Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդուն հունից հանելու 5 միջոց

Փետրվար 12,2009 00:00

Կանանց կողմից հնչեցվող՝ տղամարդկանց նյարդայնացնող արտահայտությունների ամենաթեժ հնգյակը:

Կին- տղամարդ բարդ հարաբերությունները միշտ են հուզել մարդկանց: Մտածելակերպի, զգացողությունների տարբերությունը սեռերի մոտ միշտ էլ առաջացրել է բազում խնդիրներ: Այդ խնդիրները հուզում են նաեւ հոգեբաններին, որոնք փորձում են միջսեռային հարաբերություններում գտնել ոչ միայն հակադրություններ, այլեւ՝ նմանություններ, ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու, թե հատկապես ինչպիսի միջադեպերի պատճառով են վեճեր առաջանում կանանց եւ տղամարդկանց միջեւ: Մի ուսումնասիրության արդյունքում մասնագետները հայտնաբերել են տղամարդկանց ամենաշատը նյարդայնացնող 5 արտահայտություն, որոնք հնչեցվում են կանանց կողմից: Առաջին հորիզոնականում է կանանց՝ իրենց սիրեցյալին ուղղված սիրո խոստովանությունը, որ կրկնվում է օրական մի քանի անգամ, եւ անպայման ավարտվում նմանատիպ խոստովանություն լսելու բացահայտ կամ քողարկված պահանջով: Օրինակ՝ տղամարդկանց կարող է հունից հանել այս արտահայտությունը. «Սիրելիս, ես քեզ սիրում եմ, իսկ դու ի՞նձ»: Մյուս արտահայտությունն այն է, երբ կինը ամուսնու կամ զուգընկերոջ հետ խոսելիս որեւէ նախադասություն սկսում է հետեւյալ բառերով. «Մայրիկս կարծում է, որ…»:

Ամենանյարդայնացնող արտահայտությունների երրորդ հորիզոնականում են կանանց այն դժգոհությունները, որոնք կասկածի տակ են դնում իրենց զուգընկերոջ պահվածքը: Օրինակ՝ հռետորական թվացող այս հարցը. «Ե՞րբ ես վերջապես տղամարդ դառնալու»: Այս արտահայտությունը արտասանելուց հետո անպայման ձեր սիրեցյալը ցույց կտա իր «տղամարդկությունը»՝ ուժի, բռնության կիրառման կամ ձայնի բարձր տոնի միջոցով: Ըստ հոգեբանների՝ տղամարդիկ տանել չեն կարողանում նաեւ «Ահա իմ նախկին ընկերը» արտահայտությունը: Բառային չափից ավելի փաղաքշանքները, օրինակ, «Փիսիկս, կարո՞ղ ես մուրճիկով մեխիկը պատին մեխել, որ նկարը կախենք»՝ եւս հունից հանում են տղամարդկանց: «Առավոտը» նշված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ ստացավ հոգեբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Հարությունյանից: Կանանց՝ իրենց սիրեցյալին փոխադարձ սիրո մասին անընդհատ հարցեր տալու վերաբերյալ հոգեբանն ասաց. «Կանայք չեն կարող այդ հարցը չտալ, քանի որ նրանց մոտ զարգացած է լսողական անալիզատորը: Քանի որ տղամարդկանց մոտ զարգացած է տեսողական անալիզատորը, այն, ինչ կանայք ուզում են անընդհատ լսել, տղամարդկանց համար հաճախ ոչ մի արժեք չունի: Սա նորմալ երեւույթ է: Բայց տղամարդիկ պիտի մի քիչ համբերատար լինեն, իսկ կանայք վերահսկեն իրենց հարցերի քանակը»: Խոսելով միջանձնային հարաբերությունների մասին՝ Ս. Հարությունյանը նշեց. «Այդ հարաբերություններին պիտի սովորել: Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանում դրանք իսպառ բացակայում են, մարդիկ ամուսնանում են՝ դերային ֆունկցիոնալ տարբերակումներն անգամ չիմանալով»:

Անդրադառնալով «մայրիկի» թեմային, հոգեբանը նշեց. «Կնոջ կողմից անընդհատ իր մորը հղումներ կատարելը, իհարկե, կնյարդայնացնի տղամարդուն, քանի որ դա վկայում է այն մասին, որ կինը՝ որպես անձ, հասուն չէ, պատրաստ չէ ընտանեկան կյանքում իր վրա պատասխանատվություն վերցնել: Եթե տղամարդն անընդհատ հղումներ կատարի իր ծնողներին, դա նույնպես կջղայնացնի կնոջը»: Կանանց սիրեցյալների՝ տղամարդկային հատկանիշները կասկածի տակ դնելը հոգեբանն այսպես է մեկնաբանում. «Միշտ էլ հեշտ է մարդուն ցույց տալ իր թերությունները, քան նրան օգնել հաղթահարել դրանք: Եթե այդպիսի դժգոհություն հնչեցնող կանանց փորձես հարց տալ՝ ի՞նչ է նշանակում տղամարդ լինելը, կասկածում եմ՝ թե կկարողանան պատասխանել: Այժմ նախնադարյան հասարակարգում չենք ապրում, երբ տղամարդը պիտի գնա մթերք բերի, իսկ կինը ճաշ պատրաստի: Այժմ ֆունկցիոնալ բաշխումներն այլ են, եւ կնոջն ու տղամարդուն պիտի դիտել որպես գործընկերներ»: Կանանց՝ չափից ավելի սիրալիր արտահայտություններ օգտագործելու սովորության մասին էլ Ս. Հարությունյանն ասաց. «Այստեղ դեր է խաղում կնոջ եւ տղամարդու աշխարհընկալման տարբերությունը: Մյուս կողմից էլ այդ փաղաքշական արտահայտությունները հարմար են, երբ դիմում ենք երեխային: Երբ կինը չափից ավելի փաղաքշական է լինում, դա խոսում է կնոջ՝ ոչ հասունության մասին: Իհարկե, պետք է սիրալիր խոսքեր ասել, բայց դրանք ոչ թե պիտի լինեն պարզապես «իկ»-երով ավարտվող բառեր, այլ զգացմունք պարունակեն»: Խոսելով կին- տղամարդ հարաբերությունների այն հայկական «ավանդույթի» մասին, ըստ որի՝ տղամարդն անպայման պիտի իմանա եւ ծանոթանա այն անձանց հետ, որոնք ժամանակին համակրել են իր զուգընկերոջը, հոգեբանն ասաց. «Այստեղ տղամարդը կամ կինը պիտի բարի լինի կյանքի ներկա փուլով ապրել եւ զուգընկերոջը չտանել անցյալ, քանի որ այն արդեն չկա, ապագան էլ դեռ չի եկել: Իսկ երբ աղջկան 16 տարեկանում ամուսնացնում են, ասելով՝ տանենք մեր տուն, մեր ձեւով դաստիարակենք, սա արդեն աբսուրդ է, այստեղ անձի անհատականությունն է ճնշվում: Լինի աղջիկ, թե տղա, նախ պիտի հասունանա որպես անձ, հետո նրանց դիտարկենք՝ որպես կին եւ տղամարդ, որ պատրաստ է ընտանիք կոչվող առեղծվածային երեւույթին: Մարդ պիտի իր ընտանիքում ազատ լինի եւ իրեն լիարժեք զգա: Այդպիսի ընտանիքում նման խնդիրներ չեն առաջանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել