Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարտեզագրություն» թեմայի ուսուցումը՝ ինտեգրված առարկայում

Օգոստոս 08,2009 00:00

Հանրակրթական դպրոցի աշխարհագրություն ուսումնական առարկայի հայեցակարգում գրված է. «Աշխարհագրությունը բոլոր երկրների դպրոցների առանցքային հանրակրթական առարկաներից է եւ պատշաճ տեղ է գրավում ուսումնական ծրագրերում»: Ես եւս համոզված եմ, որ բոլոր երկրների առանցքային հանրակրթական առարկաներից է, բայց ո՛չ մեր հանրակրթական դպրոցի: Շաբաթական մեկ ժամ հատկացված առարկան հնարավոր չէ պատշաճ տեղ գրավի ուսումնական ծրագրերում: 12-ամյա դպրոցում աշխարհագրությունը դասավանդվում է 6-9-րդ դասարաններում եւ շաբաթական ժամերի քանակը 6-ն է: Իզուր չէ մեր քաղաքի դպրոցներից մեկի աշխարհագրության ուսուցչուհին դժգոհում, որ շաբաթական 15 դասարանում դասավանդում է ընդամենը 21 ժամ: Այստեղից ընդհանուր եզրակացության ենք գալիս, որ ոչ մի դպրոցի տնօրեն 6 ժամի համար աշխարհագրության ուսուցչի կարիք չի զգա, եթե հաշվի առնի նաեւ իր բյուջեից այդ կադրի համար ամսական հասանելիք սոցվճարը: Շատ ու շատ դպրոցներում աշխարհագրության առարկայի ժամերը դարձել են լրացուցիչ ժամեր տարբեր առարկաների ուսուցիչների համար: Նրանք մեծ ուրախությամբ վերցնում եւ դասավանդում են իրենց գիտելիքի չափով, իմանալով, որ կրթական սիստեմից ոչ մի ստուգող չկա, առաջնորդվելով «Մենք ենք, մեր դպրոցը» նշանաբանով: Մենք գիտենք, աշխարհագրությունը գտնվում է բնագիտական, տեխնիկական եւ հասարակական գիտությունների շփման հատվածում, սերտորեն փոխկապակցված է դրանց հետ: Այսօր նման գիտությունները մտցվում են որոշ գիտակարգերի մեջ եւ միասնացված ծրագրով անցնում են տարբեր դասարաններում, հաշվի չառնելով կադրային բազայի բացակայությունը, երեխայի տարիքը, պարզից՝ բարդը, հեշտից՝ դժվարը: Մեկ թեմայով ուզում եմ ձեզ համոզել, որ որոշ թեմաների ինտեգրացումը այլ առարկայում՝ անհնարին է լիարժեք արդյունքի հասնել: Նախկինում միջնակարգ դպրոցի աշխարհագրության ծրագրի ամենակարեւորագույն թեմաներից էր «Քարտեզի ուսուցումը», որը երեխաները անցնում էին 4-7-րդ դասարաններում: Մենք՝ աշխարհագրության ուսուցիչներս, լավ էինք գիտակցում այդ թեմայի կարեւորությունը աշխարհագրության ամբողջ դասընթացում: Լավ էինք իմանում, որ քարտեզը աշխարհագրական գիտելիքների հիմքն է, այն գիրք է եւ կարող է կարդալ միայն նա, ով ուսումնասիրել է այդ գրքի այբուբենը: Քարտեզի հայտնագործությունը մարդկային մտքի ամենամեծ փայլատակումներից է, որը պատմության ընթացքում իր խաղացած դերով եւ ժամանակակից նշանակությամբ կարող է համազոր լինել այբուբենին: Բոլոր դասարաններում աշխարհագրությունը դասավանդելիս քարտեզը պետք է լինի գիտելիքների հիմնական աղբյուրներից մեկը եւ աշխարհագրական գիտելիքների հիմքը: Ի զարման աշխարհագրություն առարկայի ուսուցիչների, այդ դժվարին եւ շատ կարեւոր թեման 12-ամյա դպրոցի աշխարհագրության ծրագրում չի մտցված, այլ անցնելու են 2-4-րդ դասարանների ինտեգրված «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայից: Հարց է առաջանում. 3-4-րդ դասարանների 8-9 տարեկան երեխաները կարո՞ղ են յուրացնել այդ թեմայի հիմնական դրույթները, որ հետագայում հիմք հանդիսանա աշխարհագրություն առարկայի դասավանդման համար: Արդյոք այդ թեման դասավանդող դասվարը պատրա՞ստ է նման թեմայի ուսուցման համար: Տարրական դասարանների այդ փոքրիկները «Քարտեզագրություն» թեմայից պետք է իմանան, թե ինչպես են երկրագունդը պատկերում հարթության վրա եւ ինչ աղավաղումներ կարող են առաջանալ, քարտեզի մասշտաբը, նրա տեսակները, կարողանա մի մասշտաբը փոխարինել մեկ այլ մասշտաբով, կատարել չափումներ, դասակարգել քարտեզը ըստ մասշտաբի եւ բովանդակության: Ինչ է ազիմուտը, ազիմուտային անկյան միջոցով կատարել չափումներ: Կողմնորոշվել տեղանքում, հատակագիծ, քարտեզ, գլոբուս, աստիճանացանց, երկրի երեւակայական առանցք, զուգահեռականներ, միջօրեականներ, աշխարհագրական լայնություն եւ երկայնություն: Քարտեզի վրա կետի աշխարհագրական կոորդինատների որոշելը: Քարտեզի պայմանական նշանները, սահմանումները, հասկացությունները, ինչպես նաեւ ժամանակակից (տիեզերքից) քարտեզահանման տեխնիկան: Ես համոզված եմ, որ նման թեմայի ամբողջական ուսուցումը տարրական դասարանում այդ փոքրիկների համար շատ դժվար է եւ հնարավոր չէ լիարժեք ընկալում: Լավ կլինի, որ տարրական դասարաններում «Քարտեզի ուսուցումը» թեման անցնեն տարրական ձեւով, իսկ 6-րդ դասարանի «Մայր ցամաքներ եւ օվկիանոսներ» աշխարհագրության դասընթացի առաջին թեմաներից մեկը հատկացնել քարտեզի ուսուցմանը, ուշադրություն դարձնել ժամանակակից քարտեզահանման տեխնիկային եւ տեղագրական քարտեզներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել