Լրահոս
Օրվա լրահոսը

Կամքի թույլ դրսեւորումները

Ապրիլ 02,2010 00:00

Մարդու կամային գործողության բարձրագույն աստիճանը վառ կերպով արտահայտվում է իրեն տիրապետելու կարողության մեջ:

Մարդկանց տարբեր խմբերի մոտ կամքը տարբեր կերպ է դրսեւորվում. ոմանք ունեն ուժեղ արտահայտված կամքի ուժ՝ մի բան անելու կամ չանելու, ոմանք՝ ոչ:

«Մի շարք դեպքերում որեւէ որոշման ընդունում՝ կապված է ներքին ուժեղ լարվածության հետ, որը գրեթե ընդունում է սթրեսային բնույթ: Ներքին խոչընդոտները հաղթահարելու անհրաժեշտությունը (պայքարն իր որոշ ցանկությունների, արմատացած վատ սովորությունների, առօրյա երեւույթների նկատմամբ սովորական, բայց բարոյական սկզբունքներով չարդարացված մոտեցման դեմ եւ այլն) կապված է կամային ճիգի առկայության հետ, որի ապրումը կամային գործողության բնորոշ հատկանիշն է»,- ասում է հոգեբան Մարինե Կարապետյանը:

Կամքի թույլ դրսեւորումն ավելի հաճախ առկա է արական սեռի ներկայացուցիչների մոտ: Հենց դրա պատճառով նրանցից շատերը չեն կարողանում հրաժարվել վատ սովորություններից, օրինակ՝ ծխելուց կամ խմելուց:

Կամային գործողությունը կարգավորում է մարդու վարքը՝ համապատասխան այն կարեւոր նպատակների, որոնք նա, որպես գիտակից անձ, դնում է իր առաջ: Մարդն արգելակում է այնպիսի մղումների առաջացումը եւ այնպիսի գործողությունների իրագործումը, որոնք չեն համապատասխանում նրա իդեալներին, համոզմունքներին, գնահատումներին եւ ինքնագնահատմանը: Կամքը երեւան է բերում իր կարեւոր գործառույթներից մեկը՝ վարքն արգելակելու, վերահսկելու եւ կարգավորելու գործառույթը:

Հոգեբան Մ. Կարապետյանը կամքի թույլ դրսեւորում ունեցող մարդկանց շրջանակում նշեց նաեւ կլեպտոմաններին.«Կլեպտոմանների մոտ բացակայում է կամքի ուժեղ դրսեւորումը: Սակայն նրանք այդ մտածված գողությունն անում են ոչ կամածին գործողությամբ: Պարզաբանեմ, որ ոչ կամածին գործողությունները կատարվում են չգիտակցված կամ անբավարար հստակությամբ գիտակցված դրդիչների առաջացման հետեւանքով: Նրանք ունեն իմպուլսիվ բնույթ, զուրկ են հստակ պլանից: Ոչ կամածին գործողությունների օրինակ կարող են ծառայել շփոթվածության, սարսափի, զարմանքի, աֆեկտի վիճակում մարդու թույլ տված արարքները:

Մարդու կամային գործողության բարձրագույն աստիճանը վառ կերպով արտահայտվում է իրեն տիրապետելու կարողության մեջ (զսպվածություն, ինքնատիրապետում). «Սրա էությունն այն է, որ մարդ կարողանում է ստիպել իրեն կատարել ընդունված, հիմնավորված որոշումը եւ հաղթահարում է իր մեջ տիրապետող այնպիսի խանգարիչ մղումներ, ինչպիսիք են ալարկոտությունը, մտավախությունը: Այլ կերպ ասած՝ այդ կարողությունը դրսեւորվում է անցանկալի եւ դրա հետ մեկտեղ՝ բավականին ուժեղ մղումներն իրեն ենթարկելու, զսպելու ունակության մեջ: Կամքն արտահայտվում է տվյալ մարդու կողմից չքաջալերվող այնպիսի զգացմունքների դրսեւորումները կանխելու մեջ, ինչպիսիք են՝ գրգռվածությունը, սարսափը, զայրույթը, հուսահատությունը»:

Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ կամային գործունեությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձեւով է ընթանում: Մեկը ցուցաբերում է հաստատակամություն, մյուսը՝ ոչ, մեկը խիստ ինքնուրույն է որոշում կայացնելիս, մյուսը՝ ընդհակառակը, ներշնչվող է, մեկը զարմացնում է իր վճռականությամբ, մյուսն աչքի է ընկնում իր անվճռականությամբ եւ այլն: Եվ հենց սրանով է, որ յուրաքանչյուր մարդ առանձնանում է մյուսից՝ իր անհատականության տարբեր դրսեւորումները ցույց տալով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել