Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակային եւ բանական «ուստավներ»

Փետրվար 02,2008 00:00

\"\"Կանոնագրքի պահանջներից շեղումներ չկան

2006 թվականի մայիսին Հայաստանը միացել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած «Խոշտանգումների դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը: Սրանից մեկ տարի անց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը սեփական նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ ուսումնասիրել է ՀՀ ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանները՝ Երեւանի կալանատունը, Լոռու մարզի կալանատունը, ՀՀ զինված ուժերի կարգապահական գումարտակը: Ուսումնասիրության մասին մեզ հետ զրույցում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» մարդու իրավունքների եւ ժողովրդավարության դեպարտամենտի ծրագրերի համակարգող Լիլիթ Պետրոսյանն ասաց, որ զինված ուժերի համակարգում գտնվող փակ հաստատություններում առաջին անգամ էր հասարակական ուսումնասիրություն իրականացվում. «Մի բան, որ աչքի էր ընկնում՝ կալանատներում եւ գումարտակում ֆիզիկական պայմանները շատ ավելի ծանր են ու վատը, քան բանտերում»: Օրինակ, կարգապահական գումարտակի շենքը նախկինում պահեստ է եղել, որ նախատեսված չէ մարդկանց պահելու համար:

Լիլիթ Պետրոսյանի խոսքով, զինված ուժերի կարգապահական հաստատություններում զուտ բանակային այս կամ այն կանոնագրքի տրամաբանությունից եւ պահանջներից շեղումներ չկան, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ կանոնագրքերն են հակասում բանականությանը եւ միջազգային նորմերին՝ գրեթե ամբողջությամբ պահպանվել է խորհրդային «ուստավը»՝ իր անհեթեթություններով: Օրինակ. կարգապահական մեկուսարանների կանոնների համաձայն, զինվորը ծխելու իրավունք չունի, դրա իրավունքն ունեն միայն ենթասպաները: Ինչու զինվորը չի կարող ծխել կամ ինչու սպայի մասին ոչ մի բան չի ասվում, հարցնում է Լիլիթ Պետրոսյանը: Կամ արգելվում է զինվորին անկողին տալ եւ նա պետք է քնի «դատարկ» տախտակամածի՝ «նառի» վրա:

Սրանք ընդամենը մեկ-երկու օրինակ են: Ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությունն ու առաջարկությունների փաթեթը պատրաստ են ու ուղարկվել են ՀՀ ՊՆ՝ սեփական մեկնաբանությունները ներկայացնելու: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մտադիր է ՊՆ մեկնաբանությունները ստանալուն պես հրապարակել ուսումնասիրության արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել