Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցականները դժգոհ են, բայց չեն խռովի

Ապրիլ 25,2009 00:00

\"\"\"\"

Ըստ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի, եթե հանրապետության նախագահի հետ քննարկումից հետո պարզվի, որ քաղաքական ուղեգծի փոփոխություն է տեղի ունեցել, ապա իրենք դուրս կգան կոալիցիայից:

Ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից համատեղ ստորագրված հայտարարությունը, ըստ ՀՅԴ-ի՝ անընդունելի է եւ դատապարտելի: Կուսակցության կողմից նախօրեին հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին»։

Երեկ Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, ասաց. «Հարցը այստեղ հայտարարության բուն բովանդակությունը չէ: Մենք դեմ չենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը: Ամբողջ խնդիրն այն է, թե դա ինչ գնով է տեղի ունենում: Այդ հայտարարությունը տեղի ունեցավ մի համատեքստում, որը մեզ համար նպաստավոր չէր: Թուրքիայում բարձր ղեկավարության կողմից հայտարարություններ են կատարվում, որոնք ուղղակի հակասում են մեր այսօրվա ազգային շահերին: Մասնավորապես՝ ղարաբաղյան հարցի, Ցեղասպանության ճանաչման խնդրի եւ այլնի վերաբերյալ: Բայց ամենակարեւորն այն է, որ դա կատարվում է ապրիլի 24-ից մեկ օր առաջ: Սա էր մեզ համար շատ անհասկանալի: Եթե այդ հայտարարությունը լիներ մեկ ամիս առաջ կամ մեկ ամիս հետո, բոլորովին այլ նշանակություն կարող էր ունենալ եւ միգուցե մեր կողմից այս աստիճանի ընդվզում չէր առաջացնի: Բայց ցեղասպանության այսօրվա կոնտեքստում, ուղղակի թե անուղղակի կերպով նշանակում է՝ կատարել այն, ինչ Թուրքիան է ուզում: Եվ սա կարող է օգտագործվել Թուրքիայի կողմից: Պետք չէ հայտնվել թուրքական դիվանագիտության ծուղակի մեջ: Պետք չէ մտածել, որ կգա մի պահ, որ Թուրքիան իր ազգային շահը կմոռանա, նա այս փաստը լավագույնս կօգտագործի, որպեսզի Ցեղասպանության ճանաչման գործընթացը հետ շպրտի՝ չգիտեմ թե քանի տարով»:

Նշենք նաեւ, որ ՀՅԴ հայտարարության մեջ ասվում էր, թե կուսակցությունը առաջիկայում կքննարկի կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը: Այս առնչությամբ էլ Ա. Ռուստամյանն ասաց. «Մեզ համար խնդիրն այն չէ, թե քաղաքական դաշտում որ բեւեռում ենք: Որտեղ էլ լինենք, հանդես ենք գալու կառուցողական դիրքերից, մանավանդ որ, մենք չենք համարում, որ եթե մեր բարձրագույն իշխանությունը ինչ-որ մի սխալ արել է, ապա դա նշանակում է, որ պետք է խռովենք, մի կողմ քաշվենք ու մեր պայքարը դադարեցնենք: Հարցը մենք պետք է քննարկենք նախագահի հետ, բնականաբար՝ պետք է համոզվենք, որ դա քաղաքական ուղեգծի փոփոխության նշան է: Այդ դեպքում, բնականաբար, դուրս կգանք կոալիցիայից: Մենք հենց այդ քաղաքական ուղեգծի համար ենք միշտ եղել կոալիցիայի մեջ: Եթե հիշում եք, մենք, Ռ. Քոչարյանին պաշտպանելով, միշտ նույն բանն էինք կրկնում: Թե չէ, եթե տարբերություն չլիներ՝ կհամագործակցեինք նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»: Ա. Ռուստամյանի համար անհասկանալի էր մնացել եւս մի հարց. «Իշխանությունը դաշնակցությանը միշտ լսել է, եւ հիմա մեզ համար հարց է, թե ինչու այս դեպքում մեզ չի լսել: Մենք անակնկալի ենք եկել այս հայտարարությունից, որը մեզ հետ չի քննարկվել: Մենք անկախ մեզանից սկուտեղի վրա Թուրքիային մատուցում ենք մեծ նվեր»:

Շվեյցարիայում ստորագրված համաձայնագրի վերաբերյալ կոալիցիայի անդամ մեկ այլ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ այս կարծիքը հայտնեց. «Երեկվա հայտարարությունը, ըստ էության, առաջին գործնական քայլն է, որը կատարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Կարծում եմ, որ բոլոր խոչընդոտներով եւ մեծ ու փոքր խորդուբորդություններով հանդերձ, որը շատ դժվարացնում է բանակցային հետագա գործընթացը, մենք առաջիկայում որոշակի դրական տեղաշարժեր ստանալու ենք»: Ըստ Ա. Սաֆարյանի, հատուկ իմաստ պետք չէ փնտրել, թե ինչու է համաձայնագիրը ստորագրվել հենց Հայոց ցեղասպանության տարելիցից ընդամենը 2 օր առաջ. «Դա կարող էր տեղի ունենալ ցանկացած օր: Փաստաթուղթը ընդամենը բարի կամքի դրսեւորում է, եւ այն նոր փուլի սկիզբն է բանակցային գործընթացում»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուն, ապա, ըստ Ա. Սաֆարյանի. «Հրաժարվում եմ այդ մասին այժմ դատողություն անել, որովհետեւ, իմ կարծիքով, մեր կուսակցության համար դա այն հարցը չէ, որը կարող է կասկածի տակ դնել կոալիցիայի գոյությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել