Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 21,2009 00:00

ԼԱՏՎԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Երեկ Լատվիայի նախագահ Վալդիս Զելտերսը հայտարարեց, որ ընդունել է Իվար Գոդմանիսի կառավարության հրաժարականը: Ըստ BBC-ի, դա էին պահանջում իշխանական կոալիցիայի 4 կուսակցություններից երկուսը: Կառավարությունը սրընթաց կերպով կորցնում էր իր վարկը՝ ահագնացող տնտեսական ճգնաժամին զուգընթաց: Հունվարի 13-ին կառավարության դեմ բողոքները վերաճեցին զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում տուժել է մոտ 40 հոգի: Փետրվարի վերջին խորհրդարանում բարձրացվեց կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, սակայն այն ժամանակ Գոդմանիսի կաբինետը դիմացավ փորձությանը: Անցած տարի Լատվիան ստիպված էր Արժույթի համաշխարհային հիմնադրամից $9,4 միլիարդ դոլարի վարկ վերցնել: Երկրի ֆինանսների նախարարության կանխատեսումներով, այս տարի Լատվիայի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 12%-ով: Կառավարության նոր կաբինետի ձեւավորման վերաբերյալ բանակցություններում մասնակցում են խորհրդարանի բոլոր խմբակցությունները. քաղաքական գործիչները գտնում են, որ ճգնաժամի պայմաններում կառավարական նոր կոալիցիան պետք է ունենա հնարավորինս մեծ աջակցություն խորհրդարանում:

ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ՞

«Գոյություն չունի Ջավախքի խնդիր, գոյություն ունի սոցիալ-տնտեսական խնդիր Ջավախքում՝ ինչպես Վրաստանի այլ շրջաններում: Վրաստանը այսօր շատ ծանր վիճակում է՝ Ռուսաստանի ագրեսիայից հետո»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ Երեւանում հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Վաշաձեն հավելեց. «Եթե Հայաստանում կարծում են, որ Քութաիսիում մարդիկ ավելի լավ են ապրում, քան Սամցխե-Ջավախքում, ապա խորապես սխալվում են: Հաճախ նույնիսկ ավելի վատ են ապրում»: Վրաստանի արտգործնախարարի խոսքով, ոչ մի կառավարություն այդքան չի արել ազգային փոքրամասնությունների համար, որքան Վրաստանի կառավարությունը 2003 թվականից ի վեր. «Մեր խնդիրն այն է, որ վիրահայերի ինտեգրումը Վրաստանի հասարակական կյանքին չի ընթանում այն տեմպերով, որ ցանկանում են Վրաստանի հայ համայնքը եւ Վրաստանի կառավարությունը»: Այս կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Վիրահայությանը հետաքրքրող բոլոր հարցերը միշտ շահագրգիռ, անկեղծ քննարկման առարկա են հայ-վրացական բոլոր հանդիպումների ընթացքում: Չկան խնդիրներ, որոնք մենք համագործակցաբար չենք կարող լուծել»: Գ. Վաշաձեն անդրադարձավ նաեւ Վրաստանում լրտեսության եւ ապօրինի զինված խմբեր ստեղծելու կասկածանքով հունվարի 22-ին Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգորի Մինասյանի եւ «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանի կալանավորմանը: Վրաստանի արտգործնախարարը դա խնդիր չի համարում, քանի որ, ըստ նրա՝ կալանավորվել են Վրաստանի երկու քաղաքացիներ. «Սակայն նրանք ձերբակալվել էին ոչ այն պատճառով, որ ապրում են Ջավախքում կամ ազգությամբ հայ են, այլ որովհետեւ կան փաստեր, որ կալանավորված անձինք հանցագործություն են կատարել»:

«ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ» ԿՐՔԵՐ

Վրացական «Ստոֆանի եւ G3» խմբի «We Don՚t Wanna Put in» երգը, որը մայիսի 12-ին մասնակցելու է «Եվրատեսիլին», խոսքերի մասով փոփոխություններ չի կրի, հայտարարել է այդ խմբի ծրագրի ղեկավար Նաթիա Ուզնաձեն, հաղորդում է newsru.com կայքը: Ուզնաձեն հերքեց ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ երգչուհի Դիանա Գուրցկայայի նախաձեռնությամբ երգի խոսքերը խմբագրվել են: «Ստոֆանի եւ G3»-ի կազմը հայտարարեց, որ իրենց երգը բողոք է Ռուսաստանի քաղաքականության դեմ: Ռուսաստանյան մշակույթի շատ գործիչներ իրենց դժգոհությունն են արտահայտել երգի տեքստի վերաբերյալ: Օրինակ, «Եվրատեսիլ-2008»-ի հաղթող Դիմա Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հայտարարել է, որ նման երգը «անբարոյական» է համարում: Նա կոչ է արել «Եվրատեսիլի» խորհրդին եւ ՌԴ Առաջին ալիքի ղեկավարությանը թույլ չտալ, որ երգը մասնակցի մրցույթին, որովհետեւ այն վիրավորում է Ռուսաստանին: «Եվրատեսիլը» լուրջ մրցույթ է եւ ոչ թե ինչ-որ էժանագին կրպակ»,- հայտարարել է Ռուդկովսկայան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել