Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՓՈՆՆԵՐԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՏԱԼ

Մայիս 05,2009 00:00

Ստեղծագործողի համար անպիտան ոչինչ չկա

«Այն, ինչը, գուցե, ուրիշների համար անպիտան մի բան է, իմ աշխատանքների ամենակարեւոր դետալը կարող է դառնալ»,- ասում է Մարիամ Հարությունյանը, ով ստեղծագործում է արդեն երկար տարիներ: Նրա աշխատանքները պատրաստված են տարբեր իրերից, ավելի հաճախ՝ թափոններից, բայց դա չի խանգարում, որ ցուցահանդեսների օրերին դրանք մեծ հանդիսատես հավաքեն:

Տիկին Մարիամը աշխատում է «Աջափնյակի գեղագիտական դաստիարակչության կենտրոնում»՝ հյուսքի խմբակում, որտեղ դասավանդում է միաժամանակ հելունագործություն, շյուղագործություն, ուլունքագործություն: Նրա դասարանը հիշեցնում է մի փոքրիկ պատկերասրահ, ուր պահվում են աշակերտների, ինչպես նաեւ իր լավագույն գործերը: Նրա աշխատանքներից, օրինակ՝ «113 ծաղիկը» նվիրված է Սոչիում խորտակված «Ա320» օդանավի զոհերի հիշատակին: «Մենք նկարում պատկերել ենք նաեւ 113 աստղ, որովհետեւ նրանց հոգիները կարծես աստղերի տեսքով բարձրացան երկինք»,- ասում է Մարիամը:

Նա իր սաներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է ինքնուրույն պատրաստել տարբեր տեսակի զարդեր: «Ես ավելի հաճույքով եմ կրում իմ ձեռքի աշխատանքները, ընկերուհիներիս համար էլ եմ պատրաստում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամի աշակերտուհի Սոնան:

Տիկին Մարիամը աշխատում է նաեւ Աջափնյակ համայնքի թիվ 311 մանկապարտեզում, որտեղ էլ յուրաքանչյուր անկյուն զարդարված է հենց նրա ձեռքերով: Նա նույնիսկ մի փոքրիկ թանգարան է ստեղծել երեխաների համար: Երբ ներս ես մտնում, թվում է, թե հայտնվել ես մի հին հայկական գյուղում. կանայք լավաշ են թխում, իսկ տղամարդիկ հողային գործերով են զբաղված: Սենյակում՝ պատերին, փակցված են հայտնի հեքիաթների հերոսների պատկերները եւ դու մի ակնթարթ քեզ զգում ես հեքիաթների աշխարհում: Տիկին Մարիամը կամ, ինչպես երեխաներն են ասում՝ ընկեր Մարիամը, այսօր էլ պատրաստում է նկարներ, ձեռագործներ, կոլաժային աշխատանքներ, սակայն վերջինիս թեման կտրուկ փոխվեց հատկապես 1999-ից հետո, երբ Քելբաջարում զոհվեց իր զույգ տղաներից մեկը՝ Արամ Գալստյանը: Այսպիսով, Մարիամի աշխատանքների մեծ մասը կյանքի ու մահվան մշտական պայքարի եւ հավերժության մասին դարձան: «Ակվարիում» կոչվող աշխատանքում տիկին Մարիամը մեծ ու փոքր ձկներ է պատկերել: «Մեծ ձկները կուլ են տալիս փոքրերին, այդպես է նաեւ կյանքում»,- ասում է նա: Իր «Կոկոնս թոռոմած մնաց» աշխատանքում էլ նա պատկերել է հենց ինքն իրեն, բայց ցանցի ետեւից: «Այն օրը, երբ ինձ հայտնեցին որդուս մահվան լուրը, ինչ-որ երկնային մի ձայն ինձ ասաց, որ «դու կյանքին պետք է նայես ճաղերի արանքից»,- հավելեց նա: Մարիամ Հարությունյանը բազմաթիվ աշխատանքներ ունի՝ նվիրված իր որդու հիշատակին:

Չնայած նա ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, բայց իր ամբողջ կյանքում զբաղվել է արվեստով եւ իրեն նվիրել գեղեցիկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել