Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարի՞ է պետք

Հունվար 13,2009 00:00

Նոյեմբերյանի փողոցներում փոքր հարցումը ցույց տվեց, որ ժողովուրդն այնքան էլ տեղյակ չէ 2008թ. հոկտեմբերի 3-ին ԱԺ-ին եւ ժողովրդին Սերժ Սարգսյանի հղած ուղերձին:
– Ուղերձից հետո մեր հանրապետության կյանքում դրական փոփոխություններ նկատելի՞ են:
Ի պատասխան՝ մանկավարժ Արմեն Ամիրաղյանը ծիծաղում է:
– Կաշառակերության դեմ պայքարը չի՞ ուժեղացել, անպատժելիության մթնոլորտը չի՞ փոխվել, պաշտոնյաներն ավելի պատասխանատու չե՞ն դարձել ժողովրդի առաջ,- հարցապնդման մեջ համառում եմ:
– Միայն ձեւ են տալիս, որ փոխվել են, բայց իրականում այդպես չէ: Դրական է, որ լրատվամիջոցները որոշակի առումով թեքվել են դեպի ժողովուրդը, օրինակ, որոշ հեռուստաընկերություններ մարդկանց հոգսերը արծարծող «թեժ գիծ» են բացել, կենցաղային խնդիրները լուծելու համար, իրենց վկայությամբ, պաշտոնյաների հետ կռիվ են տվել:
– Սերժ Սարգսյանի ուղերձին տեղյակ չեմ, չեմ հիշում,- ասաց հաշմանդամության թոշակառու Արմեն Սիմոնյանը:
ՀՅԴ Տավուշի մարզային կառույցի ներկայացուցիչ Կարո Ղուլիջանյանին հանդիպեցի Նոյեմբերյանի քաղաքապետարանի աստիճաններին՝ փաստաթղթեր ձեռքին:
– Ճշմարիտն ասած, պետական մարմինների վերաբերմունքի մեջ փոփոխություն եմ նկատել: Փաստաթղթային ձեւակերպումների հետ կապված քաշքշուկները նախկինում օրեր, շաբաթներ էին տեւում, դրանք որոշակիորեն կրճատվել են, կոռուպցիան նվազել է: Գործի բերումով ես շփվում են այդ մարմինների հետ: Այսօր էլ թղթեր եմ ձեւակերպել եւ կադաստրի, նոտարի ու բանկային համակարգի հետ եմ գործ ունեցել, փաստաթղթային ձեւակերպումները հիմա անհամեմատ արագ են արվում:
– Գուցե որպես կուսակցական պաշտոնյայի, քեզանից երկյուղո՞ւմ են:
– Չէ,- ժպտում է նա:- Նախկինում ես խնդիրներ ունեցել եմ:
Նախագահի ուղերձից հետո փոփոխությունների վերաբերյալ Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տնօրեն Սամվել Բեգլարյանի կարծիքն էլ հետեւյալն էր.
– Կոռուպցիան եւ բյուրոկրատիան Հայաստանում այնքան խոր արմատներ ունեն, որ անկախ հարգարժան նախագահի ցանկությունից, անկախ նրա ուղերձից, հնարավոր չէ մի ուղերձով, մի կոչով դրանք վերացնել: Այդ ուղերձը հատկապես մտավորականության շրջանում, որն ամենաքիչ կոռումպացվածն է, դրական արձագանք է գտել՝ դա միանշանակ է: Ցավոք, նախագահի ուղերձին դրականորեն, էմոցիոնալ առումով արձագանքում են նրանք, ովքեր քիչ են կոռումպացված: Բայց դա էլ նշանակություն ունի: Ո՞վ է նրանց կոռումպացնում: Նաեւ մենք՝ բոլորս, տալիս ենք, չէ՞: Կաշառակերին ո՞վ է կաշառք տալիս՝ սովորական մարդը:
– Նախագահի ուղերձից հետո փոփոխությունները չէին կարող միանգամից լինել: Այդ փոփոխությունները պետք է ընդգրկեն մեր կյանքի տարբեր ոլորտներ՝ սոցիալ-տնտեսական, արտաքին-քաղաքական, գիտա-կրթական, հոգեւոր-մշակութային բնագավառները, եւ ի վերջո այդ արդյունքները կարող ենք տեսնել մեկ, մեկուկես տասնամյակ անց,- կարծում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ Մհեր Ղազինյանը:
– Սերժ Սարգսյանի ուղերձին տեղյակ չեմ,- ասաց Նոյեմբերյան քաղաքի լրագրի կրպակի աշխատող Մանիկ Բեգլարյանը:
Նա նաեւ անտեղյակ էր, թե երկրի ղեկավարի ուղերձից հետո մեր կյանքում ինչ դրական տեղաշարժեր են կատարվել:
– Քանի գնում, կյանքը վատանում է, թե ֆինանսական, թե այլ առումներով,- համոզված է տիկին Մանիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել