Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՋԱԿՑԻ՞ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՆ ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

Օգոստոս 08,2009 00:00

«Վոլեյբոլը Սիսիանում մասսայական մարզաձեւ է, որովհետեւ օժտված ենք բարձրագույն կրթությամբ մասնագետներով: Պատահական չէ, որ համահայկական բոլոր խաղերին վոլեյբոլի աղջիկների թիմը մեծ հաջողություններ է ունենում՝ գրավելով պատվավոր տեղեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Աղվան Հակոբյանը: Դպրոցը հանրապետությունում գործող հազվագյուտ օջախներից է, որ աշխատում է մարզպետարանի ենթակայության ներքո: Տնօրենի հավաստմամբ՝ ինքն է այդպես ցանկացել, քանի որ այս դեպքում, սնվելով պետական բյուջեից, ֆինանսավորումը կայուն է: Այսօր մարզադպրոց, որտեղ գործում են տարբեր մարզաձեւերի՝ վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ եւ այլն, 34 խմբեր, հաճախում է շուրջ 480 երեխա: Այդ 34 խմբերից 13-ը վոլեյբոլի են, 7-ական՝ ֆուտբոլի եւ բասկետբոլի: Երկար տարիներ դպրոցն աշխատել է անմխիթար պայմաններում, իսկ 2007-ին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով հիմնանորոգվել է: Տնօրենի խոսքով՝ այսօր մարզադպրոցը գույքի, գնդակների խնդիր չունի. «Մեր անձնական միջոցներով ամեն ինչ էլ անում ենք, ինչպես ասում են՝ մենք մեր յուղով տապակվում ենք»: Հարցին՝ եթե մարզվելու համար ամեն պայման ստեղծված է, ո՞րն է պատճառը, որ մարզադպրոցի հաջողությունները միայն վոլեյբոլից են գրանցվում, պարոն Հակոբյանն այսպես պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ֆինանսից: Տպավորություն է ստեղծվում, թե միայն վոլեյբոլի աղջիկների թիմն է հաջողություններ ունենում, բայց ունենք նաեւ լավ տղաներ: Գումարի պակասի պատճառով մրցումներին չենք կարողանում մեկ թիմից ավելի ուղարկել: Ֆուտբոլն էլ վատ չէ, բայց հանրապետական փուլին չենք կարողանում մասնակցել, որովհետեւ ֆինանսավորում չունենք: Հիմա առաջվա նման չէ, ֆինանսավորումը պետք է նպատակաուղղես այն ուղղությամբ, որ իմանաս՝ հաստատ արդյունք կբերի, որովհետեւ երեխաները հրապուրվում են արդյունքներով: Եթե տղաների թիմն էլ հաճախակի մասնակցի մրցումներին, հաղթանակներ կլինեն: Այսօրվա պայմաններում ճիշտ կլինի, որ դպրոցները մասնագիտացվեն՝ յուրաքանչյուր տարածքում զարգացնելով մի մարզաձեւ: Ասում են՝ սպորտ ենք զարգացնում, սպորտը մեր ուշադրության կենտրոնում է: Այսօր ես մարզչին 30 հազար դրամ աշխատավարձ եմ տալիս, պետք է շնորհակալ լինենք, որ գալիս, նվիրումով աշխատում են, 30 հազարն ընտանիք պահելու համար ի՞նչ է: Բացի դրանից, գնում-խնդրում են ծնողներին, որ ուղարկեն պարապելու»:

Սիսիանի վոլեյբոլի հավաքականը մեկն է այն 4 թիմերից, որ մասնակցում է հանրապետության բարձրագույն խմբի կանանց 2009թ. չեմպիոնատին: Ապրիլի 16-19-ը Սիսիան քաղաքում անցկացվել են առաջին փուլի մրցումները, որտեղ տանտերերը վաստակել են 4 միավոր՝ զիջելով միայն Երեւանի թիմին: Սակայն ֆինանսների բացակայության պատճառով բաց են թողել մայիսի 18-21-ը Ստեփանակերտում անցկացված 2-րդ փուլը: Արդյունքում հավաքականը միավորներ է կորցրել՝ դուրս մնալով բարձրագույն խմբից: Տնօրենը նշեց, որ մասնակցության համար անհրաժեշտ է եղել մոտ 200 հազար դրամ՝ ճանապարհածախսի ու գիշերելու համար: Ա. Հակոբյանի փոխանցմամբ, նախորդ տարիներին ծախսերը հոգացել է ֆեդերացիան, բայց ճգնաժամի պատճառով այս տարի ֆինանսավորում չի եղել, եւ դրամ հայթայթելու հոգսերը մնացել են մասնակցող կազմակերպության ուսերին: Մյուս թիմերը մասնակցել են քաղաքապետարանի միջոցներով: Ա. Հակոբյանին Սիսիանի քաղաքապետարանում այսպես են պատասխանել. «Բյուջե չկա, ֆինանսավորում չունենք»: «Ես դրան չեմ հավատում, տարիներ շարունակ բյուջեով մարզական միջոցառումների համար գումար է հատկացվել, ո՞նց կարող է պատահել, որ հիմա գումար չհատկացվի: Հնարավոր է՝ քիչ է: Դա այլ հարց է, բայց որ ընդհանրապես չեն հատկացնում, նման բան գոյություն չունի: Ուրիշ բան է, որ հիմա գումար չունեն, բայց որ նախատեսված է, դա միանշանակ է»,- ասում է Աղվան Հակոբյանը, հետո ավելացնում. «Երեւի իրենց աշխատաոճն է, հիմա քաղաքի բարեկարգման վրա են ուշադրություն դարձնում: Գուցե այդպես էլ է լինում, մի անգամ մերժվել ենք, չի նշանակում անընդհատ պիտի մերժվենք: Բայց ինձ համար ցավալի է, որովհետեւ մեր մարզադպրոցը հանրապետությունում բարձրակարգ տեղեր է զբաղեցրել: Ֆեդերացիան Բաթումում անցկացվելիք լողափնյա վոլեյբոլին մասնակցելու համար Սիսիանի թիմն է նախընտրել»: Զրուցեցինք նաեւ Սիսիանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, առողջության, երիտասարդության եւ սոցիալական հարցերը համակարգող բաժնի պետ Վարոս Սիմոնյանի հետ: Նա ասաց. «Սիսիանի քաղաքապետարանը եւ գործարարները միշտ որոշակի չափով հովանավորել են վոլեյբոլի թիմին, բայց հնարավորություն չունենք նման չափի գումար՝ 350 հազար դրամ տրամադրել (Ա. Հակոբյանի տվյալներով, պահանջվող գումարը մոտ 200 հազար դրամ էր – Լ. Խ.), մանկապարտեզի երեխայի բերանից կտրել՝ տրամադրել նման բաների: Ուրիշ մարզաձեւեր էլ կան, որոնց աջակցում ենք: Բազմապատկել ենք աղբահանությունը: Եվ եթե այսօր հնարավորություն չունենք, չի կարելի նեղանալ, վիրավորվել: Պետք է փորձեին հովանավորներ գտնել»:

Օգոստոսի 15-ին 1994-1995 թթ. ծնված աղջիկների վոլեյբոլի հավաքականը պետք է մեկնի Հունգարիա եւ Բուլղարիա: Մարզիչը Աղվան Հակոբյանն է, իսկ թիմի հիմնական կազմի 8 խաղացողներ Սիսիանի մարզադպրոցի աղջիկներն են:

Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում կայանալիք Երվիշի անվան միջազգային գավաթի խաղարկության համար մասնակցող կողմը պետք է հոգա միայն ճանապարհածախսը: Ա. Հակոբյանը դիմել է Սյունիքի մարզպետին, հիմնարկ-ձեռնարկություններին, աջակցում են նաեւ երեխաների ծնողները: Նա հուսով է, որ այս անգամ քաղաքապետարանն էլ կաջակցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել