Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկները՝ թումանյանական թեմաներով

Հունիս 07,2008 00:00

1990թ. Լոս Անջելեսում բացվեց գեղանկարիչ Սամվել Սեւադայի արվեստանոցը: 2 տարի առաջ գեղանկարիչը որոշեց հայրենիքում եւս ունենալ «Սեւադա» արվեստանոց: Երեկ էլ Հովհ. Թումանյանի թանգարանում բացվեց Երեւանի «Սեւադա» արվեստանոցի սաների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Թումանյանը եւ մենք» խորագրով: Սա Երեւանի արվեստանոցի սաների երկրորդ ցուցահանդեսն է: Այս արվեստանոցում սովորում է շուրջ 50 երեխա: «Ես 17 տարի այս գործով եմ զբաղվում, իմ արվեստն եմ փոխանցում հայ մանուկներին,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ս. Սեւադան ու հավելեց:- Արվեստանոցում տարիքային սահմանափակում չկա, երեխաներին սովորեցնում ենք գեղանկարչություն, գծանկար, կոմպոզիցիա, դիզայն, լուսանկար, նաեւ համակարգչային դիզայն»:

Երեկ ներկայացված էր 80 աշխատանք՝ Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով: «Ես Թումանյանի գործերը շատ եմ սիրում: Ամենաշատը «Ծիտը» հեքիաթն եմ սիրում, որը եւ նկարել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց 7-ամյա Անժելան: Հետո էլ ավելացրեց. «Մեկ էլ պարոն Սեւադային եմ սիրում»: Իսկ այն հարցին, թե ի՞նչ է ուզում դառնալ, նշեց. «Հայտնի նկարիչ պարոն Սեւադայի նման»: 6-ամյա Իվետան, մայրիկի պատմելով, շատ հաճախ արվեստանոցից չի ցանկանում վերադառնալ տուն. «Երբ 2 տարի առաջ մեր տան հենց կողքը սկսվեց շինարարություն եւ հետո իմացա, որ այն գեղանկարչական արվեստանոց է լինելու, նկատելով աղջկաս սերը նկարչության հանդեպ՝ որոշեցի նրան անպայման տանել դասընթացներին»: Ինչպես Իվետան նշեց, ամենաշատը սիրում է ծաղիկներ նկարել, մարտի 8-ին էլ մայրիկին իր նկարած ծաղիկով է շնորհավորել: 10-ամյա Յուրին էլ ցուցահանդեսին ներկայացել էր «Քաջ Նազար» նկարով: «Այս նկարում մի քիչ օգտվել եմ գրքից, կային դժվար դետալներ: Բայց քանի որ թեման Թումանյանն էր եւ ինձ շատ հոգեհարազատ, հեշտ հաղթահարեցի դժվարությունները»: Այն հարցին, թե ինչ է ուզում դառնալ, մի փոքր մտորելուց հետ անկեղծացավ. «Նկարիչ-ճարտարապետ»: Ցուցահանդեսը, որ նախաձեռնել են «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը եւ Հովհ. Թումանյանի թանգարանը, «կշրջի» նաեւ ԱՄՆ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել