Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ

Մարտ 03,2009 00:00

\"\"Աստղագիտության միջազգային տարին մեկնարկեց

400 տարի առաջ՝ 1609թ.-ին, Գալիլեո Գալիլեյը, ստեղծելով առաջին աստղադիտակը, մի քանի խոշոր քայլ կատարեց աստղագիտության եւ ընդհանրապես՝ գիտության մեջ: Նրա հայտնաբերածները իսկական հեղաշրջում էին ոչ միայն աստղագիտության, այլեւ կրոնի, հոգեբանության եւ փիլիսոփայության մեջ: Գալիլեյի հայտնաբերած արեւաբծերը, այն, որ Յուպիտեր մոլորակն էլ ունի արբանյակներ, եւ այլ հայտնագործություններ, մարդկանց շոկի մեջ էին գցել: Չէ՞ որ նրանց կրոնական պատկերացումներում Արեւն անբիծ էր ու աստվածային, իսկ այն, որ Երկրագունդը միակը չէ, որի շուրջը արբանյակներ են պտտվում, ուղղակի անհավատալի էր: Այլ հայտնագործություններ էլ արեց Գալիլեյը. տեսավ, որ Ծիր Կաթինը՝ մեր գալակտիկան, թույլ աստղերից բաղկացած շերտ է, որ Լուսնի վրա կան խառնարաններ եւ այլն:

Հաշվի առնելով Գալիլեյի հայտնագործությունների կարեւորությունը մարդկության զարգացման պատմության մեջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2009 թվականը հռչակել է Աստղագիտության միջազգային տարի (ԱՄՏ): Այս առիթով Հայաստանը, որ անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ), որն ունի 137 անդամ երկիր, մասնակցելու է տարվա աստղագիտական միջոցառումներին: Ըստ Հայկական աստղագիտական միավորման (որը ՄԱՄ-ի մի «հանգույցն» է) համանախագահ եւ Հայաստանում ԱՄՏ-ի ծրագրերի համակարգող Արեգ Միքայելյանի՝ այս տարին հայտարարված է «հանրամատչելի աստղագիտության տարի», եւ աստղագիտությունը՝ հասարակության լայն շերտերին մատուցելու նպատակ է հետապնդում: Փետրվարի 28-ին տրվեց ԱՄՏ-ի հայաստանյան ծրագրերի մեկնարկը: Այդ շրջանակում առաջինը լրագրողների այցելությունն էր Բյուրականի աստղադիտարան: Անչափ հագեցած օրվա ընթացքում ոչ միայն տեղեկացանք Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմությանը, իմացանք զարմանալի մանրամասներ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի մասին, լսեցինք հետաքրքիր դասախոսություններ աստղերի, աստղագիտության եւ աստղագիտության հետ որեւէ առնչություն չունեցող զվարճալիքի՝ աստղագուշակության մասին, այլեւ հասցրեցինք լինել Բյուրականի 2,6մ տրամագծով աստղադիտակի մոտ, բայց, ցավոք, ոչ բարենպաստ եղանակի պատճառով չվայելեցինք աստղերն ավելի մոտիկից տեսնելու հաճույքը: Այդ ամենին աստղագիտության տարվա ընթացքում խոստանում ենք մանրամասն անդրադառնալ՝ նկատի ունենալով ԱՄՏ-ի նշանաբանը՝ «Աստղագիտությունը՝ հասարակության համար»:

Բյուրականի աստղադիտարանում այսօր գործող 2,6մ տրամագծով աստղադիտակն իր չափերով աշխարհում 42-րդն է, իսկ իր կառուցման ժամանակ՝ 1976թ.-ին, աշխարհում 7-րդն էր: Սակայն եթե հանենք Ամերիկա մայրցամաքում գտնվող աստղադիտակները, որոնք հիմնականում տեղադրված են Չիլիում եւ Հավայան կղզիներում՝ 8-10մ տրամագծերով, ապա մեր աստղադիտակը կհայտնվի առաջին տասնյակում: Ինչպես նշեց Ա. Միքայելյանը՝ «Այսօր աստղագիտության զարգացումն ավելի շատ տեխնիկայից է կախված՝ որքան խոշոր լինի դիտակը, որքան արդիական տեխնոլոգիաներ լինեն աստղադիտարաններում, այնքան շատ հայտնագործություններ կլինեն՝ անկախ գիտնականների որակից»:

ՄԱՄ-ը ԱՄՏ-ի կապակցությամբ մի շարք ծրագրեր է առաջարկել իր անդամ երկրներին: Բոլորն էլ ոչ գիտական ծրագրեր են՝ ուղղված հասարակությանը աստղագիտության մասին տեղեկացնելուն: Ծրագրերի շրջանակներում այս տարի ապրիլի 2-5-ը կլինեն բաց դռների օրեր աշխարհի բոլոր աստղադիտարաններում, նախատեսվում է փոքր, սիրողական դիտակների արտադրություն, կստեղծվի հայերեն լեզվով՝ «Պատուհան դեպի տիեզերք», այն է՝ հանրամատչելի աստղագիտական պորտալ, կպատրաստվեն հայերեն կայք-էջեր, այդ թվում հայերեն կթարգմանվեն www.bao.am եւ www.aras.am կայքերը, որոնցից առաջինը Բյուրականի աստղադիտարանինն է, իսկ երկրորդը՝ Հայկական աստղագիտական միավորմանը: Հայերենով կտպագրվեն երկնքի քարտեզը, աստղագիտական բառարանը, Հայ աստղագիտության հանրագիտարանը:

Բնականաբար, այս ամենի համար գումարներ են պետք: Իսկ 2008-ին, օրինակ, Բյուրականի աստղադիտարանի ողջ բյուջեն կազմել է… 49,4 միլիոն դրամ: Այս գումարով հարկավոր է վճարել ոչ միայն 91 աշխատակցի աշխատավարձը, այլեւ պահպանել 40 հա տարածքի վրա գտնվող մոտ 50 շինությունը, այսինքն՝ վճարել ջրի, գազի, էլեկտրականության, հեռախոսի, տրանսպորտի համար, կատարել անհրաժեշտ ու հրատապ նորոգումներ ու գումարած՝ թեմատիկ աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը ծածկել: Բնական է, որ Աստղագիտության տարվա համար անհրաժեշտ գումարները անհնար է տեղավորել այս բյուջեում, եւ ուրեմն… «Է, ի՞նչ պիտի անենք, միջոցառումների եւ անհրաժեշտ ծախսերի ցուցակը վերցրած, գնում ենք տարբեր տեղեր ու գումարներ խնդրում»,- տխուր ժպտում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Ավելի ուշ նա նշեց, որ, ճիշտ է, Աստղադիտարանը պետության սեփականությունն է եւ առաջին հերթին պետք է գտնվի պետական հոգածության ներքո, սակայն իրենք, բնականաբար, փորձում են այլ աղբյուրներից էլ գումարներ գտնել: 50 աստղագետներից մոտ 10-15-ը տարբեր միջազգային ծրագրերի են մասնակցում, մի քանիսը մասնակցում են ծրագրերի՝ ոչ այնքան ակտիվորեն, մոտ մեկ տասնյակը աստղագիտությունից դուրս է գտնում ընտանիքը պահելու աղբյուրը: Բացի այդ, առ այսօր օգնում է Վիկտոր Համբարձումյանի համբավը, որի շնորհիվ միջազգային ծրագրերի է մասնակցում հենց Աստղադիտարանը եւ ոչ միայն առանձին գիտնականներ: Ավելին, երկու աստղադիտակ է ստեղծվել Բյուրականի աստղադիտարանում, մեկը՝ Մանկավարժական համալսարանի, մյուսը՝ Արցախի պետական համալսարանի համար:

Սակայն այս ջանքերը չեն բավականացնում լուրջ գիտական ծրագրեր իրականացնելու համար: «Որպեսզի Բյուրականի աստղադիտարանը դառնա տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, մեր համեստ հաշվարկներով մեզ պետք է ընդամենը 500 միլիոն դրամ՝ հինգ տարվա համար»,- ասաց պարոն Հարությունյանը: Իսկ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալու բոլոր նախադրյալները Բյուրականի աստղադիտարանը ունի: Մնում է մի քիչ հոգածություն, եւ ներդրված գումարները կծառայեն ոչ միայն գիտությանն ու պետության հեղինակության բարձրացմանը, այլեւ, ինչո՞ւ չէ, կարող են հետագայում վերադառնալ պետությանը՝ բազմապատկված ձեւով:

Հ. Գ. Երեկ ԱԳՆ-ից տեղեկացանք, որ Իրանի «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնում, մարտի 1-ին տեղի է ունեցել ականավոր աստղագետ Վիկտոր Համբարձումյանի կիսանդրիի բացման արարողությունը: Նրա պղնձաձույլ կիսանդրին առաջինն էր, որ տեղ գտավ գիտնականների պուրակում, ուր նախատեսված է անմահացնել համաշխարհային համբավ ունեցող 30 այլ գիտական գործիչների հիշատակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել