Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ Է ԱՅՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ, ԸՍՏ ՈՐԻ՝ ՄԱՐԴԸ ԿԱՊԻԿԻՑ Է ԱՌԱՋԱՑԵԼ

Օգոստոս 26,2009 00:00

\"\"Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը գտնում է, որ կենսաբանության դասագրքի մեջ պետք է լինի նաեւ արարչագործության վերաբերյալ աստվածային գիտական տեսակետը:

«Անընդհատ հարցնում են, թե մինչեւ երբ պետք է եկեղեցին լռի, հանդուրժի կենսաբանության դասագրքի մեջ առկա դարվինիստական կամ էվոլյուցիոն տեսակետների, գաղափարախոսությունների առկայությանը,- ասում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն՝ հոգաշնորհ տեր Վարդան աբեղա Նավասարդյանն ու շարունակում:- Երբ հարցն ուղղվում է ինձ, ես պատասխանում եմ՝ այդ հարցի լուծմամբ մենք չէ, որ պետք է զբաղվենք, եթե ուսուցիչը հարց ունի, ուրեմն թող նա էլ բարձրաձայնի: Երբ նա կբարձրաձայնի, մենք նոր կհետապնդենք այդ խնդիրը»:

Վերջերս տարբեր կենսաբաններ, կենսաբանության ուսուցչուհիներ բողոք են բարձրացրել 10-րդ դասարանի կենսաբանության գրքում առկա էվոլյուցիոն գաղափարախոսության դեմ, ըստ որի՝ մարդն առաջացել է կապիկից: Ըստ հայր Վարդանի, դարվինիստական գաղափարախոսությունը զուտ անապացույց գիտական աշխատանք է եւ հակասում է Աստվածաշնչին, եկեղեցուն. «Մարդուն Աստված է արարել, դա անհերքելի փաստ է: Տիեզերքում եթե գոյություն ունի որեւէ բանի սկիզբ՝ անպայման նրա զարգացումն ու վախճանը եւս կա: Դա բնության հաստատված օրենք է, եւ գոյություն ունեն ապացուցված օրինակներ: Եթե որեւէ տեսակի բջիջից է առաջացել տիեզերքը կամ բնությունը, ուրեմն հիմնական հարցումը աստվածաբանների կամ եկեղեցիների՝ հետեւյալն է. թե այդ բջիջը որտեղի՞ց է առաջացել: Եվ այդ հարցումն անընդհատ կտրվի՝ մինչեւ հասնենք անպատասխան հարցումի, կասենք չգոյությունից, այդ չգոյությունը ենթադրում է մի վիճակ, որտեղից Աստված ստեղծեց աշխարհը: Եվ եթե տեսնենք աշխարհի արարչագործության պատմությունը, կտեսնենք, որ որքան հրաշալի եւ իմաստուն ձեւով դասավորել ու աճողական սկզբունքով արարչագործություն է կազմակերպել: Այսինքն՝ նախ իմանալի լույսը, ապա զգալի, տեսանելի լույսը, հետո կամաց-կամաց նյութականին է անցել՝ ջրերը եւ հողը, արեւը, լուսինը, դրան հաջորդել է կենդանական աշխարհը՝ ծառերը եւ բույսերը, սողունները, կենդանիները, թռչունները: Դրանից հետո կենդանական աշխարհի առանձնահատկություններից եւ յուրահատկություններից վերցնելով կամ պարուրելով, ամփոփելով մի արարածի մեջ, ստեղծել է այնպիսի մի արարած, որ այդ ամենին կարող է իշխել, հասկանալ, ուսումնասիրել: Այդ ամենի ֆիզիկական եւ քիմիական որոշակի բաղադրությունները կրում է իր մեջ մարդը եւ նրանից զատ գլխավորաբար ունի մի առանձնահատկություն, որ կարելի է ասել՝ իբրեւ յուրահատկություն, անմահությունն է: Այսինքն՝ այն հասկացողությունն է, հարաբերությունն է խոսքի եւ մտքի միջոցով, որ մարդու հոգեւոր կերտվածքի յուրահատկությունն է կազմում»:

Խնդիրը, Հայր Վարդանի բնորոշմամբ, առնչվում է 7-8-րդ դասարանների կենսաբանության դասագրքերի ներածական բաժնի եւ գլխավորաբար 10-րդ դասարանի դասագրքի հետ, որտեղ ամբողջ մեկ հատված՝ ավելի քան 90 էջի մեջ, ամփոփված է էվոլյուցիայի գաղափարը: Այսինքն՝ մեկ ուսումնական տարի երեխան անցնում է այդ գաղափարախոսությունը, թե ինքը կենդանուց է առաջացել, որ ինքն ինչ-որ մի աճողական սկզբունքով կենդանուց վերափոխված անձ է: Հայր Սուրբի փոխանցմամբ, այս հարցով ուսումնասիրություններ են կատարվել այլ երկրների կրթական համակարգերում. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնականում մեծ աղմուկ կա ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ եվրոպական երկրներում: Աղմուկը հետեւյալն է. եթե առկա է էվոլյուցիայի գաղափարախոսությունը, ուրեմն պետք է համահավասար կերպով առկա լինի արարչագործության մասին գիտական տեսակետը: Այդ առումով, եթե դնում ենք մի գիտական տեսակետ կապված էվոլյուցիայի հետ ու փաստում համայնավարության գիտական տեսակետներով, ուրեմն նշանակում է համայնավարությունից այսքան տարի անց մենք դեռ չենք թոթափել մեր ուսերից աստվածամերժման ժամանակների տեսակետները: Ժամանակն է, որպեսզի տեսնենք՝ աշխարհում ինչ տեսակետներ գոյություն ունեն: Մանավանդ եւ ի մասնավորի, մեր երկրի պայմաններում, որ ունենք քրիստոնեական պետական կրոն, եւ այդ հավատալիքը մեզ համար սկզբունքային է եղել պատմության ընթացքում, այսօր էլ մենք իբրեւ եկեղեցի չենք հակառակվում այդ գիտական տեսակետին, ընդգծեմ՝ չապացուցված գիտական տեսակետի առկայությանը կրթական համակարգում: Թող լինի, բայց ոչ թե ամբողջ մեկ տարվա կտրվածքով: Եվ եթե կա այդ տեսակետը, ուրեմն երկրորդ տեսակետի՝ արարչագործության մասին տեսակետի առկայությունը պարտադիր է»:

Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը փաստում է, որ արարչագործության տեսակետն ամբողջովին անտեսված է. «Եթե թերթեք 10-րդ դասարանի դասագիրքը՝ կտեսնեք, որ չկա ոչ մի խոսք արարչագործության մասին: Գիրքը սկսվում է 7-րդ էջից՝ «Էվոլյուցիոն ուսմունք» եւ այդպես շարունակվում է մինչեւ 100-րդ էջը, այդ ամենը փաստագրվելով Մարքսով, Էնգելսով, այսինքն՝ համայնավարական գիտական տեսակետները ամբողջապես արտացոլված են մերօրյա գիտական ուսումնասիրությունների մեջ եւ ներկայացված են դասագրքերի շրջանակներում: Բնության կամ բնական ընթացքի արարչագործության Աստվածային տեսությունը որեւէ ձեւով արտացոլված չէ: Եկեղեցին առաջարկում է այս դասագիրքը հաջորդ վերախմբագրման կամ վերահրատարակության ժամանակ էվոլյուցիոն տեսակետի համար ստեղծել առանձին ուսումնասիրող հանձնախումբ: Հարցը բավական խորն է, եւ իբրեւ եկեղեցի հետամուտ լինելով սույն խնդրի լուծմանը՝ առաջարկում ենք, որպեսզի՝ կենսաբանության դասագրքի մեջ դարվինիստական գաղափարախոսության հետ զուգահեռ դրվի նաեւ աստվածային գիտական տեսակետը արարչագործության վերաբերյալ»:

Հայր սուրբը գտնում է՝ որպես պատմական տեսակետ, որ իսկապես էվոլյուցիայի գաղափարը եղել է, կարելի է թողնել. «Բայց կա նաեւ երկրորդ տեսությունը. ո՞ւր է այն ապացույցը, որ մինչեւ այսօր որեւէ մի բջիջից կամ տիղմից, անասունից կամ կապիկից առաջացել է մարդ: Պետք չէ ամբողջ մեկ տարի 10-րդ դասարանի հասուն, ընկալունակ երիտասարդին այս գիտելիքները սերմանել եւ առաքել բուհ ու կյանք՝ դրանով իսկ խեղաթյուրելով նրա պատկերացումները կյանքի վերաբերյալ, իր հետագա զավակի վերաբերյալ եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել