Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթքը՝ ինքնակարգավորման գործողությո՞ւն

Մայիս 20,2009 00:00

Այն կրոնների մեծամասնության պարտադիր բաղադրատարրն է

«Ես պատվիրել եմ քեզ թողություն տալ եւ ներել, իսկ դու պաղատում ես, որ դառնամ քո գործակիցը». համաձայն Աստվածաշնչի, սա է Տիրոջ պատասխանը՝ ուղղված իրենց թշնամիների դեմ աղոթողներին:

Քրիստոնեությունը հանցանք է համարում թշնամիներ ունենալը. պատկերացրեք, թե ինչ հանցանք է աղոթելը՝ ի վնաս նրանց: Հովհան Ոսկեբերանն իր «Աղոթքի մասին» ճառում ասում է. «Դու ներում պետք է խնդրես առ այն, որ թշնամիներ ունես, իսկ դու դեռ մեղադրում ես նրանց: Չէ՞ որ դու եկեղեցի ես գալիս քո մեղքերի համար ներում խնդրելու, ուստի մի՛ հիշիր ուրիշի մեղքերը, որպեսզի քո մեղքերը չհիշեն»: Փաստորեն, առաքելական եկեղեցին աղոթքը եւ առ Աստված ուղղված եկեղեցական մյուս արարողությունները դիտում է որպես սեփական մեղքերից ազատվելու միջոց:

Իսկ ի՞նչ բառերով պետք է աղոթել, որպեսզի մեր ձայնը հասանելի լինի Տիրոջը: «Լեռան քարոզում» Հիսուս Քրիստոսը Տիրոջ խոսքը փոխանցելիս պատվիրում է հեթանոսների նման երկարաբան չլինել սեփական աղոթքներում, գրեթե նույնն է ասված նաեւ Ոսկեբերանի ճառում. «Ձա՛յն տուր Աստծուն եւ ասա՝ ողորմի՛ր ինձ, թեկուզ եւ չշարժելով բերանդ, այլ կանչելով մտքով: Աստված լսում է նաեւ լռողներին»:

Եթե Երկնային տիրոջը հայտնի է ամեն բան, անգամ լռողների ցանկությունը, ուրեմն ի՞նչ կարիք կա աղոթելու, եւ եթե աղոթում ենք, ապա ինչու՝ եկեղեցում: Ո՞րն է եկեղեցում մոմ վառելու անհրաժեշտությունը: Այս հարցերի շուրջ իր տեսակետն ասաց հոգեբան Հրաչյա Ամիրյանը: Ըստ նրա՝ աղոթքը կրոնների մեծամասնության պարտադիր բաղադրատարրն է. «Ըստ էության, աղոթքը ծես է, այսինքն՝ մարդու կողմից կատարվող մի գործողություն, որ վառ արտահայտված հուզական բաղադրիչ ունի: Ինչպես բոլոր ծեսերի, այնպես էլ եկեղեցում աղոթելու նպատակը ընդհանրական հուզական վիճակի միջոցով մարդկանց միավորելն է»: Հոգեբանության տեսանկյունից աղոթքը հոգեկան հանգստության հասնելու միջոց է, ընդ որում՝ աղոթելու երեւույթը նման է հանգստության, հոգեկան բավարարվածության հասնելու ձեւերին: «Իմ պրակտիկայում եղել է մի դեպք. հաճախ ուժեղ տագնապային վիճակում հայտնվող իմ այցելուներից մեկը մշակել էր ինքն իրեն հանգստացնելու յուրօրինակ ձեւ: Երբ հայտնվում էր նյարդային վիճակում, չորրորդ հարկի պատուհանից մի բմբուլ էր ցած նետում: Բմբուլը, ըստ նրա, պետք է ընկներ որոշակի դիրքով. մարդն այնքան էր իջնում ցած, վերցնում բմբուլն ու նորից նետում, մինչեւ որ ստանար ցանկալի դիրքը եւ հանգստանար: Սա էլ անհատական ծես է»,- պատմում է Հ. Ամիրյանը: Հոգեբանը աղոթքը համարում է ինքնակարգավորման գործողություն. «Աղոթքի ժամանակ ապրումները անհատական են, որովհետեւ անհատական է նաեւ աղոթքի բովանդակությունը, չնայած աղոթողներն ունենում են ընդհանուր զգացողություններ»: Հոգեբանը նաեւ նշում է, որ աղոթքը պետք է կարճ լինի՝ ոչ միայն «հեթանոսներին չնմանվելու» պահանջով, այլ որովհետեւ մարդու միտքը չի կարող երկար կենտրոնանալ: Ըստ նրա, աղոթքի համար նախատեսված հատուկ տեքստերը, երաժշտությունը՝ բովանդակության առումով, բառային եւ հնչյունային շարվածքով կարեւոր չեն. դրանք պարզապես մարդուն համապատասխան հոգեկան վիճակի մեջ գցելու համար են: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա, հոգեբանի ձեւակերպմամբ, այն որոշակիորեն ծիսականացված միջավայր է՝ համապատասխան երաժշտություն, խաչակնքումներ, վառվող մոմեր…

Եկեղեցին էլ այլ կերպ է մեկնաբանում աղոթքի նշանակությունը: Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Արամ դպիր Դիլանյանը աղոթքի եւ եկեղեցու կապի մասին ասաց. «Եկեղեցին Քրիստոսի հարսն է, իսկ աղոթքը՝ հարսի խնդրանք-խոսքը՝ ուղղված փեսային: Հարսն իր վրա ունի Տիրոջ նշանը՝ խաչը, իսկ Երկնքի արքայություն մեր մուտքը՝ լինելու է Մեծ հարսանիք: Մենք աղոթում ենք Սուրբ Հոգու ներգործությամբ: Հին Ուխտում տեսնում ենք, որ մարդիկ նախքան Աստծուն դիմելը զոհ են մատուցում: Քրիստոսի ծնունդից հետո այդ զոհը եղավ հենց Աստծու որդին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա անմիջական ձեւով խոսք հղել Տիրոջը»:

Կան հավատացյալներ, ովքեր աղոթք սկսելուց առաջ ընդունում են հատուկ դիրք. սա արդեն ծեսի բուն հատվածն է, որը նպաստում է համապատասխան տրամադրություն ստեղծելուն:

Մոմավառության մասին էլ Արամ դպիր Դիլանյանն ասաց, որ այն ունի երկու պատճառ՝ նախ քրիստոնեության տարածման առաջին օրից մոմ վառելը անհրաժեշտ էր՝ էլեկտրականության բացակայության պայմաններում, եկեղեցին լուսավորելու համար, ինչն էլ աստիճանաբար վերածվեց մոմ վառելու ծեսի: Մոմը դիտվում է իբրեւ ընծա առ Աստված, որի հետ Երկնային տիրոջն է հղվում աղոթք-խնդրանքը: Ժամանակի ընթացքում եկեղեցու մոմերը ձեռք են բերում սիմվոլիկ իմաստ: Մոմ վառելու ծեսի երկրորդ մեկնաբանությունն էլ կապվում է լույսի եւ ջերմության խորհրդանիշի հետ: «Երբ ասում ենք մոմավառության ծեսի հիմքում կան կրակապաշտության մնացորդներ, չպետք է մոռանալ մի նրբություն: Դատաստանի օրը, ըստ Աստվածաշնչի, պատիժը վրա է հասնելու բոցեղեն լեզուների տեսքով. կրակից անջատվելու են լույսն ու ջերմությունը արդարների համար, իսկ այրումը բաժին է հասնելու մեղավորներին: Հենց այս լույսն ու ջերմությունն էլ, առանց այրման, խորհրդանշում է մոմը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել