Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԳՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Մարտ 03,2009 00:00

\"\"Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ ՀԱԿ-ը ճիշտ որոշում է կայացրել

«Որպես կշռադատված եւ հեռատես գործիչ՝ Տեր-Պետրոսյանը իր այդ ելույթն ավելի շատ ուղղել էր իր իսկ թիմին, այդ թիմի հեղափոխական հատվածին»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես գնահատեց առաջին նախագահի մարտիմեկյան ելույթը անկախ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի նախկին անդամ Վիկտոր Դալլաքյանը: Ըստ պարոն Դալլաքյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ ելույթով կրկնեց բոլոր այն մտքերը, որ ժամանակին հնչեցնում էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ նրա գլխավորած «Արդարություն» դաշինքը: Պատգամավորի կարծիքով՝ ՀԱԿ-ը մարտի 1-ին հայտարարեց, որ որդեգրում է այն ամբողջ մարտավարությունը, որ ժամանակին ուներ «Արդարություն» դաշինքը՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: Իսկ դա, ըստ մեր զրուցակցի՝ ամենաճիշտ մարտավարությունն է: Ըստ Վ. Դալլաքյանի, «արդյունքում դաշինքը հասավ նրան, որ Սահմանադրական դատարանը ընդունեց վստահության հանրաքվե անցկացնելու մասին հայտնի որոշումը, եւ մենք գնում էինք իշխանություններին անվստահություն հայտնելու այդ ճանապարհով: Նաեւ ժամանակը ցույց տվեց, որ, մեղմ ասած, ազնիվ չէին այն լրատվամիջոցները, որոնք այդ ժամանակ քարկոծում էին դաշինքը եւ մասնավորապես՝ նրա ղեկավարին՝ Ստեփան Դեմիրճյանին, այն բանի համար, որ վերջինս չէր պատրաստվում գրոհել նախագահական նստավայրը: Ակնհայտ է, որ նրանց հայտարարությունները եւ գնահատականները սնանկ դուրս եկան, եւ կարծում եմ, որ այդ լրատվամիջոցները պետք է «Արդարություն» դաշինքից եւ Ստեփան Դեմիրճյանից ներողություն խնդրեն: Իսկ ինչ վերաբերում է Լեւոն տեր-Պետրոսյանի հայտարարություններին, կարծում եմ՝ տվյալ պարագայում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը կշռադատված դիրքորոշում է, եւ այս ամենը ես ասում եմ առանց չարախնդության»:

Մեր հարցին՝ եթե կար սահմանադրական ճանապարհը եւ ինչպես ասաց առաջին նախագահը՝ «հեղափոխություն եւ ապստամբություն» բառերը մեր բառապաշարից պետք է իսպառ վերանան, ուրեմն ինչո՞ւ տեղի ունեցավ մարտի 1-ը, ինչո՞ւ եղան զոհեր եւ ինչո՞ւ մեր հասարակությունը մեկ ամբողջ տարի ընկղմվեց բարոյահոգեբանական ծանր վիճակի մեջ: Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, «դա բոլորովին այլ խոսակցության առարկա է, բայց այն անձինք, որոնք գրգռում էին ժողովրդին եւ փորձում էին ոչ սահմանադրական մեթոդների դիմել, նրանք ինքնախոստովանության եկան»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանն իր ելույթով ընդդիմությանը վերադարձնում է սահմանադրական ճանապարհ. «Բայց ուրիշ ճանապարհ չկա, քաղաքական պայքարի հնարավոր հաջող ճանապարհը սահմանադրական ճանապարհն է, ընտրություններին մասնակցությունը եւ ընտրությունների միջոցով իշխանության գալը: Մենք 17 տարվա ընթացքում անցել ենք արդեն այն ժամանակաշրջանը, երբ հնարավոր էին ցնցումներ, հնարավոր էր իշխանությանը հաթաթա տալով վախեցնել եւ ստիպել, որ նա անի ոչ մտածված եւ իր համար ոչ ցանկալի քայլեր: Դրա ժամանակներն անցել են, հիմա ընտրությունների միջոցով է միայն հնարավոր իշխանության փոփոխությունը, եւ երեւի ընդդիմությունը պիտի գնա այդ ճանապարհով»: Մարտի 1-ի զոհերի եւ բարոյահոգեբանական իրավիճակի մասին մեր հարցին պատասխանելով՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Մենք մեր կուսակցության դիրքորոշումը հայտնել ենք, մենք ցավակցություն ենք հայտնել զոհվածների հարազատներին եւ համարել ենք, որ հիմա՝ մեկ տարի անց, անթույլատրելի են այդ թեմայով քաղաքական շահարկումները՝ անհատական դիվիդենդներ շահելու նպատակով»: «Հեղափոխություն» եւ «ապստամբություն» երեւույթներին տրված առաջին նախագահի գնահատականները պարոն Սաֆարյանը կիսում է եւ ասաց. «Մենք այդ մասին միշտ ենք ասել, եւ ուրախ եմ, որ ընդդիմությունը սկսել է այդպես մտածել»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի քիչ այլ բան էր սպասում: Ըստ նրա. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից ես ավելի շատ ակնկալում էի, որ այն նվիրված կլիներ քաղաքական տեսլականին եւ գործունեության մեխանիզմներ կպարունակեր։ Կարծում էի, որ նա ընդդիմություն ասելիս կնշեր նաեւ «Ժառանգության» անունը՝ որպես ընդդիմություն։ Չեմ ցանկանում միանշանակ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիտավորությամբ չի նշել «Ժառանգության» անունը, գուցե Համաժողովրդական շարժում ասելով՝ մեզ էլ նկատի ուներ, բայց սպասում էի այդ գիծն իր ելույթի մեջ»,- ասել է տիկին Բախշյանը: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի խոսքերով, Հայ ազգային կոնգրեսի նախագահի ելույթը եւ «լիցքաթափող» էր, եւ լարվածությունը թուլացնող, բայց նաեւ պարտավորեցնող էր՝ այն առումով, որ կարծես հասկացվում էր, թե Համաժողովրդական շարժումը իշխանություններին անընդհատ պահելու է անհրաժեշտ ճնշման տակ։

Ըստ տիկին Բախշյանի՝ հանրահավաքի ամենամեծ դրական գնահատականն այն էր, որ ժողովուրդը ցույց տվեց իրեն հուզող հարցերին տեր լինելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել