Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՕՊԵՐԱՅԻՆ «ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ»

Փետրվար 02,2010 00:00

Կամ «Եվգենի Օնեգին»՝ ըստ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եւ կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օպերային արվեստի մոլի երկրպագու է, ինչի մասին նա բազմիցս է հրապարակավ խոստովանել: Բնավ չհեռանալով իր ղեկավարած նվագախմբի սկզբունքներից՝ դիրիժորը դիմել է նաեւ համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներին՝ համերգային կատարումներով ներկայացնելով «Աիդան», «Սեւիլյան սափրիչը», «Թիկնոցը», «Սիմոն Բոկանեգրան», «Ռիգոլետոն», «Պայացները», «Օթելլոն»: «Մադամ Բաթերֆլայն» էլ բեմադրվեց Ազգային օպերային թատրոնում (բեմադրող ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան):
Էդ. Թոփչյանն իր օպերային կրքերին հագուրդ տալու համար հիմա էլ ձեռնամուխ է եղել Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի բեմադրությանը՝ համագործակցության հրավիրելով կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին: Ի դեպ, հիշյալ օպերան ծրագրային եւ քրեստոմատիկ ստեղծագործություն է, որի կատարումը վաղուց պարտադիր է դարձել աշխարհի առաջնակարգ կոնսերվատորիաներում եւ թատրոններում: «Եվգենի Օնեգինի» բեմադրությունը, որը 60-ականներին մեր օպերային թատրոնում իրականացրել է անվանի բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանը, հայտնի է նաեւ հայաստանցի ավագ սերնդին:
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ թոփչյանական «Եվգենի Օնեգինի» գլխավոր փորձը՝ համերգային կատարմամբ: Սկզբում ներկայացնելով այս նախագիծը, պարոն Թոփչյանն ասաց, որ մայիսի կեսերին դասական երաժշտության սիրահարները կարող են դիտել արդեն հիշյալ օպերայի «չալդրանյանական» բեմականացումը: Իսկ «Ա. Խաչատրյան» համերգասրահը ներկայացման օրը կհիշեցնի օպերային թատրոն, այսինքն՝ պարտերից կհանվի աթոռների մի քանի շարք, որտեղ կտեղավորվի նվագախումբը: Բնականաբար, գործողությունները կկատարվեն բեմում, եւ դիրիժորն ու բեմադրիչը գնալու են դեպի համարձակ էքսպերիմենտների:
Իբրեւ ականատես նշենք, որ մասնագետները որոշ «կտորներ» ընդունում էին նույնիսկ օվացիաներով: Եվ դա պատահական չէ, քանի որ դերերգերով հանդես եկան Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Գեւորգ Հակոբյանը (Եվգենի Օնեգին), Լիանա Ղազարյանը (Տատյանա), Քրիստինա Դավլաթյանը (Լարինա), Հովհաննես Այվազյանը (Լենսկի), Նարինե Անանիկյանը (Դայակ), Ինգա Կարապետյանցը (Օլգա), Հայկ Տիգրանյանը (Սպա), Պերճ Քարազյանը (Տրիկե) եւ Ռիչարդ Մադլենյանը (իշխան Գրեմին): Ընդ որում, վերջինս, որ հասարակությանը ծանոթ է «Դժբախտ երջանկություն» ֆիլմաշարից, առաջին անգամ է ներկայանալու իբրեւ օպերային երգիչ: Քանի որ առաջնախաղը կայանալու է մայիսին, մաեստրո Թոփչյանը եւ բեմականացման մեջ ընդգրկված «Հովեր» երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը կխորացնեն իրենց աշխատանքները՝ գտնելով լուծումների ամբողջացում: Հասկանալի է, որ գլխավոր փորձին ամեն ինչ իդեալական լինել չի կարող, բայց դեռ ժամանակ կա, իսկ ժամանակը հաստատ կաշխատի բեմականացման օգտին:
«Առավոտը», իհարկե, իրեն հետաքրքրող հարցերով կդիմեր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին, բայց քանի որ նա լրագրողներին պարզապես չի ընդունում, չուզեցինք խանգարել նրա անդորրը մեր ներկայությամբ: Հիշեցնենք, որ Չալդրանյանը երաժշտարվեստից հեռու չէ. նա անցյալ տարի ներկայացրեց ՀՊՖՆ-ի հետ նկարահանած իր «Մաեստրո» ֆիլմը, իսկ ընդհանրապես նրա ստեղծած եւ միջազգային ճանաչում գտած նկարներում («Քրմուհին», «Ձայն բարբառո», «Լռության սիմֆոնիան») նկատելի է կինոռեժիսորի հակումը դեպի երաժշտական ռեժիսուրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել