Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական վանդալիզմ

Հունվար 30,2009 00:00

«Կովկասի լենինին» մերժելով՝ ադրբեջանցիներն, ըստ կոմունիստ Ռուբեն Թովմասյանի, մոլագարի տպավորություն են թողնում:

«Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Բաքվի 26 կոմիսարների աճյունները վերահուղարկավորելուն եւ այդ առիթով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ Ստեփան Շահումյանի գործունեությունը կասկածի տակ առնելը ադրբեջանական լրատվամիջոցների հերթական վայնասունն է՝ «իրենց վանդալիզմը թաքցնելու համար: Նմանատիպ վայնասուն էլ բարձրացրեցին Նախիջեւանի խաչքարերը կոտրելիս: Եվ այսօր ոմն Ակբեր Հասանով լակեյը, որը մոտ է կանգնած ադրբեջանական իշխանություններին եւ իշխանական կերակրատաշտին, ցանկանում է նսեմացնել Ստեփան Շահումյանի եւ 26 կոմիսարների կերպարը՝ նրանց անվանելով Կրեմլի կողմից քաջալերվող հայկական տեռորիզմի նախնիներ, հիմք ընդունելով Բերիայի եւ այդպիսի թափթփուկների ասածները: Հակասովետիզմը եւ հակակոմունիստական հիստերիան մարդիկ դարձրել են ապրելու միջոց եւ մոռանում են, որ այդ ամենը վաղեմության ժամկետ չունի, եւ նրանք պատասխան են տալու պատմության առջեւ: Ստեփան Շահումյանի եւ 26 կոմիսարների կյանքի գնով կայացավ Ադրբեջանի Հանրապետությունը. նրանց հիշատակի վրա ստվեր գցելն այսօր առնվազն կուրություն կամ մոլագարություն է: Վերջինիս համար ադրբեջանական իշխանությունը միշտ պատրաստի կադրեր ունենում է: Ստեփան Շահումյանը հայ ժողովրդի լավագույն զավակներից է, նա այն անձն է, որը ոչնչով ետ չէր մնում Լենինից, եւ որին վստահում էր Լենինը. պատահական չէր, որ նրան անվանում էին Կովկասի լենին: Նման վայնասուններով, վայրահաչություններով ժխտելով Ստեփան Շահումյանի աճյունը, միեւնույն է՝ մեր կամքը կոտրել չեն կարող: Այդ ոռնոցով ոչ Ադրբեջանի իշխանությունը, ոչ նրա «շաբաշով» հանդես եկող անձինք իրենց վայրագությունը չեն քողարկի»:

Հիշեցնենք, որ դեռ 2008-ի հունիս ին էր ՀԿԿ-ն դիմել ՀՀ նախագահին՝ Ստեփան Շահումյանի աճյունը Հայաստան տեղափոխելու համար: Իսկ մեկ շաբաթ առաջ նույն խնդրանքով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին: Ավելի վաղ ՀԿԿ-ն փորձել էր նաեւ մշակութային ժառանգության պահպանության միջազգային կազմակերպությունների միջոցով կանխարգելել հուշահամալիրի քանդումը, սակայն ապարդյուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել