Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՆՈՒՑՈՂ ԵՐԱԿԻՆ՝ ՓԱԿԱ՞ՆՔ…

Օգոստոս 08,2009 00:00

Կամ ընթերցո՞ւմ է ժողովուրդը, թե՞ ոչ

Տարիներ առաջ, երբ մարզային թերթի գլխավոր խմբագիր էի, պաշտոնավորներից մեկը, ով կարդացած – գրագետի համբավ ուներ, դժգոհեց.

– Էս ինչ անորակ թերթ եք տպում…

– Ի՞նչ դիտողություն ունեք,- հարցրեցի:

– Անցած օրը խաշ էինք ուտում, սալֆետկա չկար, բերաններս սրբեցինք՝ ներկը լղոզվեց դեմքներիս…

Ընթերցողի երեւակայությանն եմ թողնում, թե ինչ զգացումներ ու մտածմունքներ ունեցա այդ պահին, ասեմ միայն, որ այդ եւ հետագա օրերին ինքս ինձ տագնապով հարց էի տալիս՝ ո՞ւր ենք գնում…

Եվ ահա, վերջերս, երբ հայրենական մամուլում կարդացի Հայաստանի վերահսկիչ պալատի կողմից մշակույթի նախարարությունում 2007-2008թթ. անցկացված ստուգումների մասին մեկնաբանությունները, մասնավորապես՝ պետպատվերի շրջանակներում 500 անուն գրքերի տպագրության անարդյունավետ համարվելու եզրակացությունը, նույն տագնապը պատեց ինձ՝ չլինի՞ արդեն տեղ ենք հասնում…

Մամուլում հայտնված այն կարծիքները, թե «անարդյունավետ ծախս է պետպատվերի շրջանակներում 500 անուն գրքերի տպագրումը, որոնց ողջ տպաքանակները փտում են պահեստներում… Հետո էլ ասում են՝ ժողովուրդը չի ընթերցում. ի՞նչ ընթերցեն, այդ գրքերը պահանջարկ չունեն եւ չեն կարող ունենալ…» եւ այլն, զուրկ են իրական հիմքից եւ հղի են այդ կարեւորագույն գործին պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը վիժեցնելու վտանգով:

Մեզանում ընդունված է, չէ՞, որ եթե վերադասը, անկախ այն բանից՝ իրավացի՞, թե՞ ոչ, կամ վատ տրամադրությամբ, մի բան ասելու համար՝ իմիջիայլոց դիտողություն է արել, ապա ենթակաների համար դա դառնում է գործունեության անխախտ ծրագիր, քավության նոխազ փնտրել-գտնելու առիթ, եւ փութաջանորեն, առանց թացն ու չորը ջոկելու, շտապում ենք հաճոյանալով զեկուցել, որ բացթողումները վերացված են, այլեւս չեն կրկնվի: Այդպես ենք վարվում ինքնաապահովագրման մարմաջով, իսկ հետո, երբ պարզվում է, որ ճիշտ, ուղիղ գործը ծռել ու խափանել ենք, չքմեղանալով դժգոհում ենք, թե՝ վերեւներում չեն հասկանում, կարգադրեցին, մենք ստիպված էինք, ի՞նչ մեղք ունենք: Ու չենք մտածում, որ այդպես ոչ միայն վնաս ենք հասցնում գործին, այլեւ սասանում ենք վերադասի հեղինակությունը:

Ահա տագնապ ծնող այդ անհանգստությունն է ստիպում գրել այս հոդվածը՝ առանց հատուկ ուսումնասիրությունների, միայն իմ ունեցած-իմացած փաստերով, բոլորովին նպատակ չունենալով հաճոյանալ պետպատվերով գրահրատարակչության պատասխանատուներին, կամ ընդդիմադիր կեցվածք ընդունել Վերստուգիչ ատյանի դեմ:

Նախ, գրքի արդյունավետությունը, հարգելի պարոնայք, ամենեւին էլ իրացումով չի որոշվում: Եթե այդպես լիներ, աշխարհի եւ ոչ մի գրախանութի դարակներում գիրք չպիտի մնար (կամ արդյունավետ վաճառվելու, կամ անարդյունավետ համարվելով՝ չտպագրելու, կամ տպագրվածը հավաքել- թափելու պատճառով): Նույն մտայնությամբ՝ գրադարաններն էլ են ավելորդ հսկայական միջոցներ տրամադրում, հարյուրավոր հեղինակներից մի քանի օրինակ գրքերը իրար կողքի շարում՝ որ ի՞նչ…

Մինչդեռ, ինչ թեմայով, ինչ ժանրի էլ լինի գիրքը, մանավանդ պրոֆեսիոնալ հեղինակի գիրքը, պետպատվերով հրատարակված լինի, թե այլ միջոցներով, դա տվյալ հանրության գիտության, արվեստի, գրականության, փիլիսոփայության ասպարեզներում ժառանգաբար ունեցածի կամ նոր ստեղծածի վկայագիրն է, արտահայտությունը, ազգային, համամարդկային արժեք՝ մեծ կամ փոքր չափով:

Գալով բուն խնդրին, ապա յուրաքանչյուր հրատարակչություն եւ հեղինակ, ով առիթ է ունեցել հայտ ներկայացնել պետպատվերով գիրք հրատարակելու, տեղյակ է, որ այդ ծրագրով տպագրվում են մանկապատանեկան, գրական- գեղարվեստական, մշակութային ժառանգությանը վերաբերող, հանրագիտարանային, գիտահանրամատչելի, թարգմանական (հայերենից), ազգային փոքրամասնությունների հեղինակների գրքեր, իսկ անցած տարվանից՝ նաեւ ազգային նվագարանների վերաբերյալ ձեռնարկներ՝ երաժշտական դպրոցների համար: Այդ թվարկվածներից որոնցի՞ց են 500 անուն այն գրքերը, որոնց ողջ տպաքանակները փտում են պահեստներում:

Սակայն շարունակենք հետեւել պետպատվերային գրահրատարակչության դրվածքի ընթացքին. հայտին կից, որպես կանոն, ներկայացվում է տպագրվելիք գրքի բնօրինակը, որը քննարկվում է 11 հոգուց բաղկացած հանձնաժողովի կողմից եւ ամեն տարի ներկայացված շուրջ 500 հայտերից ընդամենը 150-160-ն է հաստատվում՝ յուրաքանչյուրը հիմնականում 500 տպաքանակով: Այդ քանակից մի մասը պարտադիր, անվճար օրինակներն են, որոնք, օրենքի համաձայն, բաշխվում են ըստ պատկանելվույն, մնացածը տրվում է գրախանութներին, մարզային, համայնքային գրադարաններին: Եվ եթե իսկապես կան գրքեր (այն էլ 500 անուն) որոնց (sic!) ողջ տպաքանակները մնացել են պահեստներում, պահանջարկ չլինելու մասին խոսք լինել չի կարող, քանզի ընթերցողը պահեստից չի գիրքը ձեռք բերում, այլ՝ գրադարաններից ու գրախանութներից:

Դարձյալ վերադառնանք պետպատվերին. նշեցի, որ յուրաքանչյուր տարի պետության սատարմամբ 150-160 անուն գիրք է տպագրվում եւ եթե նկատի ունենանք, որ այդ ցանկում տեղ են գտնում հայ եւ համաշխարհային դասականներ, հոբելյանների առիթով հրատարակությունները, ալբոմները եւ այլն, ապա պարզ կդառնա, թե որքան քիչ տեղ է մնում ժամանակակից հայ գրողի համար եւ հրապարակման արժանի բազմաթիվ գրքեր ու հեղինակներ տեղ չեն գտնում պետպատվերային ցուցակում:

Վերջին տարիներին հայ եւ համաշխարհային դասականներից տպագրվել են Հովհաննես Թումանյանի, Մուրացանի, Վիլյամ Սարոյանի, Աղասի Այվազյանի, Սերվանտեսի, Հելման Հեսսեի, Էլի Ֆորի, այլոց գրքերը: Լույս են ընծայվել Հակոբ Կոջոյանի, Կորալովի, «Իմ Հայաստան» եւ խաչքարերի լուսանկարների ալբոմները: Չեմ կարծում, որ սրանք պահանջարկ չունեն: Ժամանակակիցներից տպագրվել են Լյուդվիգ Դուրյանի, Հենրիկ Էդոյանի, Արմեն Մարտիրոսյանի, Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի, այլոց՝ գրական անդաստանում վաղուց կայացած ու հայտնի գրողների գրքեր: Դարձյալ՝ չեմ կարծում, որ դրանց «ողջ տպաքանակները փտում են պահեստներում»:

Ստիպված եմ, անհամեստաբար, բերել իմ օրինակը: 2007-ին պետպատվերով տպագրվել է իմ «Վերջին ծաղրածուն» պիեսների ժողովածուն՝ 500 տպաքանակով: Ո՞վ է հիմա պիեսներ կարդում, կասեն ոմանք: Ես էլ այդ մտավախությունն ունեի: Բայց փաստն այն է, որ տպաքանակը սպառվել է եւ ո՛չ իմ կամ մերձավորներիս ջանքերով: Ուստի ճիշտ չի այն մտայնությունը, թե մեզանում գիրք չեն կարդում: Անկասկած, զգալի չափով պակասել է ընթերցողների թիվը, ինչպես որ պակասել է թատրոնի, օպերայի, բալետի, սիմֆոնիկ համերգների հանդիսատեսի, թանգարաններ, պատկերասրահներ այցելողների թիվը: Բայց, փառք Աստծո, ոգու սովի չենք հասել: Ոգու սովը վրա է հասնում, երբ ժառանգական հոգեւոր արժեքներն արհամարհվում են եւ նորերն էլ չեն ստեղծվում: Գրողին փայփայելը, գրքերի հրատարակությանը սատարելը բարձր քաղաքակրթության հատկանիշ է, հոգեւոր արժեքների ստեղծման նախապայման:

Այնպես, ինչպես կինոն չսպանեց թատրոնը, հեռուստատեսությունը՝ կինոն (հիշո՞ւմ եք, ժամանակին դրա վախը կար), այդպես էլ ոչ մի համակարգիչ ու համացանց չի կարող փոխարինել գրքին ու գրքի ընթերցանության վայելքին: Այլ հարց է, որ մեզանում վերացել է սին գրքամոլությունը, երբ քաղքենիական սնապարծությամբ տասնյակ հատորներով ընտիր հրատարակություններ էին ձեռք բերում ու հարմարեցնելով գորգի կամ վարագույրի գույներին, դարսում էին պահարաններում՝ ոչ մի անգամ չթերթելով դրանք:

Այլ եւ ցավոտ հարց է նաեւ, որ մեզանում աներեւակայելիորեն քիչ են գրախանութները եւ հիմնականում այդ պատճառով է, որ գրքերն ուշ են իրացվում: Ողբերգություն չէ՞, արդյոք, որ գրքի, ընթերցանության հնագույն մշակույթ ունեցողներս, ողջ հանրապետությունում հազիվ 18-20 գրախանութ ունենք, որի կեսից ավելին մայրաքաղաքում է: Ընդ որում, դրանցից ուղղակի գրախանութները ընդամենը երեքն են: Այս իրողության հետ, դժբախտաբար, բոլորովին չի գովազդվում, չի պրոպագանդվում գիրքը: Մեր անտարբերությամբ, մեր շուկայական հարաբերությունների վիրուսով գիրքը հոգեւոր արժեքներից մղել ենք նյութական արժեքների ցանկ: Ավելին, սննդամթերքի առեւտուրը փողոցում արգելեցինք, իսկ ոգեղեն սնունդը նետեցինք փողոց: Հիշո՞ւմ եք, արդյոք, որ մոսկովյան Կենտրոնական հեռուստածրագրի «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» հանրահայտ հաղորդաշարը սկսվեց գրքի պրոպագանդմամբ, երբ հաճելի արտաքինով, արիստոկրատ տիկինը նախ տեղեկացնում էր այս կամ այն նոր հրատարակության մասին, ցուցադրում էր գիրքը, ապա՝ սկսվում էր մրցույթը՝ հեռուստադիտողի եւ գիտակների թիմի միջեւ: Հաղթողին որպես մրցանակ գիրք էր տրվում: Որպես մրցանա՛կ: Մի կարճ ժամանակամիջոց մեզանում էլ նման փորձեր արվեցին: Բայց, ավաղ, շատ կարճ տեւեց:

Ինչ մնում է գրքերի փողոցային առեւտրին, ապա դա սկսվեց այն բանից հետո, երբ «գրքի մոդան» անցավ ու քաղքենի գրքամոլները ազատեցին իրենց շքեղ կահույքը գրքերից, մյուս կողմից, երբ տասնյակ ու տասնյակ գրադարաններ, գրախանութներ փակվեցին ու հազարավոր գրքեր մնացին անօթեւան… Մտածե՞լ եք՝ ինչու չի արգելվում գրքի փողոցային առեւտուրը: Երկու շատ պարզ պատճառով. առաջինը՝ դա ձեռնտու է մայթերը սեփականաշնորհածներին (առեւտրականներից վարձավճար են գանձում), երկրորդ, եթե գրախանութներ չլինելու մերօրյա պայմաններում արգելվի գրքի փողոցային առեւտուրը, ապա հանրության մեջ դժգոհություն կառաջանա՝ ուրիշ որտե՞ղ կա գրքերի այդքան մեծ տեսականի, որտեղի՞ց ձեռք բերեն… Չմոռանանք նաեւ, որ եթե գրքի պահանջարկ չլիներ, ոչ ոք կիզիչ արեւի տակ, փոշու մեջ կամ տեղատարափին գրքի առեւտրով չէր զբաղվի:

Ահա սա է իրողությունը եւ այս միջոցին խոսել, թե անարդյունավետ ծախս է պետպատվերով գիրք հրատարակելը, առնվազն թյուրտեսություն է կամ հիմնախնդիրը խորությամբ չիմանալու արդյունք: Նշենք, որ հիմնականում պետպատվերի ծրագրով տպագրված գրքերն են, որ վերջին տարիներին մրցանակներ ստացան Մոսկվայի, Ֆրանկֆուրտի, Փարիզի, Թեհրանի, Սալոնիկի, Մինսկի գրքի ցուցահանդեսներում, այդ գրքերի հեղինակներն են, որ հանրապետական ու միջազգային գրական մրցույթներում մրցանակների են արժանանում՝ այդպես լծվելով հայոց գրքի պրոպագանդման գործին:

Եվ վերջում դարձյալ զավեշտալի մի պատմություն, այս անգամ արդեն՝ ֆոլկլորից: Մի մարդ գնում է քահանայի մոտ: Քառասուն վիշտ ունեմ, ասում է, փարատիր: Քահանան ասում է՝ թվարկիր: Մարդը թվարկում է՝ «Նախ, փող չունեմ…»: «Մի շարունակիր,- ընդհատում է քահանան,- մյուս 39-ը դրանից է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել