Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԱՅԳԻ

Հուլիս 25,2009 00:00

\"\"Արմավիրցիներն ուզում են եկեղեցի ունենալ, բայց չեն ուզում զրկվել կանաչ տարածություններից եւ հոգեւոր դասի կամակորությանը տեղի տալ: \"\"

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ավագանու 2008 թվականի որոշումներից մեկով քաղաքի Աբովյան փողոցի այգուց 4900 քմ տարածք է հատկացվել է Մայր Աթոռին՝ եկեղեցի կառուցելու նպատակով: Այգին, որին արմավիրցիները Հերոյանի այգի են ասում, երկու հեկտար է: Միայն 1990-ականներին այստեղ 3000 ծառ է տնկվել, որոնց զգալի մասը հատվելու է մեկնարկող շինարարության պատճառով:

Եկեղեցի չունեցող քաղաքի համար Աստծո տան կարեւորությունը գիտակցելով հանդերձ՝ արմավիրցիներն, այնուամենայնիվ, համաձայն չեն կանաչ գոտու մի մասը վերացնելու գնով սրբավայր ունենալու տարբերակին եւ քաղաքի ղեկավարությանը առաջարկում են վերանայել որոշումն ու եկեղեցաշինության համար ավելի հարմար վայր ընտրել: Եկեղեցի չունեցող քաղաքը այգիներով էլ առանձնապես հարուստ չէ, եւ 4900 քմ այգու կորուստը էական եւ զգալի է լինելու:

Բանաստեղծ Սերոբ Եղիազարյանն առաջարկում է եկեղեցին կառուցել մշակույթի պալատի հարեւանությամբ: «Պալատին հարող փողոցը սկիզբ է առնում հրապարակից, վերջանում գերեզմանոցով: Փողոցի հենց սկզբնամասն էլ բավականին ազատ ու լայն է: Տարածք, որը կարող էր ծառայել եկեղեցու կառուցմանը: Կարծում եմ՝ այդտեղ եկեղեցի ունենալը նաեւ խորհրդանշական կլիներ. հանգուցյալին վերջին հանգրվանը հասցնելուց առաջ հոգեւոր արարողությամբ մի պահ կանգ կառնեինք եկեղեցում»,- ասաց արմավիրցի բանաստեղծը:

Մարզպետարանի գյուղվարչության պետի տեղակալ Սանասար Բաղդասարյանի փոխանցմամբ՝ այգին նախկին մարզպետ Հերոյանի օրոք է տնկվել: Ըստ մարզպետարանի ներկայացուցչի, այդ 4900 քմ-ը, որն այլեւս համայնքինը չէ, 1991-94 թթ. վերակենդանացրել են իրենք՝ մարզպետարանի աշխատողները՝ «Տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը ծառատունկ էինք անում: Հերոյանն էլ հետներս: Փխրեցնում էինք հողը, դույլերով ջրում ծառերը, հատուկ խնամք տածում, որ դրանք չհիվանդանան, չչորանան: Նույնիսկ գիշերները հերթապահել ենք, որ տնկիները չտանեն: Ողջ անձնակազմով հողի միջից խխունջները ձեռքերով ենք հավաքել, որ չվնասեն ծառերին: Իսկ հիմա որոշել են ազատվել քաղաքի թոքերից»:

Մարզպետարանի ներկայացուցիչն ուրախ է, որ 80-ամյա Արմավիրը վերջապես եկեղեցի կունենա, բայց առաջարկում է այնպես անել, որ եւ՛ եկեղեցին կառուցվի, եւ՛ կանաչ գոտին չտուժի: «Քաղաքի զբոսայգու հարեւանությամբ, որտեղ գտնվում է նաեւ Արմավիրի առաջնորդարանը, բավականին մեծ տարածություն կա, որը շատ հարմար է եկեղեցի կառուցելու համար: Այդ հատվածում ոչ ծառեր կան, ոչ էլ խանգարող այլ բան. ինչո՞ւ այդ վայրը թողած՝ ընտրել են այգին: Մի կողմից ծառ ենք տնկում, որ մյուս կողմից կտրե՞նք»,- ասաց Սանասար Բաղդասարյանը:

Վերջինիս նշած տարածքը սակայն Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ու ճարտարապետ Արմեն Աբգարյանի սրտով չէ: Համաձայն քաղաքի գլխավոր ճարտարապետի՝ քաղաքապետարանը ծրագիր ունի առաջիկա տարիներին նշված ամայի հատվածը կանաչապատել, բարեկարգել ու տրամադրել արմավիրցիներին՝ իրենց հանգստը կանաչի գրկում կազմակերպելու համար: Թե ինչու չի կարելի տարածքի բարեկարգումը եւ կանաչապատումը եւ եկեղեցաշինությունը մեկ տեղում եւ միաժամանակ անել՝ ճարտարապետը չասաց, բայց նկատեց, որ «եկեղեցաշինության հարցը 1987 թվականից ձգձգվում է: Մայր Աթոռին երեք տեղ ենք առաջարկել: Առաջարկել ենք նույնիսկ մանկական զբոսայգու մի հատվածը, բայց եկեղեցին մարզպետարանի դիմացի այգին է ընտրել, որի շուրջ էլ հիմա կրքեր են բորբոքվում: Ինչու պիտի աղանդավորական տարբեր կազմակերպություններ այս քաղաքում իրենց եկեղեցիներն ունենան, մենք՝ ոչ: Կարելի է, չէ՞, ըմբռնումով մոտենալ ու, գոնե այս հարցում, խնդիրներ չստեղծել»,- ասաց ճարտարապետ Աբգարյանը, ում փոխանցմամբ՝ մարզպետարանի հարեւանությամբ գտնվող հողը Մայր Աթոռին տրամադրել են անհատույց օգտագործման իրավունքով, եւ որոշումը վերանայելու անհրաժեշտություն այլեւս չունեն:

Բանաստեղծ Սերոբ Եղիազարյանի առաջարկած տարբերակը՝ եկեղեցին կառուցել մշակույթի պալատից սկիզբ առնող փողոցի գլխամասում, քաղաքային իշխանությունը մերժել է: Պարզվում է նույն իշխանության որոշմամբ 2007 թվականից այդ տարածքը նոր տեր ունի: Չի ընդունվել նաեւ Երեւանյան եւ Հանրապետության փողոցների հատման անկյունում տեղ հատկացնելու առաջարկը: Մարզպետարանի ներկայացուցիչ Սանասար Բաղդասարյանի ասելով՝ այդ վայրը եւ իր դիրքով է հարմար, որովհետեւ քաղաքի մուտքի մոտ է, եւ ազատ է: Իսկ ճարտարապետ Աբգարյանն ասաց, որ այդ հատվածն էլ արդեն սեփականաշնորհված է:

Այստեղ նկատենք, որ Արմավիրում հողահատկացումների եւ սեփականաշնորհումների հարցերով այժմ զբաղվում են իրավապահները, ու քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այս գործում մեղադրյալ է:

Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանի կարծիքով էլ՝ ճիշտ կլինի, որ եկեղեցին քաղաքի կենտրոնում լինի: Ըստ նրա՝ հրապարակի տեսքը դրանով կամբողջանա. «Հրապարակի աջ ու ձախ կողմերում քաղաքի ու մարզի վարչական շենքերն են, կենտրոնում՝ մշակույթի պալատը, իսկ այս ամենը կամբողջացնի եկեղեցին, որի պակասն այս քաղաքում ամենից շատն է զգացվում»,- ասաց փոխքաղաքապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել