Լրահոս
Օրվա լրահոսը

Սերմանել ոգի եւ արժանապատվություն

Մարտ 13,2010 00:00

Արձագանքում է տատիկը

Սիրով եմ արձագանքում «Առավոտ» օրաթերթում «Հայկական մազոխի՞զմ, թե՞ սադիզմ» հոդվածին: Կրթական այս քննարկումներին էլ վերաբերվում եմ «Ջուրը մինչեւ չպղտորի, չի զուլալի» ասույթով: Զուր չէ ասված՝ «Ազգի փրկությունը մեր հայ մայրերի ձեռքում է»:
Թոռնիկս սովորում է Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Անչափ հպարտանում եմ նրա բարեկիրթ ու դաստիարակված որակով: Ինչ ուզում եք ասեք, դասական ու ավանդույթներով հարուստ դպրոցն ուրիշ է, շնորհակալություն նաեւ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին՝ կրթօջախի ավանդույթներն այդպես բարձր մակարդակի պահելու համար, անվանումն ու արձանը մերօրյա վանդալներից փրկել-վերականգնելու համար:
Ահա թոռնիկս, երեկ երեկոյան, հերթական անգամ մտնելով իմ հարկաբաժին, դիմեց ինձ՝ տատի՛կ, կներես, հո չխանգարեցի՞, կարո՞ղ ենք մի քիչ զրուցել (այստեղ էլ շնորհակալություն հարսիս՝ նման հարգալից վերաբերմունքով մեծերի նկատմամբ դաստիարակելու համար), հալումաշ լինելով՝ համակ ուշադրություն դարձա: Զրույցի թեման հայ գրականությունից հերթական դասն էր՝ Միսաք Մեծարենց: Ասեմ, որ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության իմ տեսակն ունեմ, որն ուսանել եմ Մեծն Սահյանից՝ «Մեջքով հենվել հնությանը, դեմքով ընդունել նորությունը»: Մեծագույն հարգանք ունենալով հանդերձ վաղամեռիկ բանաստեղծի հիշատակին՝ այստեղ, թոռնիկիս պարագայում սահմռկեցի ու չգիտեի՝ ինչպես բացատրել նրան «հաշիշով օծուն ու բալասանով, լուսեղեն ճամփան ես կանցնեմ գինով»-ն ու… որ հեղինակի հոգու լույսը քիչ քիչ կմաշի, քանի որ շրթունքն է ծարավ միակ համբույրին, էլ չեմ ասում «հեշտանքին»: Ասեմ, մեր նախապապի արխալուղը որքան էլ որ գուրգուրեմ, այն հանդուրժում եմ միայն ազգագրական թանգարանում, արվեստում էլ եմ այլեւս նրանից խուսափում, ուր մնաց՝ մատաղ սերնդիդ հոգում:
Շփոթմունքիցս չգիտեի ինչ պատասխանել կրկնակի շփոթված թոռնիկիս: Նման դեպքերում հաճախ եմ նրան առաջարկում փոխարինող տարբերակն ընտրել, օրինակ, տվյալ հերթական բանաստեղծի մեկ ուրիշ, ավելի բարձրարժեք ու տարիքային առումով համապատասխան մի ստեղծագործություն: Դա էլ կախված է ուսուցչուհու մոտեցումից, թե ինչպես կընդունի մեր ինքնագործունեությունը: Իսկ երեկվա Մեծարենցի «Սիրերգը», որն առնվազն բանասիրականի առաջին կուրսեցու թեմա էր, ուղղակի զայրույթիս բաժակը լցրեց: Որքան էլ որդիս հումորով ու ժպիտով արձագանքեց, թե՝ արդեն տարիքն է, թող արդեն սովորի… ինձ այլեւս մնում էր առաջարկել Վարուժանի «Հարճը» գտնենք՝ վարձենք… անցումային տարիքի դեռահասի հետ գործ ունենք:
Իսկ «Առավոտի» սույն հոդվածն ինձ ստիպեց արձագանքել, որ գոնե այսպես զայրույթներս պարպենք այս վայ-դասագրքերը կազմողների վրա. «Գրանտ էիք շահել, առնեիք ու երկրից թռնեիք, ինչպես ժամանակին ոմանք, թե չէ՝ ինչպես կարելի է մի ողջ սերունդ խեղանդամել, ավելին՝ մեր դասական գրականության նկատմամբ էլ նման վերաբերմունք սերմանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել