Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՉԱՓ, ԻՐԱՎԱՉԱՓ, ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐՈՎ

Հոկտեմբեր 15,2009 00:00

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցում այսպիսի բառերով են բնութագրվել ոստիկանության գործողություններն Ազատության հրապարակում:

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ այս օրերին ծավալված լայն ընդգրկում ունեցող քննարկումները մի տեսակ մոռացության են մատնել «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից ուղիղ մեկ ամիս առաջ հրապարակված զեկույցը: Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ 10 մարդ սպանվեց եւ հարյուրավորները վնասվածքներ ստացան, իսկ դրա համար իրական պատասխանատուները տակավին բացահայտված չեն: Ու թեեւ այդ զեկույցի մասին հիմա ոչ ոք չի հիշում, այդուհանդերձ, դրա անաչառությունն ու օբյեկտիվությունն այսօր էլ հասարակության մի ստվար հատվածն ու քաղաքական ընդդիմությունը, հակառակ արդեն գոյություն չունեցող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի պնդումների, կասկածի տակ են առնում: Թե «Մարտի 1»-ի դեպքերին առնչվող ի՞նչ կարեւորագույն փաստեր է կոծկել կամ շրջանցել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովն իր զեկույցը կազմելիս, «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Առավոտի» հետ զրույցում դեռ հոկտեմբերի սկզբին արդեն մատնանշել է:

Բայց վերադառնալով այդ զեկույցին՝ հարկ է, թերեւս, խոսել նաեւ այն մասին, թե այդ կարեւորագույն փաստերի կոծկման արդյունքում հանձնաժողովը որքանո՞վ է ճշգրիտ, անկողմնակալ եւ օբյեկտիվ ներկայացրել «Մարտի 1-2»-ի դեպքերը:

Առայժմ խոսենք բացառապես «Մարտի 1»-ի առավոտյան Ազատության հրապարակում ծավալված իրադարձությունների մասին, որոնց առնչությամբ Նիկոյանի գլխավորած հանձնաժողովն իր եզրակացության մեջ հստակ շեշտել է, թե՝ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, ընդհանուր առմամբ, եղել են իրավաչափ եւ համաչափ եւ բխել են «Ոստիկանության մասին» եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքների պահանջներից:

Նախ, ինչո՞ւ Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցում, որտեղ անդրադարձ կա այդ իրադարձություններին, ոչ մի խոսք չկա այն մասին, որ Փաստահավաք խմբի կողմից հանձնաժողովին փոխանցված նյութերում կան փաստեր, ըստ որոնց՝ թե՛ ՀՀ ոստիկանության եւ թե՛ ԱԱԾ ղեկավարության կողմից հաստատվել է, որ իրենք դեռ 2008թ. փետրվարի 28-29-ին Ազատության հրապարակում, իբր, զենք-զինամթերք բաժանելու մասին իրենց ստացած օպերատիվ տեղեկությունների վերաբերյալ զեկուցել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ դրանից ի՞նչ է հետեւում: Մեր այս հարցին Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե հանձնաժողովը լուրջ ուսումնասիրած լիներ այդ փաստաթղթերը, պիտի եզրահանգման գար, որ ամսի 1-ի գործողությունների պատասխանատուն, այնուամենայնիվ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»: Ըստ նախկին Խմբի անդամի, եթե ԱԱԾ-ն ունեցել է տվյալներ, զեկուցել է ՀՀ այն ժամանակվա նախագահին, նա էլ իր հերթին որոշում է կայացրել նյութերը փոխանցել ոստիկանությանը, նշանակում է՝ այդ կառույցների օպերատիվ տեղեկատվությանն առնչվող նաեւ մյուս գործողությունները ղեկավարվել են պարոն Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Հանձնաժողովն այդ փաստը չի ուսումնասիրել եւ զեկույցում էլ չի ներառել, որովհետեւ դա ձեռնտու չի եղել նրան: Բանն այն է, որ եթե հանձնաժողովը որոշեր այդ փաստը լրջորեն ուսումնասիրել, կարող էր պարզվել, որ ամսի 1-ին, այնուամենայնիվ, նախագահականում շտաբ է գործել, ինչի մասին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հանձնաժողովում հայտարարել էր, ու պատահական չէ, որ հետո այդ հայտարարությունը փորձեցին հերքել: Եթե նման շտաբ գործել էր, ուրեմն պետք էր նաեւ պարզել, թե այդ շտաբում ի՞նչ որոշումներ եւ ի՞նչ կարգով են կայացվել: Բայց քանի որ դա կարող էր վտանգավոր զարգացումներ ունենալ, հանձնաժողովը որոշեց անտեսել իր իսկ կողմից ձեռք բերված այդ փաստը»,- արձանագրեց Ա. Քոչարյանը:

Հանձնաժողովի զեկույցում վերապահում կա առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած գործողության ժամի վերաբերյալ: Հանձնաժողովը, պատկերացրեք, պարզել էր, որ այդ գործողությունները սկսել են ոչ թե ժամը 7-ին, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ 6:40-ին, սակայն հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ դա իրավական հետեւանք չի առաջացնում: Բայց արդյոք չի՞ առաջացնում: Իրականում առաջացնում է, որովհետեւ եթե իրավապահների՝ Ազատության հրապարակ գնալու պատճառը, ինչպես նրանք են պնդում, օպերատիվ տեղեկությունները ճշտելն է եղել, կամ նրանք օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ են ունեցել, իսկ այդպիսի գործողություններ նրանք օրենքով իրավունք ունեին իրականացնել միայն առավոտյան ժ. 7-ից, ապա նշանակում է, որ ՀՀ ոստիկանության ղեկավարները, այդ գործողությունը պլանավորած օպերատիվ շտաբի բոլոր անդամները օրենք են խախտել, իսկ դա արդեն հանցագործություն է: Նիկոյանի հանձնաժողովը նաեւ եզրակացրել է, թե «տեղանքի հետազոտում» միջոցառում իրականացնելու համար «բերված իրավական հիմքերը բավարար են», այսինքն՝ «միջոցառումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պայմաններում»:

Ա. Քոչարյանը կտրականապես մերժեց այս պնդումը: Նրա ասելով, Խումբը ժամանակին փորձել էր ստանալ այն զեկուցագրերը, որոնք, իբր, ներկայացվել էին ԱԱԾ-ի եւ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների կողմից՝ հակաօրինական գործողությունների պատրաստվելու նպատակով հանրահավաքի մասնակիցներին զենք-զինամթերք բաժանելու մասին, որոնք էլ հրապարակում, իբր, օպերատիվ-հետախուզական միջոցառման առիթ էին դարձել: «Նման փաստաթղթեր, զեկուցագրեր այդպես էլ ոչ ոք չի տեսել: Խմբին էլ հնարավորություն չտրվեց ծանոթանալ այդ օպերատիվ գործակալական փաստաթղթերին՝ պետական գաղտնիքի անվան տակ»,- ասաց Ա. Քոչարյանը՝ կասկած հայտնելով, թե այդպիսիք իրականում եղել են: «Եթե լինեին էլ, ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԱԾ-ի օպերատիվ ծառայությունները պետք է փորձեին ճշտել այդ տվյալները օպերատիվ այլ ճանապարհներով, հաստատեին այդ տվյալների իսկությունը եւ նոր միայն գործողություններ իրականացնեին»,- նկատեց Խմբի նախկին անդամը: Ի դեպ, «Առավոտը» ժամանակին ներկայացրել էր Խմբում ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի հարցաքննության հենց այն հատվածը, որտեղ վերջինս խոստովանել էր, թե օպերատիվ շտաբը հրապարակ գնալուց էլ ստույգ տեղեկություններ չի ունեցել ո՛չ զենք-զինամթերքի մասշտաբների, ո՛չ դրանք տեղափոխած անձանց, ո՛չ էլ դրանք հրապարակ բերելու մեխանիզմի մասին: Իսկ սա փաստ է, որը ԱԺ հանձնաժողովը ունեցել է իր ձեռքի տակ ու, թերեւս, դիտավորյալ անտեսել է: Ա. Քոչարյանն այս առնչությամբ շեշտեց, թե «Խմբի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այդ օրերին հրապարակը շրջապատված է եղել ոստիկանական ուժերի, այդ թվում նաեւ՝ պարեկապահակային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ուժերի կողմից, որի պայմաններում պարզապես անհնար էր որեւէ բան, այն էլ՝ զենք-զինամթերք դրսից տեղափոխել ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ գտնվող հրապարակ: Հետագայում իրենց միջոցառումն էլ ցույց տվեց, որ հայտնաբերված զենքը ընդամենը 3 ատրճանակ էր, այն էլ՝ Թատերական հրապարակի հետ կապ չունեցող տարածքներում էր գտնվել: Ընդ որում, տպավորությունն էլ այնպիսին էր, որ դրանք բերվել եւ գցվել են, որովհետեւ հետագայում պարզվեց, որ դրանց վրա որեւէ պիտանի մատնահետք չկա, ինչի մասին, ի դեպ, ոչ մի խոսք չկա հանձնաժողովի զեկույցում: Իսկ այդպես չի լինում, որ ցուցարարի ձեռքին զենք լինի, եւ նա մի հատ մաքրի, նոր գցի ծառի տակ ու փախնի: Չհայտնաբերվեց նաեւ ապացուցող որեւէ փաստ, որ Ազատության հրապարակում գտնված որեւէ ցուցարար առնչություն ունի «հայտնաբերված» այդ ատրճանակների կամ այլ «գտածոների» հետ»: Ասել կուզի՝ «տեղանքի հետազոտում» միջոցառում իրականացնելու համար «իրավական հիմքերը» հեչ էլ բավարար չեն եղել:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել