Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Փետրվար 24,2009 00:00

Ի պատասխան Ռուսաստանում ապրող հայազգի գործարարի այն դիտարկմանը, որ Հայաստանում հյուրընկալվելը շատ թանկ է, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց՝ չէ՞ որ սա ձեր հայրենիքն է:

\"\"
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, տնտեսական ճգնաժամը առիթ է, որպեսզի հայերը վերադառնան իրենց հայրենիք:

«Հայկական Դավոս» անվանումը ստացած վեցերորդ միջազգային տնտեսական համաժողովի հիմնական նպատակն, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այն է, որ միջազգային հանրությունը եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, տարվելով Հայաստանի գրավչությամբ, իրենց ներդրումներն ու բիզնեսը տեղափոխեն Հայաստան: Իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Տ. Սարգսյանի համոզմամբ, ժամանակ է, որպեսզի օտար երկրներում ապրող հայերը մտածեն հայրենիք վերադառնալու մասին: Նշենք, որ համաժողովից մի քանի օր առաջ արդեն Ծաղկաձոր էին ժամանել օտարերկրացի գործարարներ, պաշտոնյաներ ու նաեւ արտերկրում բիզնես ունեցող մեր հայրենակիցները: Ինչպես պարզվեց, վարչապետի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի «գլխավորած» կլոր սեղանի ընթացքում, արտերկրի հայ գործարարներն այնքան էլ ոգեւորված չեն Հայաստանի գրավչությամբ ու չեն շտապում մեր երկրում ներդրումներ անել: Օրինակ, ՌԴ Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Սերգեյ Կալենջյանը վարչապետին ու մյուս պաշտոնյաներին խորհուրդ տվեց իրենց «Ջիփերով» շրջագայելու փոխարեն, ոտքով զբոսնել տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում, քանի որ անձամբ ինքը, քաղաքում շրջելիս, շատ հետաքրքիր բաներ է բացահայտել: Ս. Կալենջյանը պատմեց, որ ուշադիր հետեւել է, թե ինչպես Ծաղկաձորում հանգստացող 4 նորվեգացիներ մոտեցել են քաղաքի կենտրոնում տեղակայված մի քանի բանկոմատների, սակայն դրանք բոլորն էլ եղել են անսարք: Բացի այդ, ըստ Ս. Կալենջյանի, Ծաղկաձորում հանգստացողը պարզապես թալանվում է, որովհետեւ հյուրանոցների եւ մատուցվող ծառայությունների գներն ավելի բարձր են, քան Շվեյցարիայում, ինչն արդեն իսկ խոչընդոտ է Հայաստան գալու համար: Նկատի ունենալով ռուսաստանցի տնտեսագետի ազգությամբ հայ լինելը, գների վերաբերյալ դժգոհությանն ի պատասխան, Տ. Սարգսյանն ասաց «Չէ՞ որ սա ձեր հայրենիքն է»: Սակայն սրանք Ս. Կալենջյանի՝ մեր կառավարությանն ուղղված միակ դիտողությունները չէին: Նրա ներկայացմամբ՝ Մոսկվայի ոչ մի սուպերմարկետում հնարավոր չէ գտնել այդքան գովաբանվող հայկական գարեջուրն ու պանիրը:

Իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան փոխհյուպատոս, մամուլի եւ առեւտրի կցորդ Հովսեփ Նազարեթ Սեֆերյանին զարմացրել էր մեր Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը: Ըստ նրա, ճգնաժամի պայմաններում մեր երկրին շատ մեծ վնաս է պատճառում դրամի հզոր եւ կայուն լինելը: Նրա ներկայացմամբ, ամբողջ աշխարհում դոլարի փոխարժեքը կտրուկ անկում է ապրում, իսկ Հայաստանում՝ ոչ. «Դրամի հետ կապված՝ մեր կառավարության եւ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը տարբերվում է աշխարհի բոլոր պետություններից»:

Գործարարներից մեկն էլ, որի բիզնեսը տնտեսական ճգնաժամի հետեւանքով տուժել էր, վարչապետին հարցրեց. «Արդյո՞ք կարող ենք դիմել եւ օգտվել կառավարության տրամադրած ֆինանսական աջակցությունից»: Հարցին ի պատասխան՝ Տ. Սարգսյանն ասաց. «Իհարկե, բոլորը չեն կարող օգտվել մեր աջակցությունից: Հայտերի 90%-ը մերժվել է: Կարող են օգտվել միայն մեր չափանիշներին համապատասխանողները: Երբ մարդիկ լսում են, որ պետությունը օժանդակում է, վազելով գալիս են պետությունից փող գողանալու: Մեր հասարակությունը տառապում է այդ հիվանդությամբ: Բավարարվում են միայն գրագետ բիզնես-ծրագիր, գրագետ մենեջմենթ ունեցող ծրագրերը, ու նաեւ այնպիսիք, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր: Սակայն պարզվում է, որ նման ծրագրերի քանակը Հայաստանում այնքան էլ շատ չէ»:

Համաժողովի ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկաների համար բացահայտեց նաեւ, թե ինչ դրական հետեւանքներ կարող է ունենալ ճգնաժամը Հայաստանի համար: Նախեւառաջ, ըստ վարչապետի, այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, ոչ թե ճգնաժամ է, այլ քաոս: Որպես ճգնաժամի դրական հետեւանք, Տ. Սարգսյանը նշեց այն, որ Հայաստանում նվազեցին արտաքին ինֆլյացիոն ճնշումները, ինչի հետեւանքով էլ ընթացիկ ամսվա մեջ Հայաստանում գնանկում կլինի: Նրա հավաստմամբ. «2009-ի հունվարին գրանցվել է 1,2%-անոց ինֆլյացիա: Այդ ցուցանիշը Հայաստանում եղել է ամենացածրը վերջին 10 տարիների ընթացքում: Իսկ նախորդ տարի ինֆլյացիան հանրապետությունում կազմել է 5,2%, ինչը 70%-ով պայմանավորված է եղել արտաքին ճնշմամբ»:

Համաժողովում Տ. Սարգսյանն անդրադարձավ նաեւ նոր ատոմակայանի կառուցման գաղափարին, նշելով, որ այն տարածաշրջանի համար շատ կարեւոր նշանակություն կունենա եւ կառավարությունը շահագրգռված է, որ այս ծրագրի իրագործմանը մասնակցություն ցուցաբերեն Թուրքիան եւ Ռուսաստանը. «Մենք պատրաստ ենք նրանց հետ գնալու երկխոսության եւ քննարկումների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728