Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐՄԱԼ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Փետրվար 27,2009 00:00

Իբրեւ Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների աշխատանքը լուսաբանած լրագրող վկայում եմ՝ երբեւէ նիստերի դահլիճում բարձրախոսների խնդիր չի եղել: Բայց վերջին շրջանում դրանք աշխատում են խափանումներով, եւ երբեմն հնարավոր չի լինում նորմալ ձայնագրել նիստերը: Կարծես այս միջոցով փորձ է արվում նաեւ տպագիր մամուլի ներկայացուցիչներին դուրս մղել դահլիճից, որ ստիպված լինենք ԱԺ աշխատանքներին հետեւել միջանցքում՝ մոնիտորների միջոցով: Հեռուստաընկերությունների ներկայացուցիչներից արդեն ազատվել են՝ նրանց թույլատրված է նկարահանել միայն առաջին կես ժամվա ընթացքում, իսկ հետո դուրս են հրավիրում: Հիշեցնենք, որ անցած քառօրյայի ընթացքում նրանց թույլատրված էր մնալ ներսում, բայց պատգամավորներին նկարել միայն ծոծրակից: Սակայն այն բանից հետո, երբ մի շարք հեռուստաընկերություններ ցուցադրում էին պատգամավորների միայն վզերը՝ այդ 30 րոպեից հետո օպերատորներին ընդհանրապես դուրս հանեցին:

Թվում է՝ ինչ վատ բան կա ԱԺ աշխատանքին մոնիտորներով հետեւելու մեջ, շատ երկրներում է այդպես արվում: Սակայն մեր դեպքում նախ չի ցուցադրվում ամբողջական պատկերը, թե քանի հոգի է դահլիճում: Հետո նկարահանումներն անհասկանալի ընտրությամբ են արվում: Ասենք, երբ «Մարտի 1»-ի հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացման քննարկման ընթացքում Սուքիաս Ավետիսյանին հարցեր էր տալիս Անահիտ Բախշյանը՝ նրա դեմքն այդպես էլ չցուցադրեցին: Հետո, երբ տիկին Բախշյանը ելույթ ունեցավ ամբիոնից՝ սկզբնական շրջանում ցուցադրում էին ոչ թե նրան, այլ առաջին շարքում նստած ՀՀԿ-ականներին: Մոնիտորներով էլ է ձայնը խափանվում: Ասենք, երբ Վիկտոր Դալլաքյանը հարց ուղղեց կառավարությանը՝ սոցիալական հնարավոր ցնցումների մասին, կեսից ձայնը կորավ: Այս ձեւով աշխատանքներին հետեւելու դեպքում նաեւ չես տեղեկանա պատգամավորների արձագանքներին: Ասենք, մոնիտորով հետեւող լրագրողները չէին իմացել, որ երբ երեկ Արմեն Մարտիրոսյանը հարց ուղղեց ամբիոնի մոտ գտնվող «Ժառանգության» մեկ այլ անդամի՝ ՀՀԿ-ականները տեղից ծաղրում էին, թե հետո խմբակցությունում իրար հարցեր կտաք եւ այլն: Մի խոսքով, ԱԺ նոր ղեկավարությունը կարծես անում է հնարավորը՝ առնվազն հեռուստալրագրողներին զրկելու լիարժեք ռեպորտաժ անելու հնարավորությունից եւ ԱԺ աշխատանքը ներկայացնելու այնպես, ինչպես կա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել