Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԱԵՎ ՀԱՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

Նոյեմբեր 11,2009 00:00

\"\"Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում էր Գերաշնորհ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը: Նա օրերս Ստեփան Զորյանի Վանաձորում գտնվող տուն-թանգարանում հանդիպեց մարզի լրագրողների հետ: Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառամյանը հակիրճ ներկայացրեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Վիեննայի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Մեսրոպ արքեպիսկոպոսի կենսագրությունն ու գիտական վաստակը:
Անդրադառնալով Սփյուռքում հայ եկեղեցու հայապահպանության գործում ունեցած դերին՝ սրբազանն ասաց. «Արտասահմանում հայ եկեղեցին նաեւ հայ պետությունն է. հայկական դպրոցները հիմնականում դպրոցում կգործեն»:
Վիեննայում շաբաթօրյա մեկ դպրոց կա. աշակերտներն ուսումնասիրում են հայերեն, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն: «Սփյուռքում եւ Հայաստանում կացության ձեւերը տարբեր են,- տեղեկացրեց փիլիսոփայության դոկտորը,- այնտեղ եկեղեցին է, որ կսովորեցնի հայերեն, հայ ոգին կպահի: Հայաստանի մեջ եկեղեցու դերը հիմնականում կրոնական է, անուղղակիորեն՝ հայապահպանական: Պետությունը կառույցներ ունի (հայապահպանությանը նպաստելու- Հ. Ս.), մենք (Սփյուռքում ապրող եկեղեցու սպասավորները- Հ. Ս.), բնական է, չունենք»: Հայակրթությունը Սփյուռքում պահպանելու գործում մեծ է արտասահմանյան համալսարաններում հայագիտական ամբիոնների դերն ու նշանակությունը: Վերջին շրջանում նաեւ մամուլում է հրապարակում եղել որոշ միջազգային բուհերում հայագիտության ամբիոնների՝ փակման վտանգի տակ գտնվելու մասին: Հարց եղավ նաեւ Սփյուռքում հայկական կրթօջախների արդի վիճակի մասին: Շուրջ մեկ տասնյակ գիտական ուսումնասիրությունների հեղինակ Գերաշնորհ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը վախենում է, որ եթե ինքը թողնի, Վիեննայի համալսարանի հայագիտական ամբիոնը կդադարեցնի գոծունեությունը: Ամբիոնի շարունակընթաց գոյությունն ապահովելու համար սրբազանը նորերս հանդիպել է ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցներին:
«Բարիդրացիությունը որեւէ երկրի հետ կարեւոր է առհասարակ. ոչ բարիդրացիությունը պրոբլեմ կստեղծի: Բարիդրացիությունն իր առավելությունը ունի եւ՛ հոգեւոր տեսակետեն, եւ՛ առհասարակ հոգեբանական իմաստով»,- հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը շեշտեց բանախոսը: Նա կարծիք հայտնեց, որ սկզբից գուցե տնտեսական հարաբերությունները զարգանան. «Պետք է այնքան ուժեղ լինենք, որ որոշ արտադրանքներ մենք էլ Թուրքիա արտահանենք»: Հայ-թուրքական հարաբերությունները սրբազանը գնահատում է նաեւ «մեր կորսված հայրենիքի վիրտուալ վերականգնման հնարավորություն՝ մեր մշակույթի մեջ, այն չափով, որ չափով հնարավոր է»: Նա գտնում է նաեւ, որ «հիմա բոլորովին լքված հուշարձաններին» կարող ենք տեր կանգնել: Համոզված է նաեւ, որ Ցեղասպանության ընդունման եւ հայոց պահանջատիրության հարցը, չնայած փոխկապակցված լինելուն, պիտի առանձին-առանձին առաջ քաշել. «Վերապահությամբ կասեմ, բայց անձնապես եւ ներքնապես համոզված եմ, որ եթե հարաբերություններ հաստատվեն, ավելի շուտ կհասնենք Ցեղասպանության ճանաչմանը»:
Նշելով, որ աղանդավոր շարժումները ՀՀ-ում այսօր լայն թափ են առել, լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ որքանո՞վ են դրանք տարածված Սփյուռքում: «Արտասահմանի մեջ այս աղանդները հայ եկեղեցու համար շատ տկար են,- վստահեցրեց սրբազանը:- Ինչո՞ւ, որովհետեւ մանավանդ արտասահմանի մեջ հայ եկեղեցին նաեւ մշակույթի կենտրոն է, եթե կուզես քանի մը ժամ քեզ հայ զգալ, գալիս ես, եթե ոչ՝ չես գալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել