Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍԵԼ»

Դեկտեմբեր 26,2009 00:00

\"\"

Օրերս վաստակավոր մարզիչ, ոստիկանության գնդապետ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանին՝ ծավալած մարզական, հասարակական եւ մշակութային նշանակալի գործունեության համար, շնորհվել է Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալին այդ առիթով շնորհավորելով՝ «Առավոտը» նրա հետ հարցազրույց վարեց, որում շոշափվեցին նաեւ պատշաճ քննարկման արժանի մի շարք օրախնդիր հարցեր:

– Փաստորեն, Հայաստանը 2009 թվականին տվեց աշխարհի երկու չեմպիոն՝ Նազիկ Ավդալյան եւ Վախթանգ Դարչինյան:

– Այո: Ես սրտանց շնորհավորում եմ Նազիկին՝ նրա մարզական այս նվաճումը համարում եմ եզակի ու պատմական: Որքան գիտեմ, նա անկախ Հայաստանի պատմության մեջ մեր առաջին կին չեմպիոնն է: Բացի այս, ինձ դուր է գալիս, որ այդ բարձունքը նվաճելուց հետո նրա համեստ պահվածքի մեջ փոփոխություն չի նկատվում: Նազիկ Ավդալյանին դուք՝ լրագրողներդ, արժանիորեն ճանաչեցիք Հայաստանի 2009 թվականի լավագույն մարզիկ: Սակայն մի հարց կա, որի մասին խոսակցությունը չէի ցանկանա, որ ինձնից սկսվեր: Հնարավոր է, մարդիկ ինձ սխալ հասկանան:

– Այնուամենայնիվ, ասեք, եթե գտնում եք, որ դա կարեւոր է:

– Հիմա հայկական սպորտ մի նոր երեւույթ, հասկացություն է մուտք գործել, որը ժամանակին, հատկապես, խորհրդային տարիներին, չի եղել: Խոսքը պրոֆեսիոնալ սպորտի եւ դրա գնահատման մասին է: Մի անգամից ասեմ. իմ համոզմամբ, տասնյակին հավակնող մարզիկների ցուցակում պետք է լիներ նաեւ Վախթանգի անունը: Ճիշտ հասկացեք՝ ոչ թե նրա համար, որ նա իմ սանն է, ոչ էլ մտածում եմ, թե նա պիտի առաջինը լիներ, այլ՝ զուտ մարզական ցուցանիշի համար: Չէ՞ որ Վիկն այս տարվանից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, պաշտպանում Հայաստանի պատիվը եւ նրա նվաճած WBC եւ WBA գոտիները պատմության մեջ առաջին անգամ գրանցվել են որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն: Կարծում եմ, հենց թեկուզ դրա համար, Վախթանգին նույնպես պետք էր գնահատել:

– Բայց լավագույն մարզիկներին որոշելու սկզբունքները դրվել են դեռ ԽՍՀՄ-ի օրոք, երբ պրոֆեսիոնալ սպորտ հասկացությունն ընդհանրապես մերժվում էր: Բացի դա, չգրված օրենքով, հավասար ցուցանիշների դեպքում էլ նախապատվությունը տրվում է օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչներին:

– Դուք հաստատեցիք քիչ առաջ ասածս միտքը, որ անհրաժեշտ է վերանայել այդ հնացած սկզբունքները: Ես տեսել եմ հավակնորդ մարզիկների ցուցակը, որտեղ քիչ չէին ոչ օլիմպիական մարզաձեւերի եւ համեմատաբար համեստ մարզական ցուցանիշների հասած մարզիկների անունները: Սկզբունքն ո՞ւր մնաց:

– Այդ դեպքում շատերը կառաջարկեն նաեւ Արթուր Աբրահամի եւ Սյուզի Կենտիկյանի անունները նույնպես առաջադրել:

– Արթուրն ու Սյուզին նույնպես հայ ազգի հպարտությունն են: Բայց մի մոռացեք, որ նրանք հանդես են գալիս այլ երկրի դրոշի ներքո: Իսկ մենք խոսում ենք Հայաստանի մասին: Որպեսզի ինձ ճիշտ հասկանան, մի կարեւոր բան էլ ասեմ: Վախթանգն անցած տարի էլ մի քանի վարկածներով չեմպիոն էր, սակայն՝ Ավստրալիայից: Եվ, բնականաբար, չէր կարող հավակնել Հայաստանի լավագույն մարզիկի անվանակարգին, տեղ գրավել տասնյակում: Այլ խնդիր է, որ նա, չնայած հանդես էր գալիս այլ երկրից, հակառակ մեկենասների, գովազդատուների պարտադրանքների, նյութական մեծ վնասների գնով պահանջում էր, որպեսզի իր մարզավարտիքի վրա անպայման լինի նաեւ մեր եռագույնը, ի նշան հաղթանակների՝ ռինգում փողփողա նաեւ Հայաստանի դրոշը, որպեսզի մարտից առաջ ռինգում իրեն ներկայացնելիս հաղորդավարը Ավստրալիա բառի կողքին անպայման հայտարարի նաեւ Հայաստան, Վանաձոր անունները: Նա միշտ էլ իրեն Հայաստանի քաղաքացի է զգացել ու հպարտացել դրանով: Հավատացած եմ, որ հենց այս ամենն էլ հաշվի առնվեց ու Հայաստանում ամենաբարձր մակարդակով դրականորեն լուծվեց Վիկի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու վաղեմի ցանկությունը: Ի վերջո, Վիկը ծնվել, մեծացել, դաստիարակվել եւ որպես մարզիկ կայացել է Հայաստանում:

– Հետագայի համար ի՞նչ կառաջարկեիք:

– Դեղատոմս տալ դժվարանում եմ: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ այդ հարցով զբաղվի մեր մարզական ղեկավարությունը: Տարբերակներ շատ կլինեն: Կամ որոշվի, որ տասնյակին որոշելիս օլիմպիական, ոչ օլիմպիական, պրոֆեսիոնալ տարբերակում չի դրվելու՝ հաշվի առնելով զուտ մարզական ցուցանիշը: Կամ կարելի է սահմանել նաեւ մեկ այլ անվանակարգ, ասենք, պրոֆեսիոնալների եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչների համար: Ու մի բան էլ: Նայեք մյուս երկրների լավագույնների տասնյակին: Այնտեղ կան, անգամ 1-ին հորիզոնականում, պրոֆեսիոնալ մարզիկներ: Այն էլ այն դեպքում, որ այդ երկրները տվյալ տարում ունեցել են օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ:

– Հուսանք, որ այս խնդիրն ուշադրության կարժանանա: Բայց պատասխանեք հետեւյալ հարցին: Վիկը, երբ այս ամռանը Հայաստանում էր, մեկ օրով Երեւան հրավիրեց իր պրոումոթեր Գերի Շոուին՝ եկող տարի այստեղ իր մենամարտերից մեկը կազմակերպելու հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Նրանց ընդունեց նաեւ Հայաստանի նախագահը եւ խոստացավ ըստ ամենայնի աջակցել ծրագրի իրականացմանը: Դուք վերջերս Ամերիկայում հանդիպել եք Գերի Շոուին: Առաջխաղացում կա՞:

– Կազմակերպական բոլոր հարցերը լուծված են եւ նրանք սպասում են Հայաստանի արձագանքին: Ավելին ասեմ. Վիկի մենամարտին ներկա լինելու համար Ռուսաստանից ժամանել էր Արա Աբրահամյանը: Նա իր հերթին եկող տարի Վիկի որեւէ մարտ Մոսկվայում կազմակերպելու պատրաստակամություն հայտնեց՝ իր վրա վերցնելով բոլոր ծախսերը: Հնարավոր է, որ այդպիսի մարտ կազմակերպվի արդեն փետրվարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել