Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

Նոյեմբեր 11,2009 00:00

\"\"Այս մտքի հետ համաձայն է նաեւ բժիշկը

Հայ հասարակության համար սեռական կյանքի մասին բարձրաձայնելը միշտ անընդունելի է եղել եւ նրանք, ովքեր փորձել են քննարկել իրենց ինտիմ կյանքը՝ համարվել են առնվազն էթիկայից զուրկ մարդիկ: Չնայած բժիշկները պարբերաբար հայտարարում են, որ սեռական կյանքով ապրելը առողջարար է, սեքսում ազատությունն էլ՝ ներդաշնակություն ու երջանկության գրավական, շատերը նույնիսկ սեռական կյանքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չեն դիմում բժիշկների օգնությանն ու թաքցնում են, որովհետեւ, ըստ իրենց, ինտիմ կյանքի մասին խոսելն ամոթ է: Այժմ հատկապես երիտասարդների շրջանում մտածելակերպը կարծես թե փոխվել է: Նրանք էլ չեն ամաչում խոսել իրենց սեռական կյանքից եւ հետաքրքրվել  «նորարարություններով»:
Իսկ ի՞նչ է նշանակում սեռական հարաբերություններում ազատությունը, որո՞նք են սեքսի այլընտրանքային ճանապարհները եւ կարո՞ղ է դրանց պարբերաբար կիրառումը առաջացնել սեռական խանգարումներ:
Բժիշկ սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանի բնորոշմամբ, սեռական խանգարումների առաջացման պատճառները բազմազան են, եւ խանգարումներ կարող են առաջանալ ինչպես տարբեր հիվանդությունների հետեւանքով, այնպես էլ պայմանավորված անհարմար իրադրություններով: Իսկ ինչ վերաբերում է սեռական այլընտրանքային ճանապարհներին, ապա դրանցից պետք չէ վախենալ: Սեքսի այլընտրանքային ճանապարհների ընդունված կամ չընդունված լինելն էլ, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված է տվյալ երկրի հասարակության վերաբերմունքով՝ ինտիմ հարաբերություններին: «Ինչպես ռուսներն են ասում՝ պատերազմում եւ սիրո մեջ բոլոր մեթոդներն ընդունելի են: Այսինքն՝ արա այն, ինչը քեզ եւ դիմացինիդ հաճույք է պատճառում: Սեքսում ամեն ինչ թույլատրելի է… բայց որոշ վերապահումներով. խոսքը սեռական այլասերվածությունների մասին չէ (սադիզմ, մազոխիզմ): Սեքսում ազատությունը նշանակում է զույգերի սեռական ներդաշնակություն: Սեքսոլոգիայում կա սոցիալ-հոգեբանական ներդաշնակություն ասվածը: Նախ դա սիրո առկայությունն է. մինչեւ սեր, հարգանքի զգացում չլինի զույգերի միջեւ, այդ ընտանիքում նորմալ սեռական կյանք չի լինի: Գոյություն ունի նաեւ սեքսուալ-էրոտիկ աններդաշնակություն: Այսինքն՝ զույգի սեռական վարքը անկողնում»,-ասում է մեր զրուցակիցը:
Բժիշկը փաստում է, որ սեռական խանգարումներ կարող են առաջանալ ոչ ճիշտ սեռական վարքի հետեւանքով: Նրա մեկնաբանմամբ՝ օրինակ, կան սեռական կեղծ խանգարումներ, որոնք առաջանում են սեռական ոչ ճիշտ վարքի հետեւանքով: Կան սեռական կեղծ խանգարման դիսհարմոնիկ եւ դեզինֆորմացիոն ձեւեր. «Դիսհարմոնիկն այն է, երբ զույգերն իրար չեն հասկանում: Սեքսոլոգիայում գոյություն ունի «թույլատրության օղակ» հասկացությունը՝ թե անկողնում մեկը մյուսին սիրախաղի ժամանակ որքանո՞վ է համապատասխանում: Եթե միմյանց չհամապատասխանեն, կարող է առաջանալ կեղծ սեռական խանգարում: Ենթադրենք՝ տղամարդը ցանկացավ, որ զուգընկերուհին իր հետ ոչ ֆիզիոլոգիական ճանապարհով սեռական կյանքով ապրի: Եթե վերջինս չցանկանա դա անել, շատ հնարավոր է, որ տղամարդու սեռական ցանկությունը նվազի: Բայց այս դեպքում սեռական խանգարումը կդիտվի որպես կեղծ խանգարում՝ եւ միայն այդ կնոջ հանդեպ: Նույն տղամարդը այդ ամենից հետո, օրինակ, մեկ այլ կնոջ հետ կունենա նորմալ սեռական հարաբերություն: Իսկ սեքսում իրեն մերժած կնոջ հետ հնարավոր է այլեւս սեռական հարաբերություն չստացվի: Այս դեպքում կպահանջվի սեքսապաթոլոգի միջամտություն, որպեսզի տղամարդու կեղծ սեռական խանգարումը չձեւափոխվի, տրանսֆորմացիայի չենթարկվի եւ չառաջացնի խորացված իսկական սեռական խանգարում»:
Սեռական կեղծ խանգարման երկրորդ ձեւի՝ դեզինֆորմացիայի մասին էլ Մ. Զաքարյանն ասաց. «Սեռական կյանքի մասին սխալ պատկերացումները եւ տղամարդկանց, եւ կանանց մոտ կարող են առաջացնել սեռական այս կամ այն խանգարումներ: Օրինակ, մի ժամանակ տարածված էր այն թյուր կարծիքը, որ սեռական հարաբերությունները լիմիտավորված են, այսինքն՝ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում ունենում է 3000-3500 սեռական ակտ, որը կարող է իրագործել ցանկացած տարիքում, բայց մենք գիտենք, որ տարիքի հետ նվազում են օրգանիզմի գրեթե բոլոր ֆունկցիաները, այդ թվում նաեւ՝ սեռականը: Եղել են դեպքեր, երբ 70-80-ն անց տղամարդիկ սեռական խանգարումներով դիմել են բժշկի՝ ասելով, որ դեռ իրենց լիմիտավորված սեռական հարաբերությունները չեն սպառել: Սա ինչ-որ տեղ զավեշտալի է, որովհետեւ նրանց մոտ արդեն առաջացել է սեռական ֆունկցիայի անկում»:
Բժիշկ սեքսապաթոլոգը հավելեց, որ, բացի կեղծ սեռական խանգարումներից, լինում են նաեւ առաջնային եւ երկրորդային իսկական սեռական խանգարումներ. «Կրկնում եմ՝ սեռական խանգարումներ կարող են առաջանալ տարբեր պատճառներից՝ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներից (նեւրոզներ), նաեւ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներից (ուռուցքներ, գանգուղեղային եւ ողնուղեղային տրավմաներ, արյան շրջանառության խանգարումներ): Լուրջ սեռական խանգարումներ են առաջանում շաքարախտի, հոգեկան հիվանդությունների ժամանակ, ներքին սեկրեցիայի գեղձերի ախտահարման դեպքում: Դեպրեսիաների ժամանակ սեռական ցանկությունը մղվում է երկրորդ պլան: Տղամարդկանց ուրոլոգիական որոշ հիվանդություններ էլ (շագանակագեղձի խրոնիկ բորբոքումներ) կարող են առաջացնել սեռական խանգարումներ: Խանգարումներ կարող են առաջանալ նաեւ գինեմոլների, թմրամոլների մոտ: Բացի սեռական խանգարումներից, գինեմոլների, թմրամոլների՝ ոչ միայն նյարդային, հոգեկան եւ օրգանիզմի մյուս համակարգերն են խանգարվում, այլեւ կտրուկ վատանում են միջամուսնական, միջընտանեկան հարաբերությունները: Մի հետաքրքիր փաստ՝ նայած սեռական խանգարումն ինչից է առաջացել, ըստ այնմ համապատասխան ռեակցիա է տալիս կինը: Օրինակ, եթե դա որեւէ հիվանդության հետեւանք է՝ կնոջ ռեակցիան մեղմ է եւ նա ամուսնուն օգնության ձեռք է մեկնում: Իսկ եթե խանգարումն առաջացել է ալկոհոլի կամ թմրամոլության հետեւանքով՝ կինը երբեք չի ցանկանա օգնել ամուսնուն: Մի փաստ եւս. բազմազավակ ընտանիքներում սեռական խանգարումները եւ սեռական աններդաշնակությունները մինիմալ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել