Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց ֆուտբոլը Հայաստանում. ուտոպիա՞

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի կանանց ու աղջիկների հավաքականները ոչ ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում երեք խաղ են անցկացրել՝ երեքում էլ կրելով խոշոր հաշվով պարտություններ ու չխփելով գեթ մեկ գնդակ:

Սակայն, ի տարբերություն ավանդական՝ տղամարդկանց ֆուտբոլի, այստեղ դժգոհողներ ու բողոքողներ, խնդիրներ բարձրաձայնողներ չկան. ամեն ինչ ավելի քան «բնական» է:

«Բնական» է, որ կանանց ու աղջիկների հավաքականների գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը ստիպված է լինում «Հրազդանում» ֆիններից 0:4 հաշվով կրած պարտությունից անմիջապես հետո ուղեւորվել Հունգարիա՝ միանալու իր 19-ամյա սաներին, որոնք դեռ նախօրեին էին մրցատեղի մեկնել՝ Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարին մասնակցելու: «Բնական» է նաեւ, որ մեր աղջիկների ու կանանց հավաքականների նախախաղային հավաքներին հատկացվում է միայն 2 օր: «Բնական»-ները շատ-շատ են:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում պատրաստակամությամբ, բայց առանց մեծ ցանկության են խոսում կանանց ֆուտբոլի ու դրա խնդիրների մասին: Ասենք՝ խոսելու բան էլ չկա: Եթե տղամարդկանց ֆուտբոլի պարագայում խնդիրների բարձրաձայնումը սկիզբն է վերջիններիս լուծման ընթացքի, ապա այստեղ անգամ դա չի փրկի. համակարգ առհասարակ գոյություն չունի: Խոսենք փաստերով:

Հայաստանում կանանց ֆուտբոլի առաջնություն չի անցկացվում: Գոյություն ունեն միայն «սեզոնային» մինի-մրցաշարեր, որոնց համար ընտրվում է մեկական օր՝ գարնանը, ամռանը, աշնանը… ՀՖՖ-ում մեզ տեղեկացրին, որ միայն 8 թիմ է մասնակցել վերջին՝ «գարնանային» ու «ամառային» այդ ֆուտբոլային յուրօրինակ «փառատոներին»: Ընդ որում, տարիքային սահմանափակում, որպես այդպիսին, մրցաշարի կանոնակարգում ամրագրված չէ. «Քոլեջի» ու «Բանանցի» ֆուտբոլիստուհիների դեմ, որոնք, ի դեպ, մեր հավաքականների կորիզն են կազմում, դաշտ է դուրս եկել նաեւ «Տաթեւ-110» թիմը՝ համալրված թիվ 110 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներով: ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Ռոբերտ Սահակյանի փոխանցմամբ, կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որ մրցակից թիմերը հնարավորինս համարժեք կազմերով դուրս գան խաղադաշտ: Սակայն ինքնին հասկանալի է՝ դա ուտոպիա է: Ուտոպիա է նաեւ նման պայմաններում Հայաստանի առաջնության անցկացման մասին խոսելը, թեեւ՝ ինչպես մեզ տեղեկացրեց մեր զրուցակիցը, ՀՖՖ-ն ջանք չի խնայում կանանց ֆուտբոլի զարգացումը խթանելու համար: Յուրաքանչյուր մարզ, որը ֆուտբոլի կանանց թիմ կպահի, ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կվարձատրվի: Այս առումով, ի դեպ, բավական ակտիվ է Շիրակի մարզը. «գարնանային» եւ «ամառային» մինի-մրցաշարերի 8 մասնակից թիմերից 3-ը՝ «Փանիկը», «Արգինան» եւ «Արթիկը», հենց վերջինի ներկայացուցիչներն են: Մարզային թիմերից այդ յուրօրինակ «առաջնությունում» ներկայացված է նաեւ «Վանաձորը»: Սրանով էլ կանանց ֆուտբոլի անդրերեւանյան աշխարհագրությունն ու ՀՖՖ մարզային վարձատրումները սպառվում են:

Ակնհայտ է, որ տարվա ընթացքում 30 րոպե տեւողությամբ խաղերի միջոցով 3-4 անգամ նման մեկօրյա մրցաշարերով անհնար է հավաքականներ պատրաստել՝ միջազգային հանդիպումներում «տանելի» ելույթ ունենալու համար: Մանավանդ որ, վերոնշյալ խաղերին թիմերը մասնակցում են «ձեւափոխված»՝ 8 ֆուտբոլիստուհիներից բաղկացած կազմով: Ստացվում է, որ այդ հանդիպումները իրենց տեսակի մեջ գոնե նախապատրաստային համարվել չեն կարող, առավելագույնը՝ թեթեւ մարզումային, առանց տակտիկական սխեմաների:

2007թ. Շանհայում անցկացված կանանց ֆուտբոլին վերաբերող սիմպոզիումում ակնառու դարձավ, որ ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն բոլոր ջանքերը նպատակաուղղել են կանանց ֆուտբոլի զարգացմանը: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե պրոֆեսիոնալ ակումբներն արտոնագրման համար, ի թիվս այլ պահանջների, պիտի ունենան նաեւ կանանց թիմեր: Սակայն դա միայն նախագիծ էր, բայց ակնհայտ է, որ մենք այդ նախագծի ընդունման դեպքում բազմաթիվ խնդիրներ կունենայինք:

ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ պետք են անհրաժեշտ նախապայմաններ՝ կանանց թիմեր ստեղծելու համար, եւ խնդիրը տվյալ դեպքում սոցիալ-տնտեսական բնույթի է, անգամ՝ մենտալիտետային, իսկ ֆեդերացիայի դերն ու նշանակությունը շատերի կողմից թյուր է ընկալվում: Միեւնույն ժամանակ, սակայն, ՀՖՖ-ն կանանց ֆուտբոլի զարգացման հարցում պատասխանատվության «առյուծի բաժինը» գցում է ՈՒԵՖԱ-ի ուսերին: «Առաջին հերթին պետք է ՈՒԵՖԱ-ն պարտադրի ակումբներին՝ կանանց թիմեր ունենալ»,- ասում է Ռոբերտ Սահակյանը…

Ստացվում է՝ պիտի սպասենք, թե ե՞րբ է ՈՒԵՖԱ-ն որոշելու պարտադրանքների անցնել: Իսկ մինչ այդ կբավարարվենք երկնիշ հաշվով պարտություններով եւ կուրախանանք, որ հերթական մրցակցից բաց ենք թողել ոչ թե 10, այլ ընդամենը 4 գնդակ: Չնայած՝ նույն գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն էր դեռ 2 տարի առաջ ասում. «Երբեք պետք չէ վախենալ նման խոշոր հաշվով պարտություններից, պարզապես պետք է աշխատանք տանել այդ պարտությունները հաղթանակների վերածելու համար»:

Ուրեմն, հուսանք, որ առաջիկա տասնամյակում Հայաստանում պրոֆեսիոնալ կին ֆուտբոլիստների քանակը ամեն դեպքում կգերազանցի ներկայիս 76-ը, իսկ 17 եւ 19 տարեկանների ու ազգային հավաքականից զատ, կունենանք նաեւ կանանց երիտասարդական թիմ, որի ելույթներին ֆուտբոլասեր հասարակությունն անհաղորդ չի լինի:

Հ. Գ. Այսօր անդրադարձ կատարեցինք կանանց ֆուտբոլի խնդիրների՝ այսբերգի տեսանելի, մակերեսային հատվածին: Առավել խորը եւ հիմնավոր կքննարկենք նաեւ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել