Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂԱԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Մարտ 03,2010 00:00

Հեռուստադիտողի կողմից սիրված կերպարները հիմնականում մարմնավորում են երիտասարդ դերասանները

Այսօր երեւանյան թատրոններում, հեռուստանախագծերում, սերիալներում հանդիպում ենք շատ երիտասարդ դերասանների, ովքեր գլխավոր դերեր են կերտում՝ խաղալով, նկարահանվելով հայտնի դերասանների հետ: Հարկ է նկատել, որ կերտելով այս կամ այն հերոսի կերպարը, նրանք անմիջապես սիրվում են հանդիսատեսի եւ հեռուստադիտողի կողմից:

Իսկ այդ նույն հեռուստադիտողներից շատ քչերը թերեւս գիտեն, որ իրենց սիրելի հերոսներից շատերը դեռ ուսանող են: Երիտասարդներն այնքան լավ են կերտում իրենց դերը, որ հանդիսատեսը զարմանում է՝ իմանալով, որ տվյալ դերասանը կամ դերասանուհին դեռ ուսանող է: Այս ամենը, իհարկե, ունի իր լավ եւ վատ կողմերը. ուսանողները նկարահանումներին եւ փորձերին մասնակցելու պատճառով «բացակա» ստանալուց չեն խուսափում. «Բայց չէ՞ որ մեզ համար պրակտիկան պակաս կարեւոր չէ»,- ասում են նրանք: Զրուցելով երիտասարդ դերասանների հետ՝ փորձենք ճշտել, թե ինչպե՞ս են համատեղում աշխատանքը ուսման հետ, եւ ինչպե՞ս հայտնվեցին ֆիլմում, հեռուստածրագրում, թատրոնում:

Արփինե Իսրայելյան. «Կարեւորը՝ ինչ-որ բանից սկսելն է»

\"\"Ընթերցողները Արփինեին կհիշեն «Որբեր» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր կերպարներից մեկին՝ Եվային: Արփինեն սովորում է Թատերական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժնի երրորդ կուրսում: Ընդունվելուց մեկ տարի առաջ ընդհանրապես չի էլ մտածել թատերական ընդունվելու մասին, չնայած մանկական երազանքը եղել է երգչուհի կամ դերասանուհի դառնալը: «Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էի ուսումս շարունակել միջազգային հարաբերությունների գծով, բայց ընկերներիցս մեկի խորհրդով հայտնվեցի Թատերական ինստիտուտում»,- ասում է Արփինեն: 19-ամյա աղջիկը մեծ ուրախությամբ պատմեց, թե ինչպես հայտնվեց «Որբեր» հեռուստասերիալում. «Առաջարկը եղավ ռեժիսորի կողմից: Սկզբում անմիջապես հրաժարվեցի, նույնիսկ առանց հարցնելու, թե ինչ դեր է: Հետո սկսեցի նայել այդ սերիալը եւ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ: Զանգեցի ռեժիսորին եւ հայտնեցի որոշմանս մասին: Հետո ասացին, որ սցենարային փոփոխություն է եղել եւ ավելի մեծ տարիքով մեկն է պետք, բայց սցենարը դարձյալ փոխվեց եւ ընտրեցին ինձ»,- պատմում է նա: Նա նշեց, որ սկզբում շատ էր դժվարանում, մտածում էր, որ չի կարողանա համատեղել ուսումն ու աշխատանքը, բայց՝ «Ընթացքում հասկացա, ինչքան օրդ հագեցած է լինում, այնքան ավելի շատ բան ես հասցնում: Կարծում եմ, որ կապ չունի, թե ինչ աշխատանք ես անում կամ որտեղ ես խաղում, կարեւորը՝ ինչ-որ բանից սկսելն է: Շատ եմ սիրում թատրոնը, չնայած մեծ բեմերում երբեւէ չեմ խաղացել, բայց ինձ համար թատրոնը այլ երեւույթ է, իսկ ամենակարեւորն այն է, որ թատրոնում չեն կարող ասել՝ լավ, մի րոպե, երկրորդ դուբլ»:

Աշոտ Հակոբյան. «Ինձ համար այդ անկյունը բեմն է ու թատրոնը»

\"\"Աշոտն աշխատում է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասան, զուգահեռ սովորում է նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խաղարկային կինոյի ռեժիսուրա բաժնում: «Երբ Երվանդ Ղազանչյանը ինձ առաջարկեց աշխատել իր թատրոնում, ես առանց վարանելու համաձայնեցի: Թատրոնը ինձ հնարավորություն է տալիս մեծ քայլերով շարժվել առաջ, միեւնույն բեմում խաղալ բարձրակարգ դերասանների հետ, որոնց շատ եմ գնահատում: Կարծում եմ, պարոն Ղազանչյանի հրավերի շնորհիվ կիրականացնեմ իմ նպատակը՝ դառնալ, ինչու ոչ, հենց Պարոնյան թատրոնի առաջատար դերասան»,- նշում է Աշոտը: Մեր զրուցակիցը դեռ առաջին կուրսից սկսել է ներկայացումներ բեմադրել, որոնք մասնակցել են մի շարք փառատոների եւ արժանացել պատվոգրերի: «Երբ առաջին գործս էի բեմադրում, ոչ ոք չէր հավատում, որ առաջին կուրսի ուսանողը կկարողանա կոմեդիա բեմադրել: Այժմ ուրախությամբ պետք է նշեմ, որ բեմադրածս երկու ներկայացումներն էլ դարձել են Երիտասարդական փորձարարական «Գոյ» թատրոնի խաղացանկային ներկայացումներ»,- պատմում է Աշոտը եւ հավելում՝ «Ասում են, որ յուրաքանչյուր մարդ իր տանն ունենում է իր փոքրիկ անկյունը, ինձ համար այդ անկյունը բեմն է ու թատրոնը»: Նշենք նաեւ, որ Աշոտը նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում՝ «Որբեր», «Էմիգրանտներ», եւ ժամանցային ծրագրերում:

Անի Ղազարյան. «Թատրոնում հարաբերություններն այլ են»

\"\"Անին սովորում է Թատերական ինստիտուտի դրամատիկական թատրոնի եւ կինոյի դերասանական բաժնում: «Չեմ կարող ասել, թե մանկուց երազել եմ դերասանուհի դառնալ, որովհետեւ այն ժամանակ սերիալներ չկային, իսկ արվեստագետը, դերասանը ավելի գնահատված էին… Ինչպես բոլոր աղջիկները, ես էլ ցանկանում էի դառնալ բժշկուհի, ուսուցչուհի…»: Սոս Սարգսյանի առաջարկով Անին արդեն մեկ տարի աշխատում է Համազգային թատրոնում: «Երբ ուսանող ես լինում, հետաքրքրություններդ շատանում են. ե՛ւ սերն է մեծանում, որովհետեւ ընթացքում ավելի ես կապվում, ե՛ւ վախը, թե արդյոք կկարողանա՞ս: Առաջարկներ շատ եմ ունեցել, սկսած առաջին կուրսից, բայց միշտ մերժել եմ, որովհետեւ դեռ պատրաստ չէի, մեջս վախ կար: Սա ոչ միայն դժվար մասնագիտություն է, այլ այստեղ հարաբերություններն են ուրիշ, մթնոլորտն է տարբեր, շատ-շատ կեղտոտ բաներ կան, մենք ստիպված անցնում ենք այդ ամենի միջով, փորձելով հանդիսատեսին մատուցել լավը, մաքուրը: Շատ դժվար էր համատեղել աշխատանքը ուսման հետ. իհարկե, կուրսային ներկայացումներ խաղացել էինք, բայց թատրոնում աշխատելը միանգամայն այլ է. մտնում ես կայացած դերասաններով թատրոն, եւ ամեն ինչ անում, որ շատ չտարբերվես պրոֆեսիոնալներից»,- շարունակում է Անին: Երիտասարդ դերասանուհու համոզմամբ, տեսական գիտելիքները շատ կարեւոր են դերասանի համար, բայց ուսումնասիրելով Ստանիսլավսկի, Չեխով՝ դերասան չեն դառնում, լավագույն դեպքում կդառնաս լավ թատերագետ, հանդիսատես: «Առաջին հայացքից՝ թատրոնում ոչ մի ձգող բան չկա. աշխատավարձը ցածր է, հարաբերությունները՝ այլ: Պարզապես, այն, ինչ կյանքում երբեք քեզ թույլ չես տա անել, ասել, այդ ամենը քո մարմնավորած կերպարների միջոցով հանում ես միջիցդ եւ վերջում վերցնում հանդիսատեսի ջերմ ծափահարությունները»:

Վիգեն Թադեւոսյան. «Բեմում խաղալը այլ զգացողություն է»

\"\"Վիգենը այս տարի «Գիսանե» ներբուհական թատերական փառատոնում հաղթել է «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում: Սովորում է դերասանական բաժնում, զուգահեռ աշխատում Երեւանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնում: Վիգենին Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում չէին սպասում. «Երբ գործերս էի ներկայացնում, ինձ ասացին, որ չեմ կարող ընդունվել, քանի որ անձնագրի եւ գործերի լուսանկարներում տարբեր մարդիկ են: Ես ամեն կերպ փորձում էի համոզել, որ երկու լուսանկարներում էլ ես եմ նկարված, բայց մինչեւ չեկավ իմ շատ սիրելի դերասան Սոս Սարգսյանը, ինձ չընդունեցին»,-ժպիտով հիշում է իմ զրուցակիցը: Թատրոնի աշխատանքից բացի, Վիգենն իր ուժերը փորձել է նաեւ կինոյում. նկարահանվել է Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմում, առաջարկը եղել է հենց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի կողմից: «Ինձ մեծ հաջողություն բերեց Աշոտ Հակոբյանի՝ «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումը. այդ ներկայացումով դարձա «Տարվա լավագույն դերասան» եւ այդ դերից հետո էլ պարոն Քեշիշյանն ինձ առաջարկեց նկարահանվել ֆիլմում»,- ասում է Վիգենը: «Մեր ինստիտուտը կոչվում է թատրոնի եւ կինոյի, բայց այստեղ մենք ավելի շատ թատրոնում ենք խաղում, այդ պատճառով էլ ես նախապատվությունը տալիս եմ թատրոնին: Կինոյում շատերը կարող են լինել, իսկ բեմում խաղալը այլ զգացողություն է: Եթե այնպես ստացվի, որ միայն ֆիլմում նկարահանվեմ, անպայման կկարոտեմ բեմը»,- անկեղծացավ նա, հավելելով, որ վաստակած գումարով կարողանում է նույնիսկ վճարել իր ուսման վարձը:

Արմենուհի Սուքիասյան. «Կլորիկ գումար եմ աշխատում»

\"\"Արմենուհին արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից, սակայն դեռ սովորում է երկրորդ կուրսում: Հենց առաջին կուրսից աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավարուհի, վարել «Թաքնված տեսախցիկ» հաղորդումը: Այժմ նկարահանվում է «YERE 1» հումորային նախագծում՝ ներկայացնելով պարոն Վիպոյանի քարտուղարուհուն՝ Սյուզիին, զուգահեռ խաղում է նաեւ «Դիմակահանդես» հեռուստասերիալում: «Համատեղելը իրոք շատ դժվար է, եթե աշխատանքին գումարվում է նաեւ ընտանեկան կյանքը, հոգսերը: Աշխատելու համար գրեթե ամեն օր խնդրում եմ դասախոսներին, որ ավելի շուտ գնամ: Փորձում եմ հասցնել, քանի որ կարծում եմ, որ չափահաս մարդը այլեւս չպետք է գումար խնդրի ծնողներից»,- նշում է Արմենուհին: Նրա փոխանցմամբ, տարբեր նախագծերի մասնակցելու առաջարկներ ունի: Նշենք նաեւ, որ Արմենուհին այժմ TV5 հեռուստաալիքով վարում է «Աստղային կանայք» հաղորդումը, իսկ գումարային հարցերի հետ կապված էլ ասաց. «Կարող եմ ասել, որ բավականին կլորիկ գումար եմ աշխատում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել