկենք ու քվեարկենք», եւ Արոն մեղավոր նայեց Բիձուն ու ասաց՝ «այո, իհա՛րկե», եւ Բիձեն նորից խորը շունչ քաշեց, թարս նայեց Դոցենտին ու արհամարհական ասաց՝ «հիմա հասկացա՞ք, պարոն հանիրավի համանախագահ» եւ մի քիչ դադար տվեց ու ավելացրեց՝ «թե՞ էլի չհասկացաք», եւ Դոցենտը քթի տակ փռթկացրեց, այնուհետեւ դեմքին լուրջ արտահայտություն տվեց, ներողամտություն հայցող հայացքով նայեց Բիձուն ու ասաց՝ «հիմա արդեն լրիվ հասկացա, պարոն հիրավի համանախագահ», եւ Բիձեն նայեց Դոցենտին, ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «եթե հասկացաք, ուրեմն՝ հրավիրյալներին ուղեկցեք խոհանոց», եւ մենք իրար նայելով ու փռթկացնելով՝ առանց Դոցենտի ուղեկցության՝ միանգամայն ինքնուրույն գնացինք խոհանոց եւ երբ արդեն խոհանոցում էինք, Գագոն ծիծաղեց ու ասաց՝ «ցիրկը գնալով ավելի հետաքրքիր ա դառնում», եւ Վահանը խիստ նայեց Գագոյին ու ասաց՝ «լրջացեք, պարոն հրավիրյալ», եւ Տիկոն Գագոյին ասաց՝ «լրջացեք, պարոն հանիրավի հրավիրյալ», եւ Գագոն ծիծաղեց ու ասաց՝ «ներողություն, պարոնայք հիրավի հրավիրյալներ», եւ Վահանը Գագոյին նորից դիտողություն արեց՝ «կամաց. մարդիկ աշխատում են», եւ Տիկոն Վահանին ասաց՝ «փաստորեն, Արմենն է՛լ ա աշխատանքի մեջ», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞ս ոնց եմ աշխատանքի մեջ», եւ Տիկոն ինձ ասաց՝ «վեպդ արդեն սկսում էր անհետաքրքիր դառնալ. հիմի որ սրանց էս ցիրկի մասին գրես, լրիվ տեղը կընկնի», եւ ես ասացի՝ «էս ցիրկի մասին մենակ Բիձեն կարա գրի», եւ Տիկոն ասաց՝ «Բիձեն մեջից կգրի. կողքից երեւի ավելի հետաքրքիր ստացվի», եւ Վահանը Տիկոյին ասաց՝ «հաստատ չես կարա ասես», եւ էդ ամբողջ ընթացքում մտածմունքս ոչ թե վեպս էր, այլ այն, որ եթե Հինգշաբթվա վկաները որոշեին շաբաթական երկու օր հավաքվել, ես շաբաթվա մեջ ամբողջ երկու օր կապահովագրվեի բուքմեյքերական հարվածներից, եւ չնայած մտքինս էդ էր, այդուհանդերձ, ներքուստ հեչ չէի ուզում, որ իրենց հավաքների էդ երկրորդ օրը շաբաթ կամ կիրակի ընկնի, որովհետեւ շաբաթկիրակիները բուքմեյքերական տարածքների ամենահագեցած եւ ամենաբովանդակալից օրերն են ֆուտբոլի ու այլ մարզաձեւերի իմաստով, եւ չնայած արդեն ամսից ավել է՝ Աստծո զորությունն էդ խաղերի արդյունքներով չեմ չափում, այդուհանդերձ, հատկապես շաբաթկիրակիներն էդ բուքմեյքերական տարածքներում կյանքը հետաքրքիր է անցնում նաեւ ինձ համար, որովհետեւ դեռեւս էդ շուրջօրյա խաղադրույքների ու զանազան գործակիցների հիպնոսից վերջնականապես չեմ ապահովագրվել ու դեռեւս դրանց հիպնոսի տակ եմ, եւ հիպնոսի էդ տեսակի զորության ականատեսն եմ եղել բնության մեջ ու դեռեւս մանկուց, երբ Մետաքսի մեր բակում աշխույժ ու ճարպիկ մկնիկներն իրար հերթ չտալով՝ կամավոր գալիս ու լցվում էին մեր դինջ ու դմբրած կատվի բերանը, եւ հետագայում էլ ուշադիր հետեւել եմ, թե ինչպես է ճագարը հոժարակամ գալիս ու մխրճվում վիշապի երախը, եւ չնայած էս ճագարի դեպքը ոչ թե բնության մեջ եմ տեսել, այլ՝ գազանանոցում, այդուհանդերձ, երեւույթը նույն հիպնոսի երեւույթն է, անկախ նրանից՝ բնության մե՞ջ է տեղի ունենում, գազանանոցո՞ւմ, թե՞ բուքմեյքերական որեւէ տարածքում, եւ հիմա որ էսպես սկսում եմ խորանալ, արդեն նաեւ սկսում եմ հասկանալ, որ երեկ իրիկուն էլ Հինգշաբթվա վկաների ու հատկապես Բիձու հիպնոսի տակ եմ գտնվել, ու էս առթիվ հիմա նաեւ մտածում եմ, որ մարդկանց ու կենդանիների մի տեսակ կա, որը հիպնոսելու բնածին հատկություն ու շնորհք ունի, եւ, ընդհակառակը, մարդու ու կենդանու մի տեսակ էլ կա, որը ոչ միայն հիպնոսվելու անսպառ շնորհք ու հնարավորություններ ունի, այլեւ՝ հիպնոսվելու մշտական պահանջ ու ներքին անզուսպ մղում, եւ հիմա որ շարունակում եմ էս ուղղությամբ մտածել, սկսում եմ նաեւ հասկանալ, որ ես հենց էս երկրորդ տեսակի ներկայացուցիչն եմ, եւ ինձ մշտապես ու շարունակաբար հիպնոսողներն ու կլանողները ոչ միայն խաղաթղթերն ու բուքմեյքերական մթնոլորտն են, ոչ միայն Բիձեն ու այլ առանձնաշնորհյալներն են, այլեւ՝ սկսված ու ոչ մի կերպ չավարտվող էս վեպս, եւ եթե ժամանակ առ ժամանակ ինձ հաջողվում է թղթախաղի, բուքմեյքերների եւ առանձին առանձնաշնորհյալների ազդեցությունից ճողոպրել ու դուրս պրծնել, ապա ինձ դժվար թե երբեւէ հաջողվի դուրս պրծնել էս վեպիս ամենակուլ երախից, որովհետեւ էս վեպիս պարագայում ինձ նաեւ շարունակաբար ներշնչում եմ, թե՝ ինչ-որ կարեւոր գործի մեջ եմ, ինչպես որ՝ Հինգշաբթվա վկաներն են ամեն հինգշաբթի հավաքվում ու իրենց ներշնչում, թե՝ չափազանց կարեւոր ու հանրօգուտ գործ են անում, իսկ ինչ վերաբերում է բուքմեյքերական երախներից ճողոպրելուս, էս վերջինն էդ երախներից դուրս պրծնելու երրորդ լուրջ փորձս է, եւ էս երրորդ փորձիս որոշումը ձեւավորվեց մոտավորապես մի ամիս առաջ՝ կեսգիշերից ահագին անց, երբ NBA-ի հերթական տուրում «Քլիվլենդն» իր իսկ դաշտում աննախադեպ պարտություն կրեց «Սիեթլից», եւ երբ օնլայն տարբերակով խաղի առաջին քառորդում խաղադրույք դրի «Քլիվլենդի» վրա, եւ երբ առաջինում «Քլիվլենդը» պարտվեց, դեռեւս գլխիս գալիքը չէի ակնկալում, եւ երկրորդ քառորդում էլ, երբ գումարը կրկնապատկելով՝ վերստին «Քլիվլենդի» վրա դրեցի, էլի մոտալուտ վտանգին մտավորապես անհաղորդ էի, որովհետեւ մոտս փող կար, ու մտածում էի՝ եթե երկրորդում էլ պարտվի, երրորդի վրա քառապատիկ կդնեմ, եւ երբ երկրորդում էլ պարտվեց, արդեն քառապատիկը դրել ու արդեն անհանգստության նշաններ էի ցույց տալիս ոչ թե մոտալուտ անհաջողության գիտակցումից, այլ որ՝ մեծ ընդմիջումն էր սկսվել, եւ ընդամենը շահելուս պահի առումով էի շտապում, որովհետեւ միանգամայն վստահ էի, որ էդ շրջանում գերազանց մարզավիճակում գտնվող «Քլիվլենդը» եթե նույնիսկ երրորդ քառորդում էլ պարտվի, չորրորդում հաստատ հաղթելու է, որովհետեւ չի կարող պատահել, որ ուժեղ թիմն իր իսկ դաշտում բոլոր չորս քառորդներում անխտիր տանուլ տա, եւ երբ «Քլիվլենդը» երրորդն էլ տանուլ տվեց, ես արդեն ութնապատիկ դրի ու արդեն վերջնական հաջողությանս հարցում միանգամայն վստահ էի, ինչպես հիմա եմ վստահ, որ այսուհետ ու երբեւէ խաղադրույքներ չեմ դնելու, եւ ընդամենը կես ժամ անց, երբ անհնարինն արդեն ակնհայտ էր դառել, ես, ինչպես Չիլոն կասեր, գլխի-գլխի-գլխիկոր Սառաջովից ինձ դժվարությամբ տեղափոխում էի Կայարան, եւ արդեն գիշերվա երկուսն անց էր, եւ երբ Շիլաչու խաչմերուկում ոստիկանության ավտոմեքենան դեմս քը՛ռթ արգելակեց, ես անակնկալի չեկա ոչ միայն էն պատճառով, որ անձս հաստատող «Առավոտի» վկայականը մոտս էր, այլեւ էն պատճառով, որ «Քլիվլենդը» վերջնականապես էր բթացրել մտածելու ընդունակությունս, եւ երբ գրպանիցս հանեցի «Առավոտի» վկայականս ու տվի ոստիկաններից առաջինին, ոստիկաններից երկրորդը լուսարձակը պահեց վկայականիս վրա, հետո զարմացած իրար երեսի նայեցին, այնուհետեւ առաջինն ինձ նայեց ու ասաց՝ «էս մեզ ձեռ ե՞ս առնում», եւ երբ իրեն զարմացած հարցրի՝ «խի՞ եմ ձեռ առնում», երկրորդն իր լուսարձակը պահեց վկայականիս վրա, ու ես վկայականիս նայելով՝ չկարողացա հռհռոցս զսպել, որովհետեւ հենց էդ օրն էի «Առավոտի» Մարիշից անձս հաստատող վկայական ստացել, ու Մարիշը մեկի տեղ երկուսն էր սարքել՝ մեկը իսկական, մյուսը՝ կատակով, ու ես հենց էդ կատակով սարքածն էի ջինսիս բաճկոնի գրպանից հանել ու ոստիկանին տվել, եւ երբ երկրորդ ոստիկանն իր լուսարձակը պահեց էդ կատակով սարքածի վրա, առաջին ոստիկանը մի կերպ ծիծաղը զսպելով՝ ինձ ցույց տվեց վկայականս, որն արդեն կեսօրին տեսել ու մի կուշտ հռհռացել էի, որովհետեւ, երբ նախորդ օրը Մարիշին ասացի՝ «մի հատ իմ անունով վկայական սարքի», ինքն ասաց՝ «ֆոտո բեր՝ սարքեմ», եւ ես ասացի՝ «Զառայի սայթի մեջ լիքը ֆոտոներ ունեմ», ու էդ ասելով՝ նկատի ունեի տարբեր տարիքի էն լուսանկարներս, որ ամեն շաբաթ էս վեպիս հետ «Առավոտում» տպվում են, եւ Մարիշը հարցրեց՝ «էդ սայթի ֆոտոներդ բանակային ֆոտոներ չե՞ն», եւ ես ասացի՝ «ամեն տեսակ ֆոտո էլ ունեմ», եւ հաջորդ օրն ինքն ու Արմինեն ծիծաղելով՝ մեկի փոխարեն երկու վկայական ինձ տվին եւ սկզբում առաջինը ցույց տալով՝ ահագին ծիծաղեցին, ու ես էլ ահագին ծիծաղեցի, որովհետեւ էդ առաջինի վրա իսկապես բանակային լուսանկարս էր՝ պանամաս աչքերիս քաշած, եւ պաշտոնիս անվանման դիմաց էլ գրված էր՝ քայլող դասական, եւ երբ մի կուշտ հռհռալուց հետո ասացի՝ «էս ի՞նչ եք արել», Արմինեն ծիծաղեց ու ասաց՝ «ուրիշ ֆոտո չգտանք», եւ երբ հարցրի՝ «բա խի՞ եք գրել քայլող դասական», Մարիշը ծիծաղեց ու ասաց՝ «հո չէի՞նք գրի լրագրող. կամ պիտի վիպասան գրեինք, կամ էլ՝ քայլող դասական» ու էդ ասելով՝ Մարիշը երկրորդ՝ արդեն իսկական վկայականս տվեց՝ իմ ջահել ժամանակվա միանգամայն նորմալ լուսանկարով ու լրագրող-ով, եւ ահա առաջին ոստիկանի ձեռքին առաջին վկայականս էր՝ պանամայով ու քայլող դասական-ով, եւ առաջին ոստիկանը մի կերպ ծիծաղը զսպելով ինձ հարցրեց՝ «էս լրիվ ապուշություն ա. ուրիշ ուդաստավլենի չունե՞ս», եւ ես ասացի՝ «ուրիշ վկայական ունեմ, բայց փող չունեմ», եւ երկրորդ ոստիկանը զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «փո՞ղն ինչ կապ ունի. փողի անուն ո՞վ ա տվել», եւ ես ժպտացի ու ասացի՝ «որ գիշերվա էս ժամին կանգնացրել եք, երեւի փող ա պետք», եւ երկրորդը կասկածանքով ինձ նայեց ու ասաց՝ «վրեքս գործ ե՞ս սարքում, ա՛յ ախպեր», եւ առաջինն ինձ ասաց՝ «ո՞ւր ա. մյուս ուդոդ ցույց տուր», եւ ես գրպանիցս Մարիշի ու Արմինեի սարքած երկրորդը՝ իսկականը հանեցի ու տվի առաջին ոստիկանին, եւ երկրորդը լուսարձակը պահեց իսկականի վրա, հետո պահեց երեսիս, եւ առաջինն ինձ ասաց՝ «էս նկարի մեջ ահագին ջահել ես», եւ ես ասացի՝ «հա. մի վախտ քո պես ջահել տղա էի, բայց հիմա համ մեծ եմ, համ էլ ջեբերս դատարկ են», եւ էդ ասելուցս հետո երկրորդն առաջինին ասաց՝ «ա՛յ Սուրո, էս մարդը լրիվ շառ ա. իրա թղթերը տանք իրան՝ քշենք էթանք», եւ առաջինը երկրորդին ասաց՝ «որ ըտենց ես ասում, կարող ա մտածի՝ իրանից վախենում ենք», եւ ես ասացի՝ «ես որ ձեզանից չեմ վախենում, դուք խի՞ պիտի ինձանից վախենաք», եւ առաջինն ինձ ասաց՝ «որ վախացնեինք, լավ էլ կվախենայիր», եւ ես ասացի՝ «վախենամ՝ չվախենամ, մեկ ա՝ փող չունեմ», եւ երկրորդը զզվանքով նայեց ինձ ու գոռաց՝ «ի՞նչ փող. փողի անուն ո՞վ ա տվել, արա՛», եւ առաջինն ինձ ժպտաց ու ասաց՝ «մեծ մարդ ես. ամոթ չի՞, որ փող չունես», եւ ես ասացի՝ «մի ժամ առաջ ահագին ունեի, բայց կրվա», եւ երկրորդը ոգեւորված ասաց՝ «ո՞ւմ ես կրվել. թե պետք ա՝ էթանք վազվռատ անենք», եւ առաջինն էլ հարցրեց՝ «ո՞ւմ ես կրվել», եւ ես ասացի՝ «Քլիվլենդին», եւ երկրորդը հարցրեց՝ «ո՞ւմ», եւ ես ասացի՝ «ավելի ճիշտ՝ «Սիեթլին» եմ կրվել», եւ առաջինը հարցրեց՝ «դրանք ո՞վ են», եւ ես ասացի՝ «բասկետբոլի թիմեր են», եւ առաջինը նայեց երկրորդին ու ասաց՝ «էս մարդն իսկականից մեզ ձեռ ա առնում», եւ երկրորդն առաջինին ասաց՝ «էս մարդ չի», եւ առաջինը երկրորդին հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ երկրորդն առաջինին պատասխանեց ու ասաց՝ «քայլող դասական ա. չկարդացի՞ր», եւ առաջինը երկրորդին հարցրեց՝ «քայլող դասականը ո՞րն ա», եւ երկրորդը ժամացույցին նայեց ու ասաց՝ «որ գիշերվա էրկուսից հետո քայլում են», եւ առաջինը ծիծաղեց ու հարցրեց՝ «ուզում ես ասես՝ լուսնոտ ա՞», եւ երկրորդն առաջինին ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ էս մարդը մեր կլիենտը չի», եւ առաջինը վկայականներս ինձ տվեց ու ասաց՝ «ո՞ր կողմ ես էթում, հոպար. նստի՝ հետներս տանենք», եւ ես ասացի՝ «ոտով կգնամ», եւ երկրորդը ծիծաղեց ու ասաց՝ «փաստորեն, ճիշտ ա գրած. իսկականից քայլող դասական ա», եւ առաջինն ինձ հարցրեց՝ «ո՞ւր ես ապրում, ձյաձՆ», եւ ես ասացի՝ «Կայարան», եւ ինքն ասաց՝ «էրկու ոտ տեղ ա. նստի՝ հետներս տանենք», եւ ես ասացի՝ «էրկու ոտ տեղա ա. մերսի», եւ երկրորդն առաջինին ասաց՝ «չի ուզում մեր լավության տակ մնա», եւ առաջինն ասաց՝ «ի՞նչ լավություն. էրկու ոտ տեղ ա», եւ երկրորդն ինձ նայեց ու հարցրեց՝ «կարող ա՞ վրեքս բանման գրես», եւ ես ասացի՝ «ի՞նչ եք արել, որ ինչ գրեմ», եւ առաջինն ասաց՝ «ի՞նչ ենք արել, որ ինչ գրի», եւ երկրորդն ասաց՝ «հիմիկվա ժուռնալիստներին շատ չկա. կարող ա հետներս ըսենց ասի ու խոսա, բայց առավոտը թերթը բացենք, տենանք՝ դեմներս շատ գեշ բան ա գրել», եւ առաջինն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ իսկականից մեր դեմ բան գրես», եւ երկրորդն ինձ ասաց՝ «մինչեւ խոսք չտաս, որ մեր դեմ բան չես գրի, քեզ բաց չենք թողի», եւ ես ասացի՝ «ձեր դեմ չեմ գրի, բայց ձեր մասին կգրեմ», եւ երկրորդը լրջացած հարցրեց՝ «հաստա՞տ», եւ ես ասացի՝ «մենք է՛լ ենք տուն պահում», եւ երկրորդը փնթփնթաց ու ասաց՝ «սրանրա վրով գրում են, էրկու կոպեկ փող են առնում, բերում լցնում են էս «Տոտոների» բերանը», եւ ես հարցրի՝ «քեզ ո՞վ ասեց», եւ առաջինն ասաց՝ «հենց նոր դո՛ւ ասեցիր», եւ երկրորդն ավելացրեց՝ «համ էլ տեսանք, որ Սառաջովի էդ «Տոտոյից» դուս էկար», եւ ես ասացի՝ «փաստորեն, «Տոտոյից» դուրս էկողներին հետեւում եք», եւ առաջինն ասաց՝ «քաղաքի ռեժիմին ենք հետեւում», եւ ես ասացի՝ «ուրեմն, ճիշտ էին ասում», եւ երկրորդն ինձ հարցրեց՝ «ի՞նչն էին ճիշտ ասում», եւ ես ասացի՝ «հեչ», եւ առաջինն ինձ ասաց՝ «բան ես ասում՝ մինչեւ վերջ ասա», եւ ես ասացի՝ «ձեզ ախպերական մի բան կարամ ասեմ», եւ երկրորդն ասաց՝ «ասա, դասական ջան», եւ առաջինն ասաց՝ «քայլո՛ղ», եւ ես ասացի՝ «մարդիկ «Տոտոներից» ու էդ տեսակ տեղերից հիմնականում դատարկ ջեբով են դուս գալի», եւ առաջինը զարմացած հարցրեց՝ «այսինքն, հեչ կրող չի ըլնո՞ւմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ով էլ որ կրած ա ըլնում, զանգում՝ տաքսի ա զակազ տալի ու հենց դռան մոտից նստում՝ գնում ա», եւ առաջինը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «հաստա՞տ», եւ ես ասացի՝ «հա. կրողները հազարից մեկ են ըսենց ոտով տուն գնում», եւ երկրորդն ինձ ասաց՝ «էդ մոմենտները մտքներովս չէր անցել», եւ ես ասացի՝ «ձեր գործն է՛լ մի գործ չի», եւ առաջինը երկրորդին ասաց՝ «տենում ե՞ս՝ ինչեր ա ասում», եւ երկրորդը առաջինին վրդովված ասաց՝ «ա՛յ Սուրո, էս դասականը մեզ փող հավքողի տեղ ա դրել», եւ Սուրոն ինձ ասաց՝ «ա՛յ հոպար, կարող ա՞ մեզ գայըշնիկի տեղ ես դրել», եւ ես ասացի՝ «ամեն մեկը մի ձեւով տուն ա պահում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել