Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիերենի դասավանդումը տապալվո՞ւմ է

Փետրվար 11,2009 00:00

Ըստ եզդիերեն դասավանդող մանկավարժների՝ մարզերի դպրոցների եզդիական դասարաններ հաճախող աշակերտների ծնողները ցանկանում են եզդիերենի որոշ դասաժամեր տրամադրել հայոց լեզվին:

Օրերս, երբ մի առիթով գտնվում էինք կրթության եւ գիտության նախարարությունում, այստեղ «կռվի» էր եկել Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա դժգոհում էր, որ Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի մարզերում տեղակայված եզդիաբնակ գյուղերում, որոնց որոշ հանրակրթական դպրոցներում գործում են եզդիալեզու դասարաններ, պետականորեն հաստատված ուսումնական պլանները խախտվել են: Ըստ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ուսումնական պլանների՝ եզդիական դասարաններում եզդիերեն պիտի դասավանդվի՝ սկսած առաջին դասարանից: Այնինչ, ներկայումս այդպիսի դպրոցներում գործող եզդիական դասարաններում առաջին դասարանում եզդիերեն ընդհանրապես չեն դասավանդում, իսկ երկրորդում չեն հետեւում ուսումնական պլանին՝ 7 դասաժամի փոխարեն պարապում են ընդամենը 4-ը: Նկատենք, որ մի կողմից Եզդիների միության նախագահի պահանջը տեղին է, քանի որ, ինչպես մենք՝ հայերս ենք պահանջում, որ ջավախահայ աշակերտներին վրացական դպրոցներում դասավանդեն մայրենի լեզու, այնպես էլ եզդիների երեխաները սեփական մայրենի լեզուն դպրոցում սովորելու իրավունք ունեն: Սակայն մյուս կողմից էլ՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի «հետաքննությունը» բացահայտեց հետեւյալը. «Խնդիրն այն է, որ մարզերի դպրոցներում, որտեղ կան եզդիական դասարաններ, ուսումնական պլանները հաճախ փոփոխության են ենթարկվում՝ ելնելով նաեւ ծնողների, աշակերտների պահանջից: Պատճառն այն է, որ նրանց պարագայում կա հայերենի իմացության խնդիր: Մանկավարժներն ինձ բացատրեցին, որ երբ եզդի երեխան գալիս է առաջին դասարան, նա եզդիերեն բավականաչափ գիտի, իսկ հայերենին ընդհանրապես չի տիրապետում: Ուստի պիտի հայերենին ավելի շատ ժամեր տրամադրեն, որ աշակերտը հնարավորություն ունենա սովորել այն երկրի լեզուն, որտեղ ապրում է: Հենց այս պատճառով էլ եզդիական դասարաններ ունեցող՝ մարզերի շատ դպրոցներում եզդիերենը սկսում են դասավանդել երկրորդ դասարանից, այլապես՝ առանց հայերենի իմացության, երեխան ի վիճակի չի լինի յուրացնել հետագա ծրագրերը»: Վարչության պետը նաեւ հեռախոսով կապվեց Սանգյար գյուղում եզդիերեն դասավանդող ուսուցչուհի Գյուլիզար Թամոյանի հետ: Հետաքրքրվեց՝ առաջին դասարանում Գյուլիզար Թամոյանը եզդիերեն դասավանդո՞ւմ է: Պատասխանը հետեւյալն էր. «Եզդիերեն պարապում ենք երկրորդ դասարանից սկսած՝ մեկ ժամով, մյուս դասարաններում՝ երկուական դասաժամերով, մնացած դասաժամերն օգտագործում ենք հայերենի դասավանդման համար»:

Ազիզ Թամոյանի բարձրացրած դժգոհությունը ինչ-որ տեղ նաեւ սուբյեկտիվ է, քանի որ հարց է առաջանում, ասենք՝ բարձր դասարաններում ինչպե՞ս պարապեն եզդիերեն, եթե դրա համար նախատեսված դասագրքեր կան միայն մինչեւ 5-րդ դասարանի համար: Այս հարցին պարոն Թամոյանն այսպես է պատասխանում. «Այդ դասագրքերը բավականին ծավալուն են, եւ ուսուցիչները բարձր դասարաններում կարող են եւս դասավանդել դրանցով, քանի որ չանցած թեմաներ անպայման մնում են: Ես հանդիպել եմ նաեւ մարզերում տեղակայված եզդիաբնակ գյուղերում ապրող ծնողների հետ, նրանք բոլորն էլ ուզում են, որպեսզի իրենց երեխաները եզդիերեն պարապեն»:

Քննարկման ավարտին, հանրակրթության վարչության պետն «Առավոտին» տեղեկացրեց, որ, այնուամենայնիվ, ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ուսումնական պլանները մայիսին նորից քննարկման կենթարկվեն, եւ հնարավոր է՝ դրանք ինչ-ինչ փոփոխություններ կրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել