Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայերը կեղծում են ուկրաինական օղին

Փետրվար 24,2009 00:00

Խոշոր տուգանքների ենթարկվելուց հետո անգամ, տեղի արտադրողները չեն դադարում ուրիշի ապրանքանիշի անվան տակ գումար վաստակելուց:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Դենիս Ավտանոմովի կարծիքով, այսօր Հայաստանի շուկան հեղեղված է կեղծված ոգելից խմիչքներով: Նրան մտահոգել է հատկապես այն, որ նմանակվել են ուկրաինական արտադրության խմիչքները: Այս մասին պարոն Ավտանոմովը հայտարարեց «Կամուրջ 2009» տնտեսական համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ի ցույց վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ մեր երկրի այլ պաշտոնյաների, դեսպանատան ներկայացուցիչը իր հետ բերել էր Հայաստանում կեղծված ուկրաինական ապրանքանիշով օղու շիշ: Դ. Ավտանոմովը մեկ առ մեկ թվարկեց այն օղիները, որոնք մեր շուկայում մշտապես կեղծվում են. «Բելինկա»-ն արտադրվում է նույն ձեւավորումն ունեցող «Բելոցվետ» օղու տեսքով, «Պրայմ»-ը՝ «Պրեմիումի» տեսքով, «Նեմիրովը»-ը շուկայում հանդիպում է «Նոմերուան», իսկ «Մեդոֆֆ»-ը՝ «Մեդով» ապրանքանիշով: Նույն կերպ կեղծվում են նաեւ «Զելյոնայա մարկան», «Գժելկան» կամ, ասենք, «Ժուրավլի» օղին»: Դ. Ավտանոմովի համոզմամբ, մեր տեղական արտադրողը վնասում է ոչ միայն սեփականատիրոջը, այլ նաեւ սպառողին, քանի որ շատ հաճախ կեղծված օղին շշալցվում է վատ լվացված շշերի մեջ: Նրա կարծիքով, սպառողը կարող է հասկանալ, որ օղին կեղծված է. «Նորմալ խմիչքը չի կարող արժենալ 2 դոլար»: Պարոն Ավտանոմովը հիշեցրեց նաեւ, որ 2007-ին «Խորտիցիա» օղին կեղծելու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Սալեքս գրուպին» տուգանել է 1 միլիոն դրամով, սակայն դա ոչ մի կերպ չի նպաստել, որ նմանատիպ խախտումները շուկայում չկրկնվեն: Կեղծումների վերաբերյալ դիտարկմանը վարչապետը ոչինչ չպատասխանեց, իսկ «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանն ասաց. «Շուկաներում միշտ լինում են կեղծումներ»: Ու քանի որ քննարկման ավարտն էր՝ հավելեց. «Եկեք քննարկումը տխուր նոտայով չավարտենք»:

Այս առնչությամբ «Առավոտը» մեկնաբանություններ խնդրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Հանձնաժողովի լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Հանձնաժողովի որոշումը իրավական առումով տնտեսվարողը կատարել է, վճարել է սահմանված տուգանքը, ինչպես նաեւ կոնկրետ ժամանակահատվածում անբարեխիղճ դրսեւորումներ պարունակող ապրանքի արտադրությունը դադարեցրել է («Խորտիցիա»): Ինչ վերաբերում է մյուս ապրանքանիշներին, որոնց վերաբերյալ հայտարարություն է արվել, ապա տնտեսվարող սուբյեկտը կամ նրանց շահերը պաշտպանող որեւէ շահագրգիռ կողմ պետք է հետամուտ լինի իր իրավունքներին, այսինքն՝ դիմի կամ հանձնաժողովին, կամ դատարան, այնպես, ինչպես այս պահին ստացվել է միայն «Մեդոֆֆ»-ի ապրանքանիշի ապօրինի օգտագործման վերաբերյալ սեփականատիրոջ դիմումը, որը վարույթի ընթացքում է: Մնացած ապրանքանիշների հետ կապված որեւէ դիմում հանձնաժողովին՝ չկա»:

Նշենք, որ երբեմն որոշ ապրանքանիշների օգտագործման վերաբերյալ սեփականատիրոջ եւ այլ արտադրողի միջեւ երկկողմանի շահավետ համատեղ օգտագործման պայմանագիր է կնքվում: Արտադրողը հայտնի ապրանքանիշի անունը օգտագործելով՝ բիզնես է ծավալում, իսկ սեփականատերը, ոչինչ չանելով, գումար է ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728