Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ Արմավիրը՝ «աշակերտական» հ/կ-ում

Մայիս 14,2008 00:00

\"\"Կամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը»

Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել արմավիրցիներ ու տեղեկացրել, որ այս մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու առաջինից տասնմեկերորդ դասարանի աշակերտներին պարտադրում են դառնալ «Հայ դպրություն» հ/կ-ի անդամ, տարեկան էլ վճարել 600 դրամ անդամավճար, մինչդեռ պարզ չէ, թե ուր են «գնում» այդ գումարները: «Հայ դպրության» համակարգողն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանն է:

Կապվեցինք վերջինիս հետ: Տիկին Սայադյանը խոստովանեց, որ հստակ չգիտի, թե որն է «Հայ դպրության» նպատակը, ինչով է այն զբաղվում, հետո էլ հավելեց. «Դա նոր բան չէ… Իրենք («Հայ դպրությունը»- Գ. Հ.) միշտ մեզ գրում էին, մենք էլ իրենց աջակցում էինք: Բայց դա ստիպողաբար չէ, ուսուցիչներն ու աշակերտներն էլ կամավոր սկզբունքով են աջակցում: Երեխաներին անդամության գրքույկներ ենք տվել՝ երեք տարով: Դա արել ենք դեռ տարիուկես առաջ ու բավականին մեծ ակցիայով գրքույկները բաժանել»: Չնայած մեր տեղեկություններով առաջին դասարանցիներն էլ են հ/կ-ական, բայց տիկին Սայադյանը հավաստիացրեց, որ դա վերաբերում է միայն 5-11-րդ դասարանցիներին եւ «Հայ դպրությանը» անդամակցելու մեջ վատ բան չկա, քանի որ դա տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Հարցին՝ արդյո՞ք իմաստ ունի երեխային թեկուզ ամենահումանիստական հ/կ-ի անդամ դարձնելը, անդամավճար գանձելը եւ անդամատոմս-գրքույկներ տալը, որից նրանք հաստատ գլուխ չեն հանում, տիկին Սայադյանը պատասխան չուներ: Նա ասաց, որ ծնողներն են երեխաների անդամավճարները մուծում, դպրոցներում դրանք հավաքվում են ու հետո փոխանցվում համապատասխան հաշվեհամարին, իսկ եթե որեւէ ծնող դժգոհել է, ուրեմն «ծնող-ուսուցիչ հարաբերություններն են պատճառը եղել»: Գ. Սայադյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե «Հայ դպրությունը» քանի՞ ուսուցիչ ու աշակերտ է միավորում Արմավիրի մարզում: Նա չկարողացավ հստակ թիվ ասել. «Առանձին-առանձին չեմ հիշում, բայց բոլորը միասին երեւի մի 3000 հոգի: Այդ կազմակերպությունը լավ գործ է անում, անվճար գրականություն, թատրոնի տոմսեր է տրամադրում դպրոցներին: Բացի այդ, դպրոցի կառավարման խորհուրդն իրավունք ունի ունենալ հոգաբարձուների խորհուրդ, գումար հավաքել եւ տնօրինել իր դպրոցի համար, ինչը մենք չենք արգելում, եթե դա նպատակին է ծառայում: Գուցե հիմա՞ էլ նման բան են անում: Եթե ասեիք՝ ո՞ր դպրոցից են բողոքել, ավելի հստակ կպատասխանեի»: Մենք, բնականաբար, դպրոցների եւ ուսուցիչների անուններ չտվեցինք, որովհետեւ գիտենք, թե «ապստամբներին» կարգի հրավիրելու ինչ մեթոդներ են գործում Արմավիրի մարզում: Տիկին Սայադյանը նաեւ արդարացավ, որ Արմավիրում անգամ դասագրքերի գումարն է դժվարությամբ հավաքվում, եւ գուցե դպրոցական համազգեստի պատճառով առաջացած աղմուկի շարունակությունն է այս դժգոհությունը: Հիշեցնենք, որ այստեղ ամենադժնի միջոցներով «համազգեստավորեցին» աշակերտներին: Ծնողների զայրույթը մեղմելու համար մարզպետը խոստացել էր ինքն էլ աշակերտական հագուստով շրջայց կատարել դպրոցներում, թեեւ այդպես էլ խոստումը չպահեց:

«Առավոտը» պարզաբանում ստանալու ակնկալիքով կապվեց նաեւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ: Նա ասաց, որ լսել է «Հայ դպրություն» կազմակերպության մասին: «Բայց որ Արմավիրի մարզում երեխաներն էլ են անդամավճար մուծում, առաջին անգամ եմ լսում,- տարակուսած հայտնեց հանրակրթության վարչության պետը՝ հավելելով,- չեմ հասկանում, երեխայի ինչի՞ն է պետք որեւէ կազմակերպության անդամակցելը»: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել