Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցիներին մտահոգում է ազգի բարոյական վիճակը

Օգոստոս 18,2009 00:00

Ռուսաստանի բնակիչների շուրջ 70%-ը հավանություն է տալիս ռուսական հեռուստատեսությանը կից բարոյականության հարցերով հասարակական խորհրդի ստեղծմանը: Պատասխանողների 32,9%-ը միանշանակ հավանություն է տալիս նման խորհրդի գաղափարին, իսկ 35,4%-ն ավելի շուտ կողմ է, քան դեմ՝ այդ գաղափարին: Այդպես են հայտնել «Ցիրկոն» ուսումնասիրական խմբում՝ իրենց կատարած հարցման արդյունքների հիման վրա:

Հարցվածների կեսից ավելին՝ 52%-ը, այս կամ այն չափով հավանություն է տալիս հենց հեռուստադիտողների մասնակցությանը հեռուստահաղորդման ղեկավարմանը եւ այդ գործընթացը չի համարում բացառապես արհեստավարժների մասը: Դրանից բացի, պատասխանողների 70%-ից ավելին գտնում է, որ պետությունը պետք է ակտիվորեն կարգավորի ռուսական կենտրոնական հեռուստաալիքների աշխատանքը եւ արգելի հասարակության բարոյական վիճակի համար վտանգավոր առանձին հաղորդումներ:

Հարցման մասնակիցների 38,6%-ը պատրաստ է տալ ռուսական հեռուստատեսությամբ այնպիսի հեռուստահաղորդումների անուններ, որոնք, իր կարծիքով, չի կարելի ցույց տալ (որովհետեւ դրանք վտանգավոր են, անբարոյական եւ այլն), այլ ընդհակառակը, անհրաժեշտ է իշխանությունների որոշմամբ դրանք արգելել: 35,3%-ն արտահայտվել է նման հաղորդումները վճարովի հեռուստաալիքներ տեղափոխման կողմ:

62,5%-ը խուսափում է սարսափների եւ բռնությունների տեսարաններով հաղորդումներ եւ ֆիլմեր դիտել: Հարցվածների 55%-ից ավելին ջանում է չդիտել էրոտիկ եւ սեքսուալ տեսարաններով հաղորդումներ եւ ֆիլմեր:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 72,3%-ը, առաջին հերթին գերադասում է դիտել նորություններ եւ տեղեկատվական հաղորդումներ, կեսը՝ 50,8%-ը, գեղարվեստական ֆիլմեր: Այնուհետեւ գալիս են զվարճալի, հումորիստական հաղորդումները՝ 24,9%, ճանաչողական հաղորդումները, փաստագրական ֆիլմերը՝ 28,2%, սերիալները՝ 19,7%, երաժշտական հաղորդումները՝ 14,8%, սպորտային հաղորդումները՝ 18,7%, սոցիալ-քաղաքական հաղորդումները՝ 12,1%: Վերջին տեղում հեռուստախաղերն են՝ 3,5% եւ թոք-շոուները՝ 7%: Օրական 2 ժամից ավելի հեռուստացույց է դիտում պատասխանողների 42,3%-ը, միջին հաշվով օրական 1-2 ժամ՝ 38,3%-ը, կես ժամ կամ ավելի քիչ՝ 10,9%-ը:

Հավելենք, որ ուսումնասիրությունը կատարվել է այս տարվա հունիսի վերջին՝ 1600 մարդկանց շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել