Լրահոս
Օրվա լրահոսը

Անանուն հա՞րկ՝ Էջմիածնի տաքսիներից

Նոյեմբեր 12,2009 00:00

Վարորդները բողոքում են, իսկ քաղաքապետարանը պնդում է, որ հակաօրինական ոչինչ չի անում

Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող տաքսիները անցած շաբաթ չեն աշխատել կամ գրեթե չեն աշխատել: Էջմիածնի ԲՈՒԱՏ-ից նրանց ասվել է, որ «փախցնում» են նույն երթուղու «Գազելների» ուղեւորներին, ինչի համար էլ արգելանք է դրվում նրանց գործունեության վրա: Բայց, մինչ ԲՈՒԱՏ-ից «իջեցված» հրահանգը, տաքսու վարորդներին անհանգստացրել են նաեւ Էջմիածնի քաղաքապետարանից՝ պահանջելով տարեկան 15 000 դրամ վարձ՝ քաղաքի որեւէ հատվածում կանգնելու համար:
Տաքսու վարորդներից մեկը, ում անունը նրա իսկ խնդրանքով չենք հրապարակում, «Առավոտին» ասաց, որ պահանջվող հարկատեսակը անհայտ է: Երբ այդ մասին փորձել են իմանալ քաղաքապետարանի «հարկահավաքից», վերջինս ասել է՝ քաղաքում կանգնելու եւ ասֆալտը փչացնելու համար: «Չնայած մեր մեքենաներն ամեն տարի տեխզննում են անցնում ու մեր մուծած գումարն էլ իբր նպատակաուղղվում է հենց այն ճանապարհների ու փողոցների վերանորոգմանը, որոնցով երթեւեկում ենք: Էլի պատրաստ ենք էդ 15 000-ը վճարել, միայն թե դա օրենքի սահմաններում լինի, հասկանանք, թե կոնկրետ ինչի՞ համար ենք փող տալիս»:
Վարորդների ասելով՝ քաղաքապետարանի ներկայացուցչից իմացել են, որ գումարը իրենք մուծելու են ոչ թե բանկում կամ հարկային տեսչությունում, այլ՝ քաղաքապետարանում եւ որեւէ կտրոն կամ անդորրագիր չեն ստանալու:
«Եթե քաղաքապետարանը որեւէ պայման ստեղծած լիներ մեր կայանման համար կամ ինչ-որ ծառայությամբ աջակցեր մեզ, էլի կհասկանայինք նրա պահանջը: Բայց ոչնչի դիմաց փողի պահանջը «ռեկետի» պես ա ընկալվում: Կամ թե՝ ի՞նչ ա նշանակում՝ քաղաքում կանգնելու համար. էս քաղաքի տերը նախ մենք ենք՝ քաղաքի բնակիչներս, որի ասֆալտի ամեն մի ճաքի համար մենք էլ պակաս չենք անհանգստանում»,- ասաց վարորդներից մեկը: Մեկ ուրիշն էլ կարծում է, որ Ամանորն է մոտենում, ծախսերը շատանում են, դրա համար էլ որտեղից հնարավոր է՝ փող են հավաքում:
Վարորդները չգիտեն՝ իրենց նկատմամբ ԲՈՒԱՏ-ի եւ քաղաքապետարանի վերաբերմունքները փոխկապակցվա՞ծ են, թե՞ պարզապես զուգադիպություն, բայց մեկը ասաց. «Գիտենք մի բան, որ աշխատածներս արդեն քթներիցս են բերել: Մնում ա կանգնած տեղի ու շնչած օդի համար էլ փող ուզեն ու վերջ: Չեք պատկերացնի՝ ոնց ենք զզվել»: Մեր տեղեկություններով, Էջմիածնում գործող տաքսի ծառայություններ ունեն քաղաքապետը, փոխքաղաքապետը, ավագանու անդամներից մեկը:
Այս բողոքների վերաբերյալ մեր հարցմանը ի պատասխան, Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժինը տեղեկացրեց, որ 2009 թվականի հունվարի 20-ին Էջմիածին քաղաքի ավագանին, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, որոշում է կայացրել Էջմիածնում տաքսի ծառայություն իրականացնելու թույլտվության համար տարեկան տուրքը սահմանել 15 000 դրամ: «Տուրքը պարտադիր վճարվում է բանկում՝ համապատասխան հաշվեհամարին, որից հետո քաղաքապետարանը շտամպի վրա ներկայացնում է թույլտվությունը՝ կայանելու համապատասխան տեղով: Բացարձակապես խտրականություն չի դրվում, թե ով է կոնկրետ ծառայություն իրականացնող անձը, բոլորին ցուցաբերվում է հավասար մոտեցում, եւ ով ավելի շուտ է վճարում պետական տուրքը, նա ինքն է առաջինն ընտրում, թե հատկացված տեղերից որո՞ւմ կայանի իր մեքենան: Ինչ վերաբերում է կատարված վճարման դիմաց անդորրագիր չտրամադրելուն, ապա դա նույնիսկ տեսականորեն է բացառվում, որովհետեւ, կրկնում ենք՝ վճարումն արվում է բանկային բաժանմունքներում, որից հետո անդորրագրի հիման վրա քաղաքապետարանը հատկացնում է գործունեության թույլտվությունը», նշում է քաղաքապետարանի լրատվական բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել