Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ՝ ԱՆԽՈՀԵՄ Է»

Մարտ 21,2009 00:00

\"\"Երեկ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի հրավերով երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգասրահ էին հրավիրվել ՀՀ-ում գրանցված 72 կուսակցություններից 63-ը, չէր հրավիրվել 9 կուսակցություն, որոնք, ինչպես փոխանցեց նախագահի մամուլի խոսնակը՝ կամ չեն գործում, կամ՝ չունեն ընտրված նախագահներ: Հրավերը 63-ից ընդունել էր 48 կուսակցություն: «Ժառանգություն» կուսակցությունը եւ ՀԱԿ-ը չէին ընդունել հրավերը: Հանդիպմանը չէր մասնակցում կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ որեւէ մեկն այդ կուսակցությունից, քանի որ հանդիպումն առաջին դեմքերի մակարդակով էր: Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ինչո՞ւ պարոն Ծառուկյանը չի ընդունել նախագահի հրավերը, ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց. «Պարոն Ծառուկյանը քաղաքում չէ»: Ի դեպ, Գ. Ծառուկյանը չէր մասնակցել նաեւ ամիսներ առաջ նախագահի հրավերով կազմակերպված ղարաբաղյան խնդրի քննարկումներին:

ՀՀ նախագահը երեկ, հակաճգնաժամային խնդիրների քննարկումները բացելով, ասաց. «Թողնել կառավարությանը միայնակ այս վտանգի դեմ՝ առնվազն անխոհեմ է: Նորից եմ կրկնում՝ համընդհանուր լուծումներ պարզապես չկան. միգուցե սա այն դեպքն է, երբ իսկապես հարկ կա հեծանիվ հորինել: Մեր ժողովուրդը ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հսկայական ներուժ ունի, եւ մեկ անգամ չէ, որ մեր պատմության ընթացքում սա ապացուցվել է»: Կոալիցիայի ուժերը, բոլոր հայտնի եւ անհայտ այն կուսակցությունները, որոնք առիթ բաց չեն թողնում մոտիկից տեսնելու նախագահին եւ հիշեցնելու իրենց մասին, հանդիպմանը ներկա էին: Այնտեղ էր ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը՝ իր հակաճգնաժամային ծրագրով, Արշակ Սադոյանը, տարբեր տեսակի կոմունիստները, Պարույր Հայրիկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Վազգեն Մանուկյանը, ՀԴԿ-ի Արամ Սարգսյանը եւ այլք:

Տիգրան Կարապետյանին հարցրինք՝ ի՞նքն էլ ունի հակաճգնաժամային ծրագիր, եւ իր ծրագիրը համընկնո՞ւմ էր վարչապետի ներկայացրած հակաճգնաժամային ծրագրին: Կարապետիչն ասաց, որ դրանք «մասամբ համընկնում էին, իմ կարծիքը, որ փոքր բիզնեսը պետք է ՀԴՄ-ներ չունենա, որովհետեւ դա խորտակում է փոքր բիզնեսը, չհասկացվեց: Բայց իմ մի առաջարկը, որ օլիգարխների արտադրությունը պետք է չափել իրենց ծախսած էլեկտրաէներգիայով, ջրով եւ գազով, ընդունվեց, եւ ես շատ գոհ եմ»:

«Առավոտը» վարչապետին հարցրեց՝ չի՞ կարծում, որ նման հանդիպումներն առավել օգտակար կլինեն, եթե դրանց մասնակցեն ընդդիմադիր ուժերը, որովհետեւ նրանք, ովքեր եկել էին, այն ուժերն են, որ սովորաբար շփվում են իշխանությունների հետ, եւ հայտնի է, թե նրանցից շատերը հատկապես ինչու մասնակցում այդ կարգի հանդիպումներին: Վարչապետը ասաց, որ իրենք ուշադիր ուսումնասիրում են նաեւ ընդդիմադիր ուժերի առաջարկները եւ դրանցից «շատ արժեքավորները» հաշվի են առնում: Ըստ վարչապետի, հանդիպման մասնակիցների հետ պայմանավորվել են, որ մի շարք առաջարկություններ կներկայացվեն գրավոր, եւ դրանցից շատերը կառավարությունը կներառի իր հակաճգնաժամային ծրագրում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ընդդիմությունը «վատ վարվեց»՝ չմասնակցելով քննարկումներին. «Այնպես չի, որ եթե կա խնդիր, դա միայն իշխանության խնդիրն է, եթե հարցերը լուծում են ստանում, ապա դա կարող է լինել միայն միասին, մենք այս վիճակից պետք է փորձենք միասին դուրս գալ, որովհետեւ եթե ձախողվեցինք, ուրեմն ձախողվում ենք բոլորս միասին»:

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հանդիպումից հետո «Առավոտին» ասաց, որ բոլոր կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումները: Պարոն Արսենյանը զարմացել էր, թե ինչպիսի համբերատարությամբ էր նախագահը լսել բոլորին, առանց բացառության. «Տարբեր տեսակի ֆանտաստիկ բաներ հնչեցին, այդ թվում նաեւ՝ այնպիսի բաներ, որ, ասենք, ժամանակին բոլշեւիկներն էին ասում կամ նացիոնալ-սոցիալիստները»: Գ. Արսենյանը նկատեց, որ քննարկումներից անմիջական օգուտ չի կարող լինել, «որովհետեւ դա վիճակախաղ չէ՝ մասնակցեցիր եւ շահեցիր»: Սակայն ասաց նաեւ, որ այդ կարգի քննարկումներից ամեն մեկն իր հետեւություններն է անում:

Ընդդիմադիր ուժերի չմասնակցելը պարոն Արսենյանն այսպես մեկնաբանեց. «Երեւի ընդդիմությունը չի զգում ճգնաժամը, երեւի ընդդիմությունը գտնում է, որ ճգնաժամի առկայությունը օգտակար գործոն է Հայաստանում: Ես գտնում եմ, որ ունենք լրջագույն պրոբլեմ, այդ պրոբլեմը վերաբերում է բոլորիս, եւ ճիշտ է կարծիքներ փոխանակելը, իրար նախազգուշացնելը, գուցե ինչ-որ մեկն ինչ-որ մի բան գիտի, որ պետք է իմանալ, ով էլ չգիտի՝ ասվի դրա մասին, որովհետեւ չեմ կարծում, որ ճգնաժամի սրացման պայմաններում ճգնաժամը տարբերակելու է, թե ովքեր որ կողմի վրա են, ինչ քաղաքական հայացքներ ունեն: Ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամը որեւէ բան կամ որեւէ մեկին չի տարբերակելու եւ չի խնայելու. կապ չունի՝ կոմունի՞ստ ես, սպիտա՞կ ես, թե՞ կարմիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել