Լրահոս
Օրվա լրահոսը

Դիետաները վնասակար են

Մայիս 05,2009 00:00

Կարճ ժամանակում նիհարելու արդյունքում ի հայտ են գալիս առողջական խնդիրներ

Այսօր նիհարելու խնդիրը, իսկապես, շատ տարածված ու արդիական է, եւ, գաղտնիք չէ, որ այն դարձել է շատերի մտահոգության առարկան՝ անկախ սեռից: Կան մարդիկ, ովքեր սեւեռված են իրենց կազմվածքի «սրբագրման» վրա, այսպիսիք դիմում են գրեթե ամեն ինչի, որպեսզի նիհարեն: Բայց, ինչպես դիետոլոգներն են նշում՝ նիհարելու համար ոչ թե պետք է սովամահ լինել, ամբողջ կյանքում զուրկ մնալ քաղցրավենիք ու ախորժալի խորտիկներ համտեսելուց, այլ ամեն ինչ պետք է ուտել չափի մեջ:

Նախ՝ պետք է գիտակցել, որ եթե որոշել եք նիհարել, ապա արագ նիհարելու մասին խոսք լինել չի կարող: Նիհարելը երկարատեւ կենսաբանական գործընթաց է. այն օրգանիզմից պահանջում է անհրաժեշտ ժամանակ եւ ռեսուրսներ: Այս ամենից պարզ է դառնում, որ արագ նիհարելու պարագայում մարդու օրգանիզմում նորմայից ավելի կատարվող նյութափոխանակությունը կարող է հանգեցնել բազում խանգարումների եւ, հնարավոր է՝ ի հայտ գան առողջական խնդիրներ: Այժմ կան տարբեր մեթոդներ՝ դիետաներ, որոնց շնորհիվ նույնիսկ մեկ շաբաթում հաջողվում է մի քանի կիլոգրամ քաշ գցել: Շաբաթական 5-6 կգ նիհարելով՝ շատերին թվում է, թե կյանքը հիասքանչ է, իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ու իրենք աշխարհի ամենագեղեցիկն են: Բայց այդ արհեստականորեն ստեղծված գեղեցկությունը որոշ ժամանակ անց վերածվում է դժբախտության, երբ դիետայի շնորհիվ նիհարած մարդը հայտնաբերում է, որ ինքը, ասենք, ստամոքսի խոց ունի, կամ ավելի լուրջ ու կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն:

Այսպիսով՝ հանգում ենք այն եզրակացության, որ նիհարելու համար առաջնայինն ու ամենակարեւորը առողջ ապրելակերպն է, որը ենթադրում է ոչ միայն ճիշտ սնվելը, այլեւ՝ նյարդային համակարգի հավասարակշիռ վիճակի պահպանումը, օրգանիզմի ճիշտ կոփումը եւ այլն:

Առաջին.- Ճիշտ սնվելը անփոխարինելի դերակատարություն ունի նիհարելու եւ առողջ լինելու գործընթացում: Ուտել կարելի է ամեն ինչ, սակայն՝ չափավոր եւ բալանսավորված: Անհրաժեշտ է հիշել, որ երեկոյան ուտելը խիստ վնասակար է եւ խոչընդոտում է նիհարելուն: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ժամը 18-ից հետո ոչինչ չուտել: Կարելի է խմել բնական հյութեր կամ մածուն, որոնք ոչ միայն հակացուցված չեն, այլեւ նույնիսկ նպաստում են օրգանիզմի մաքրմանը: Ձեր սննդի մեջ բացառեք կենդանական ճարպերի օգտագործումը, դրանք փոխարինեք շատ ավելի օգտակար եւ անվնաս բուսական յուղով, որը հեշտությամբ մարսվում է եւ չի նպաստում ավելորդ ճարպային բջիջների ձեւավորմանը: Ձեր սննդակարգից հանեք սպիտակ հացը, քանի որ այն առաջացնում է ավելորդ խմորումներ եւ դժվարամարս է: Հնարավորության սահմաններում աշխատեք սնվել հիմնականում աղցաններով. դրանք առողջարար են, հեշտությամբ են մարսվում եւ չեն մասնակցում ավելորդ ճարպային բջիջների ձեւավորմանը: Պետք է խուսափեք նաեւ շաքարի, քաղցրավենիքի (կոնֆետ, խմորեղեն) չարաշահումից: Հիշեք. պետք չէ ուտել մինչեւ հագենալը, միշտ մի փոքր տեղ թողեք: Եվ, իհարկե, մոռացեք «արագ» սննդի մասին, ինչպիսիք տարաբնույթ բուտերբրոդներն են. դրանք փոխարինեք թեթեւ, ավելի հեշտ մարսման ենթարկվող ապուրներով: Սահմանափակեք նաեւ հեղուկների օգտագործումը: Մարդու օրգանիզմի ճարպային բջիջներն ունեն շատ կարեւոր մի հատկություն. յուրաքանչյուր ճարպային բջջի ճեղքումից արտազատվում է էներգիա եւ ջուր: Այնպես որ՝ սահմանափակելով հեղուկների օգտագործումը, մենք «ստիպում» ենք ճարպային բջիջներին քայքայվել ու ապահովել օրգանիզմի կողմից հեղուկի պահանջը:

Եթե որոշել եք նիհարել, ապա շաբաթվա մեկ օրը ձեզ համար բեռնաթափման օր նշանակեք: Ընդ որում՝ ընտրեք այնպիսի օր, երբ շատ աշխատելու, ջանք թափելու, մտավոր գործունեությամբ զբաղվելու առիթ չունեք: Շատ օգտակար եւ արդյունավետ են, օրինակ՝ խնձորով կամ վարունգով բեռնաթափման օրերը, որը նպաստում է օրգանիզմից շլակների արտամղմանը եւ խոչընդոտում ճարպային բջիջների ձեւավորմանը:

Երկրորդ.- Կարեւորվում է ակտիվ կենսակերպ վարելը: Չպետք է մոռանալ, որ երկարատեւ պասիվ վիճակը, նստակյաց կյանքը նպաստում են նյութափոխանակության դանդաղեցմանն ու ճարպային շերտի արագ կուտակմանը: Եղե՛ք ավելի ակտիվ, զբաղվե՛ք որեւէ մարզաձեւով: Հիշեք՝ մարմնամարզությամբ զբաղվելն արդյունավետ է ոչ թե երեկոյան, այլ վաղ առավոտյան, քանզի այն ավելի է նպաստում արագ եւ ճիշտ նյութափոխանակությանը:

Եթե զբաղվեք լողով, պարով, աերոբիկայով՝ դրական արդյունքներն անխուսափելի կլինեն: Ընդ որում՝ անհրաժեշտ է գիտակցել, որ սպորտով պետք է կանոնավոր զբաղվել, այլապես՝ անգամ պարապմունքների կարճատեւ դադարի դեպքում արդյունքը տեւական չի լինի: Սպորտը պիտի դառնա ձեր կյանքի անբաժան ուղեկիցը եւ առօրյա կենսակերպի անբաժանելի մասը:

Մի՛ զլացեք։ Ցուցաբերեք կամքի ուժ եւ վերափոխեք ձեր կենսակերպը՝ առանց թնկթնկալու, եւ անհնար է, որ արդյունքի չհասնեք: Հիշեք. չի կարելի շատ կարճ ժամանակում արագ նիհարել: Դա ոչ միայն վնասակար է առողջության համար, այլեւ՝ տեւական լինել չի կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել