Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ «ՑԵՄԵՆՏՎԵՑԻՆ»

Դեկտեմբեր 05,2008 00:00

Նախաքննությունը կրկնակի թերի ընթացավ

Կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող, ջութակահար Արամ Մելիքյանի հետ պատահած դեպքին «Առավոտն» անդրադարձել է մի քանի անգամ: Ուսանողն այս տարվա փետրվարի 27-ին, ժ. 23-ի սահմաններում, մասնակցելով ծաղկաձորյան սեմինարներից մեկին, «Ռիպա» հանգստյան տան 4-րդ հարկից ցած էր ընկել, քանի որ միամտաբար հենվել էր բաց պատշգամբի հենաբազրիքին: Ապագա երաժիշտը ստացել էր կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ. նրա աջ ձեռքը մինչ օրս չի գործում (մասնագետների գնահատմամբ նա ընդմիշտ կորցրել է իր մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունը), լյարդն ու փայծաղը պայթել էին, նա ստացել էր մարմնական բազմաթիվ վնասվածքներ: Միայն հրաշքով է երիտասարդը ողջ մնացել: Վիրահատվել է մի քանի անգամ, եւ այդ բոլոր ծախսերը հոգացել են երիտասարդի մանկավարժ ծնողները, որոնց երկու տղաները ներկայումս ծառայում են բանակում, եւ ընտանիքն էլ նյութապես ապահովված չէ:

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: «Առաջին» քրեական գործի ժամանակ «պարզվեց», որ Արամը «սեփական նախաձեռնությամբ» է ընկել պատշգամբից: Նախաքննությունը տեղից չէր շարժվել. չէր ուսումնասիրվել դեպքի վայրը, պատշգամբը, բազրիքը, հետեւաբար՝ որոշ ապացույցներ վերացնելու հնարավորություն կար: «Առաջին» քրեական գործի վարույթը մայիսի 14-ին, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, փակվեց:

«Առավոտի» հրապարակումներից հետո («Ջութակահարին չեն փոխհատուցել», «Ջութակահարի գործով որեւէ մեկը պատասխան չի տվել. հանգստյան տունը դեռ հանգիստ է», հունիսի 23, օգոստոսի 26) գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից օգոստոսի 26-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացվել է, եւ հարուցվել է քրեական գործ: «Երկրորդ» քրեական գործի նախաքննության ժամանակ «կատարված տեղազննության ժամանակ հետազոտման առարկա հանդիսացող բռնաձողը գտնվել է ամբողջությամբ վերանորոգված վիճակում եւ նման պայմաններում հնարավոր չի եղել պարզել, թե բազրիքի հորիզոնական ձողն ամրացված եղե՞լ է համապատասխան ձեւով, թե՞ ոչ, եւ այն պոկվել է հենվելո՞ւ եղանակով, թե՞ այլ եղանակով»: Նշանակվել էր մետաղագիտական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել էր, որ «դեպքի վայրը եւ հետազոտելի օբյեկտները պահպանված չլինելու պատճառով» հարցերին հնարավոր չէ պատասխանել, հետեւաբար՝ փորձաքննությունը թողնվել է առանց կատարման:

Տուժող կողմը պահանջել էր մանեկենի միջոցով փորձաքննություն անցկացնել: Սակայն Հայաստանում այս էլ երկրորդ անգամ («Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի գործով էլ- Ռ. Մ.), կոնկրետ գործով «համապատասխան մասնագետ եւ տեխնիկական հնարավորություն՝ տուժողի ֆիզիկական տվյալներին համապատասխան մանեկեն պատրաստելու համար» ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնը չգտավ: Հետեւաբար, ձախողվեց եւ քննչական փորձարարությունը: Այս թերի վարույթն ավարտվեց նոյեմբերի 26-ին՝ նրանով, որ քրեական գործի վարույթը կարճվեց: Բազմակողմանի քննություն չկատարվեց, չգնահատվեց վկաներից, օրինակ, Վահան Հովհաննիսյանի այն ցուցմունքը, որն ասել էր նախաքննության ժամանակ. իր սենյակի պատշգամբի վերին հորիզոնական ձողն ամուր չի եղել, սակայն ինքն այս մասին որեւէ մեկին չի ասել: Կամ մասնագիտական այն եզրակացությունը, ըստ որի՝ «Ռիպա» հանգստյան տան հետազոտված սենյակների պատշգամբների մետաղական բազրիքները չեն ապահովում քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտի պահանջները: Եվ վերջապես, մենք մասնագետ ենք կորցրել, իսկ ընտանիքը՝ աշխատող ուժ: Նրա համար ո՞վ է պատասխան տալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել