Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՍՆԵԼՈՎ ԵՐԿՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՇԱՐՔՈՎ-ՇՔԵՐԹՈՎ ՏԵՐ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ…»

Փետրվար 18,2010 00:00

Բանաստեղծուհի Նարինե Համբարձումյանը՝ ՄԻԱՎ-ի եւ թմրամիջոցների մասին

– Ձեր բանաստեղծություններում հաճախ նշում եք «ՄԻԱՎ-ի բեռնակիրների», «ափի մեջ դրվող ափիոնի», այնպիսի թեմաների մասին, որոնք արդիական են այսօր եւ շեշտվում են որպես մեծ պրոբլեմներ:
– Ըստ վիճակագրական տվյալների՝ այսօր աշխարհում ապրում է շուրջ 37.8 մլն ՄԻԱՎ վարակակիր: Խոցելի են հատկապես երիտասարդները, քանզի առավել քիչ են տեղեկացված եւ առավել անխոհեմ են իրենց վարքագծում: Թեման այնպիսին է, որ ոչ մի պարագայում չի կարելի դրա կողքով անտարբեր անցնել, պետք է առավելագույնս տեղեկացված եւ շրջահայաց լինել, որպեսզի որեւէ մեկը չհայտնվի ռիսկային խմբում: Իսկ ռիսկային վարքագիծը ալկոհոլի, թմրամիջոցների գործածումն է, պատահական զուգընկերների հետ առանց պաշտպանական միջոցների սեռական հարաբերությունների մեջ մտնելը, որոնք էլ հաճախ դառնում են ՄԻԱՎ-ով եւ այլ հիվանդություններով վարակման պատճառ: Սա 21-րդ դարի ամենավտանգավոր «ժանտախտն» է, որի ժամանակակիցն ենք մենք բոլորս: Այլընտրանք չունենք ժամանակի մեջ տարբաժանման առումով, բայց գոնե ինչպես Լառոշֆուկոն էր ասում. «Խելացի մարդը գիտակցում է, որ ավելի լավ է գայթակղությանը դիմակայելը, քան հետո դրա դեմ պայքարելը»: Չեմ ժխտում, կազմակերպվում են սեմինարներ, բաժանվում են բուկլետներ, սակայն առավել լայն զանգվածներին այդ ինֆորմացիան հասու չէ:
– Ժամանակակից գրողի, արվեստագետի դերը ո՞րն է:
– Մեր հասարակության մեջ այնքան էլ չի խոսվում եւ կարծես մի ներքին լռության է մատնված այդ թեման: Պատճառը գուցե քիչ տեղեկացված լինելն է: Ժամանակակից գրողը, արվեստագետը, ով այսօր ապրում եւ ստեղծագործում է, պետք է առավելագույնս ուսումնասիրի մարդուն՝ իր թուլություններով եւ հմտություններով հանդերձ, քանզի մեր առջեւ այլեւս 20-րդ դարի քաղաքացին չէ: Եվ ոչ միայն մարդուն, այլեւ նրա շրջապատը, քանզի միջավայրը, որ դաստիարակում է 21-րդ դարի մարդուն, նույնպես 20-րդ դարինը չէ: Այդ է պատճառը, որ ՄԻԱՎ-ը շատ ու շատ այլ պրոբլեմների հետ այսօր գերխնդիր է դարձել, իսկ ինչո՞ւ գրականությունը կամ գրողը պետք է խուսափի շոշափել այն: Չպե՛տք է խուսափի, քանզի պարտավո՛ր է եւ պե՛տք է բարձրաձայնի այն մասին, ինչի մասին խոսում են շշուկով:
– Հայաստանում թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես սակավ է, ի՞նչ կասեք այս առումով:
– Թմրանյութերի օգտագործման խնդիրը Հայաստանում աճում է, եւ եթե առավել ծանր ժամանակահատվածում ռիսկային խումբն առավել բարձր տարիքի մարդկանց էր ընդգրկում, ապա այսօր թիրախում հայտնվել են նաեւ երեխաները, աշակերտները, առավել խոցելի են երիտասարդները: Բաց հասարակության ֆորմուլան եթե մինչ այժմ սաղմնային փուլում էր, այսօր արդեն բավականին ձեւավորված եւ դիրքավորված է մեր երկրում: Ինչպես ՄԻԱՎ-ի համար նշեցի, այդպես էլ թմրամոլության դեմ պայքարի տարբեր կազմակերպություններ, ծրագրեր, հիմնադրամներ են գործում, որոնք իրականացնում են թմրամոլության կանխարգելման եւ դրա հասցրած վնասի նվազեցմանն ուղղված ռազմավարություն: Բայց ո՞ւր է արդյունքը: Արդյունքում նրանց թիվն օրեցօր ավելանում է, հետեւապես մեծանում է նաեւ ՄԻԱՎ-ի վարակակիրների ռիսկային խմբում գտնվելու հնարավորությունը:
– Ընթերցողը Ձեր գրքում կգտնի նաեւ այսպիսի տողեր. «Պարտադիր չէ ջարդի հոտը ներծծված լինի արյունով կարմիր, երբեմն սպիտակարյունության հոտ է գալիս, երբ գաղթելը դառնում է բնականոն՝ ծիծեռնակների, արագիլների, սարյակների չուի նման…»:
– 1990-ականներին երբ հայը լքում էր հայրենիքը՝ ոչ ոք նրան չէր մեղադրում, ասում էին՝ մութ է, ցուրտ է, գազ չկա, նավթ չկա, նույնիսկ հաց չկա… Նշեմ, որ 90-ականներին հայրենիքը լքում էր առավելագույնս գիտակից հայը, որի պահանջներն ավելին էին, քան կարող էր տալ ցրտի ու մթի մեջ տրորվող հայրենիքը: Բայց այդ ողջ զարհուրանքի մեջ կար մի լուսավոր կետ՝ հայրենիքն անկախանում էր, եւ ընթացման ուղին հեշտ չէր: Դիմացողները՝ դիմացան, թեպետ ականատես եղանք ուրացումից մինչեւ պոռնկություն ընկած ճանապարհի քաոսին:
Այս ամենը մի կողմ. իսկ որտեղի՞ց մեզ օտարամոլության եւ ստրկահաճության այն քաղցր-լոխումային վերաբերմունքը, թե դրսում ավելի լավ է, քան՝ ներսում: Արեւմուտքի վարած քաղաքականությունը՝ դրսում «մեծահոգաբար» բարաքներում մեր հայրենակիցների տեղավորումը, «սահման» կոչեցյալի բացման խնդրի առջեւ կանգնեցնելը, ներքին պառակտումները, տարբեր աղանդների ներթափանցումը եւ դրանց տարածումը, ծնելիության աճի նվազումը, որքան էլ գոռան՝ աշխատատեղերի ուղղակի բացակայությունը, անմրցունակ տնտեսական շուկան, միջին խավի բացակայությունը… այս ամենն էլ ստեղծում է այն «միջոցառումը», որ կոչվում է «սպիտակ ջարդ»: Եթե 1915-ին զգացել եւ կրել ենք թշնամու ոխերիմ հարվածը, այսօր այդ հարվածն աներեւույթ է, կաթիլ-կաթիլ հոսող ջրի նման, որ ծակում է քարը, ամեն օր, ամեն ժամ մի ընտանիք հեռանում է: 90-ականներին, երբ առուփախի, սպանության ու թալանի երկիր էր, այնքան էլ չէին մեղադրում՝ օտարի տաքուկ անկողինը, կուշտ որովայնն ու բարեկեցիկ կենսակերպը ստեղծում էին ահա այսպիսի արտահայտություններ՝ «բա ի՞նչ անի, բա հո չի՞ թողնելու էրեխեքը սովից կոտորվեն, ըստեղ գործ դնելու համար պիտի կռիշ ունենա եւ այլն»:
– Իսկ այսօ՞ր….
– Ի՞նչ այսօր, այսօր գնում է ոչ թե հասարակության գիտակից շերտը, այլ այն, որ հնար չունի, ճար չունի, ամենահետին աղքատն է, եւ հարց է ծագում, այս լայն պողոտայով, որ կոչվում է «Հյուսիսային», դեպի ո՞ւր է տանում մեզ ժողովրդավարություն կոչվածը: Եվ, ընդհանրապես, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Ո՞ւր է այն գրողը, ով իրեն համարում է տաղանդավոր եւ լռում է այս ամենի մասին: Թեպետ տաղանդի շուկան լի է արեւմտամետ գրող-ապրանքատեսակներով եւ շոումեն-գրականագետիկներով: Որտե՞ղ է այն չափազանց տաղանդավոր հորջորջվածը, որ պիտի խոսի Չարենցի պես…
Բայց Աստված չանի՝ տեսնեն երկնքից անպարան կախված մրցանակը, այդպես շարքով-շքերթով, վզները ծռած, պահանջատիրոջ իրավունքով անմիջապես տեր են կանգնում նրան, բայց ո՞վ է ասում՝ այսօր մի ընտանիք էլ գնաց:
Այսօր ամենուր, աշխարհի որ քաղաքում ուզես՝ երկու հայ կա, եւ այսպիսի միտք է ծնում զավեշտը՝ հայերն ապրում են աշխարհի բոլոր ծագերում, նույնիսկ՝ Հայաստանում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել